Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.94 |
EUR | ⚊ | € 443.95 |
RUB | ⚊ | ₽ 4.7658 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին պատկանող «Ապագա ռեզորթ» հանգստի գոտին, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան բնակավայրում, տասնյակ տարիներ ընդունել է հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Այս հանգստյան գոտում, 2010 թվականից սկսած, Հայաստանի բոլոր վարչապետերը խորհրդակցություններ, արտագնա նիստեր են անցկացրել կամ պարզապես հանգստացել։ Այժմ ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին։
2022 թվականի մարտին Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ԱՆԻՖ-ի) դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը, 796 մլն 250 հազար դրամի ներդրում է կատարել «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ում և ձեռք է բերել ընկերության բաժնեմասերի 25%-ը։
«Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 56,7%-ը պատկանում է Չիբուխչյանների ընտանիքին՝ Արտակ, Իրինա և Տիգրան Չիբուխչյաններին, որոնք նաև ընկերության հիմնադիրներն են։ ՓԲԸ-ի 14,72%-ը պատկանում է Ամուր Ավակյանին, 3,57%-ը՝ Արսեն Գաբրիելյանին։ «Ապագա տուր» և «Յելլ էքստրիմ պարկ» ՍՊԸ-ները պատկանում են «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ին։
«Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը «Ապագա փրոջեքթսում» ներդրում է արել 2022-ի մարտին։ Ներդրման նպատակը Ենոքավան համայնքում «Յելլ էքստրիմ պարկի» նոր՝ մինչև 2,5 կմ երկարությամբ զիփլայն և մինչև 500 մետր երկարությամբ ռոլլերլայնի կառուցումն էր։ Ներդրման արդյունքում պետք է նաև մշակվեր «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի նոր մասնաշենքի նախագիծը։
Ներդրումն իրականացնելուց կարճ ժամանակ անց «Ապագա փրոջեքթսի» սեփականատերերի և «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի հարաբերությունները սրվել են։ Ըստ ընկերության ղեկավարների՝ պատճառը հիմնադրամի ներկայացրած վերջնագրերն են եղել:
Ի վերջո «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի հակասությունները խորացել են, ինչից ընկերությունը մեծ վնասներ է կրել։ «Ապագա փրոջեքթսի» դուստր ընկերություններից մեկը՝ «Ապագա տուրը», որը ստեղծվել էր 2005 թվականին Ենոքավանի զարգացման, աշխատատեղեր ապահովելու նպատակով, գնացել է կամավոր սնանկության։
««Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2022-ի նոյեմբերից սկսեց պարալիզացնել ընկերության աշխատանքը։ Ֆոնդի ներկայացուցիչը չէր մասնակցում բաժնետերերի ժողովներին։ Ընկերության առաջ նաև պահանջ էին դրել մեկ միլիոն դրամը գերազանցող ցանկացած գնում իրականացնել միայն բաժնետերերի ժողովի համաձայնությամբ»,- ասում է Տիգրան Չիբուխչյանը։
Չիբուխչյանը նաև մատնանշում է ֆոնդի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի պակասը և բիզնես գիտելիքների բացակայությունը։ Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ում և «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամում աշխատել են հիմնականում իրավաբանական կրթությամբ մարդիկ, որոնք գաղափար չեն ունեցել բիզնեսի կառավարման մասին։
Ստացվում է, որ «Ապագա փրոջեքթս» ՓԲԸ-ի և «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» հիմնադրամի համագործակցության արդյունքում ոչ թե լուծվել են ընկերությունում առկա ճգնաժամերը, այլ խորացել են։ Մինչդեռ այս հիմնադրամի հիմնական նպատակը հենց ճգնաժամերի հաղթահարումն էր։ Ավելին, ներկայում «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, ինչպես նաև ԱՆԻՖ-ը, լուծարման փուլում են։
Աղբյուրը՝ Hetq.am