կարևոր
469 դիտում, 6 ժամ առաջ - 2025-01-24 17:43
Աշխարհ

Թրամփի խորհրդականները պատրաստում են Իրանի վերաբերյալ որոշումներ

Թրամփի խորհրդականները պատրաստում են Իրանի վերաբերյալ որոշումներ
Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է՝ փետրվարին նախագահի վարչակազմն «առանցքային որոշումներ» կընդունի Իրանի վերաբերյալ: Նրա խոսքով՝ «այժմ Իրանը ստիպված է եղել նահանջել տարածաշրջանում Իսրայելի գործողությունների պատճառով, նրա հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացվել է, իսկ Թեհրանի կողմից աջակցվող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը գտնվում է լիակատար մեկուսացման մեջ»: Խորհրդականը կարծում է՝ շարժումն ակնկալում էր լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման աջակցությունը, բայց սխալ հաշվարկվեց, ուստի համաձայնեց զինադադար հաստատել Գազայում: Այս կապակցությամբ Ուոլցը կարծում է՝ «այժմ այս առանցքային որոշումների կայացման պահն է», եւ դրանք կկայացվեն հաջորդ ամսվա ընթացքում: Արդյո՞ք սա նշանակում է, որ Թրամփը մտադիր է Իրանի նկատմամբ ուժային սցենար օգտագործել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը։

«Միանգամից նշենք՝ Ուոլցը խեղաթյուրում է փաստերը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ հրադադարի եւ պատանդների փոխանակման մասին համաձայնագրի ստորագրումից առաջ հույս է դրել «Հըզբոլլահի» եւ նրա հետեւում կանգնած Իրանի աջակցության վրա», - նշել է Տարասովը:

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մոհամեդ Նազզալը խոսում է համաձայնության հասնելու հարցում Թուրքիայի լուրջ ազդեցության մասին: Նրա խոսքով՝ «թուրքերը, այլ ոչ թե Իրանը, բանակցությունների մշտական եւ վճռական հետեւորդներ էին, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք բանակցությունների սեղանի շուրջ չէին», - նշեւմ է փորձագետը:

«Երկրորդ՝ Ուոլցի հայտարարությունը, որը փաստացի կրկնօրինակում է այն, ինչի կոչ էր անում դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Բայդենի անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը՝ «Սիրիայից հետո հարված հասցնել Իրանի ռազմական օբյեկտներին», ներկայիս պայմաններում սադրիչ, զոնդավորող բնույթ է կրում։ Ըստ երեւույթին, Վաշինգտոնը փորձում է հստակեցնել իրավիճակը երկու ուղղություններով։ Առաջինը՝ Ռուսաստանի արձագանքը Իրանի անվտանգության հարցերին ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո։ Նույնիսկ, չնայած այն հանգամանքին, որ հրապարակավ հայտարարվեց, որ այս պայմանագիրը տարբերվում է Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ անվտանգության մասին համաձայնագրից, եւ որ Իրանի հետ համաձայնագիրը չի պարտավորեցնում երկու երկրներից մեկին պաշտպանել մյուսին հարձակման դեպքում, այլ սահմանափակվում է միայն ռազմական օգնություն կամ որեւէ այլ աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելով հարձակվողին», - նշում է Տարասովը:

Երկրորդ ուղղությունը. Ամերիկյան Wall Street Journal պարբերականի փորձագետ Լոուրենս Նորմանը կարծում է՝ Իրանը մտադիր է շարունակել միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը եվրոպական երկրների հետ՝ «պահպանելով Արեւմուտքի հետ հարաբերությունների հորիզոնը»: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ համաձայնագիրն օգտագործել որպես ճնշման գործիք, Նորմանը պնդում է, որ «անցած ժամանակահատվածում Իրանի նկատմամբ եվրոպական տոնայնությունը փոխվել է եւ ավելի սուր է դարձել, իսկ եվրոպական անվտանգության ծառայությունները լուրջ տարաձայնություններ են սկսել Իրանի հետ, դա Թեհրանին ավելի է մղում դեպի Ռուսաստան»,- շարունակել է Տարասովը:

Իր հերթին մերձավորարեւելյան փորձագետ Մոհամմադ Բայաթը ենթադրում է՝ Իրանը «չի բացառում եվրոպական երկրների հետ համապարփակ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը» եւ մտադիր է «Թրամփին մղել բանակցությունների»:

«Բայց ընդհանուր առմամբ, բոլորը դեռ սպասում են Թրամփի արձագանքին Ռուսաստանի եւ Իրանի միջեւ պայմանագրի կնքման վերաբերյալ, քանի որ իրանական «խաղը» շոշափում է ոչ միայն Արեւմուտքի եւ Ռուսաստանի, այլեւ տարածաշրջանային հիմնական խաղացողների շահերը», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի