Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Հրապարակ»-ը գրում է․ Եվրախորհրդարանի լիագումար նիստում երեկ ընդունվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձեւը՝ 523 կողմ, 3 դեմ եւ 84 ձեռնպահ ձայներով։ Բանաձեւը, որը նախորդ օրը քննարկվել էր, հաջորդ օրը` քվեարկվել, կոչվում է «Համատեղ միջնորդություն՝ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման եւ կեղծ դատավարությունների վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին»:
Փաստաթղթում նշված է. «Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները: Այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում։ Նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների եւ առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները»։ Բանաձեւը պահանջում է, որ Եվրամիությունը կոնկրետ պայմաններ դնի Ադրբեջանի առաջ, այդ թվում՝ պահանջի, որ Բաքուն գնա Հայաստանի հետ խաղաղության, ինչպես նաեւ երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ Արցախ նրանց վերադարձի իրավունքը։ Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին՝ ներկա լինել եւ հետեւել հայերի դատավարություններին։
Նախորդ օրը խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւի քննարկման ընթացքում էլ կոշտ ելույթներ էին հնչել, եւ կարմիր թելի պես ձգվել էր միտքը, որ Բաքվի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել: «Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ եւ գործել՝ ըստ մեր արժեքների եւ սկզբունքների»,- իր ելույթում ասել էր Եվրախորհրդարանի պատվիրակ Միրիամ Լեքսմանը։ Հայաստանի հարցերով համազեկուցող եւ բանաձեւի համահեղինակ Վասիլե Դինկուն էլ հավելել էր. «Մենք պետք է խիստ պատժամիջոցներ կիրառենք այս պաշտոնյաների նկատմամբ եւ խրախուսենք ապագայում նման բռնությունների կանխարգելումը։ Ապագան հեռու է դրականից։ Տարածաշրջանում ռազմական իրավիճակը հաշվի առնելով՝ մենք պետք է գործենք հիմա եւ ընդունենք կոնկրետ միջոցներ՝ ապագա ողբերգություն թույլ չտալու համար»։ Բանաձեւի մյուս համահեղինակը` Հայաստանի հարցերով համազեկուցող Նատալի Լուազոն էլ նկատել է, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունները ոչնչով չեն զիջում ստալինյան դատավարություններին, եւ գերիների միակ «մեղքը» հայ լինելն է։
Բանաձեւը, սակայն, հիշեցնենք` միայն խորհրդատվական նշանակություն ունի եւ պարտադիր չէ կատարման համար։ Ուստի, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ խնդրի վերաբերյալ ԵՄ օրենսդիրը եւ արտաքին քաղաքականության ոլորտը համակարգող Եվրահանձնաժողովը տարբերվող տեսակետներ ունեն` դիցուք, էներգետիկայի հարցով հանձնակատար Դան Յորգենսենը, ի տարբերություն պատգամավորների կոշտ բառապաշարի, բանաձեւի քննարկման ժամանակ իր ելույթում խուսափել է անգամ ձերբակալվածներին ազատ արձակելու կոչերից։ «ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հետեւել իր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ արդար դատաքննությանը։ Մենք կօգտագործենք ամեն մի հնարավորություն՝ հորդորելու Ադրբեջանին՝ երաշխավորել անվտանգ ու արժանապատիվ պայմաններ ձերբակալվածների համար»։
Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանի կարծիքով՝ չնայած բանաձեւի խորհրդատվական բնույթին, այն իր ազդեցությունն ունենալու է․ «Նախկինում եւս նման բանաձեւեր ընդունվել են, թեպետ եվրոպական ընթացակարգերով դրանք իմպերատիվ բնույթ չունեն գործադիր իշխանության համար, բայց սրանք Եվրոպական խորհրդարանի քաղաքական կամքի բյուրեղացումն են։ Եվրոպական գործադիր իշխանությունը կարող է որոշակիորեն հաշվի առնել-չառնել նման բանաձեւերը, բայց մշտապես չի կարող դրանց վրա աչք փակել, գալու է ինչ-որ ժամանակ, որ դրանք իրենց ազդեցությունն ունենալու են․ հաշվետվողականության հարց կա օրենսդիր իշխանությանը եւ այլն, եւ նման բանաձեւերի հաճախակի ընդունումը, այսպես թե այնպես, նպաստում է եվրոպական գործադիր իշխանության վարքի փոփոխությանը։ Մենք դեռ չենք տեսել վարքի այնպիսի շրջադարձ, որպիսին ակնկալում ենք գործադիր իշխանության կողմից, բայցեւ ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում Եվրախորհրդարանի ճնշմամբ գործադիր իշխանությունը գոնե դիրքորոշումների մակարդակում էական փոփոխություն է մտցրել։ Իհարկե, մեր՝ Հայ դատի ակնկալիքներն այլ են, մասնավորապես, պատժամիջոցների կիրառման հարցով, բավական ժամանակ է, որ Եվրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ մարդու իրավունքների խախտումների համար»։
Գեւորգ Ղուկասյանի կարծիքով, նման բանաձեւերի ընդունումը կարեւոր է նաեւ Արցախի հարցն օրակարգում պահելու տեսանկյունից․ «Ե՛վ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի, ցավոք սրտի՝ նաեւ Հայաստանի իշխանություններն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը վերջացած է, բայց նման բանաձեւերը գալիս են փաստելու, որ ղարաբաղյան խնդիրը փակված չէ, եւ այն ձեւակերպումները, որ կան բանաձեւում՝ արցախցիների վերադարձի իրավունքի իրացման նախապայման սահմանել Ադրբեջանի եւ ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային հետագա զարգացման տեսանկյունից, չափազանց կարեւոր են»։
Գեւորգ Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանից հնչող արձագանքները եւս հուշում են, որ ցանկալի չէ նման բանաձեւերի ընդունումը։ Բանաձեւի մշակման նախաձեռնությունը, ի դեպ, Հայ դատինն է․ «Իշխանությունները չունեն դերակատարում այս բանաձեւի ընդունման գործընթացում՝ սկզբնավորման, նախաձեռնման գործում, աշխատանքները հիմնականում իրականացվել են Հայ դատի եվրոպական գրասենյակի միջոցով եւ ջանքերով»։