Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
2025 թվականի հունվարի 1-ից Երևանում նախատեսվում է ներդնել նոր տոմսային համակարգ, որը կփոխի նաև հանրային տրանսպորտի սակագները։ Նոր համակարգը ենթադրում է շաբաթական, ամսական, եռամսյակային և տարեկան անսահմանափակ երթևեկության տոմսերի ներդրում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով։ Այս փոփոխությունն առաջացրել է քաղաքական և հանրային լայն քննարկումներ։
Այս թեմայով Factor TV-ի ուղիղ եթերում տեղի ունեցավ բանավեճ Երևանի ներկայիս քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանի և Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանի միջև։ Բանավեճի առանցքում հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման անհրաժեշտությունն էր և դրա արդյունավետ կառավարման հնարավորությունը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է պնդել, որ նոր տրանսպորտային համակարգի ներդրման և սակագնի բարձրացման առանցքում քաղաքացիների շահերն են։ Սակայն նախկն քաղաքապետ Հայկ Մարությանը՝ թվերի և փաստերի համադրությամբ, բացահայտեց գործող իշխանության կեղծավորության մի քանի կարևոր հանգամանք։
Հայկ Մարությանն իր խոսքում պնդեց, որ հնարավոր է 100 դրամով ապահովել որակյալ տրանսպորտային համակարգ։ Նա մեղադրեց գործող քաղաքային իշխանություններին ոչ պատշաճ կառավարման մեջ՝ նշելով, որ նման բարեփոխումները տեղի են ունենում առանց պատշաճ հաշվարկների։ Մարությանը նշեց նաև «կարմիր գծերի» բարեփոխման ձախողման մասին, որը, նրա համոզմամբ, ոչ միայն չթեթևացրեց խցանումները, այլև վատթարացրեց իրավիճակը՝ հանգեցնելով բակերի գերբեռնվածության։
Մարությանը բանավեճի ընթացքում ներկայացրեց տեսանյութեր, որտեղ ընդգծում էր, որ ինքը երբեք չի ասել տրանսպորտի սակագինը 300 դրամ դարձնելու մասին, և որ ՔՊ-ն իր խոսքերը մոնտաժված տարբերակով է ներկայացրել։
Ավինյանը հայտարարում է, որ սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված են զեղչեր՝ թոշակառուների, ուսանողների, և երեխաների համար։ Սակայն Մարությանի հստակ մատնանշմամբ՝ այս զեղչերն ընդհանրապես չեն ազդում այն մարդկանց վրա, ովքեր ստիպված են տոմսեր գնել ըստ յուրաքանչյուր երթևեկության։ Եթե քաղաքացին շաբաթական կամ ամսական սահմանափակ քանակությամբ է օգտվում տրանսպորտից, ստիպված է լինելու վճարել 300 դրամ՝ առանց զեղչի։ Այսպիսով, նախապես լայնորեն գովազդված «հասարակությանն աջակցող» զեղչերը զուտ ցուցադրական են, խաբուսիկ ու անարդյունավետ ։
Քաղաքացիների մեծամասնության համար օրական տրանսպորտի ծախսը մի քանի անգամ կթանկանա՝ հասնելով ամսական 8,800 դրամի։ Սա կրկնակի բեռ է ներկայիս 100 դրամ սակագնի համեմատ։ Իսկ Ավինյանի «միջինացված» 144 դրամի խոստումը, ըստ Մարությանի, պարզապես մոլորեցնող հաշվարկ է։
Ավինյանի պատասխանն այն մասին, թե նոր միասնական տոմսային համակարգով նախատեսվում է հավաքել 5 մլրդ դրամ, բացահայտեց ավելի խորը խնդրի արմատները։ Մարությանը մատնանշեց, որ արդեն իսկ գույքահարկի և շարժական գույքի հարկերի ավելացմամբ իշխանությունները կուտակում են միլիարդավոր դրամներ՝ քաղաքացիների գրպաններից։ Մասնավորապես, 2021-ին գույքահարկը կազմել է 6.4 մլրդ դրամ, մինչդեռ 2024-ին նախատեսված է 13 մլրդ դրամ։ Այս 7 մլրդ դրամ հավելյալ եկամուտը, ըստ Մարությանի, լիովին բավարար է տրանսպորտի բարեփոխումը սուբսիդավորելու համար՝ առանց սակագնի թանկացման։
Տիգրան Ավինյանի հայտարարությունները կրկին ապացուցում են գործող իշխանության կառավարման թերությունները։ Քաղաքային բյուջեի ավելացած միլիարդներն ուղղելու փոխարեն հանրային բարեկեցության ապահովմանը, իշխանությունները նախընտրում են լրացուցիչ բեռ դնել քաղաքացիների վրա։
Քաղաքային իշխանությունը ոչ միայն անկարող է իրական բարեփոխումներ իրականացնել, այլև կառավարվում է բացառապես եկամուտների ավելացման տրամաբանությամբ։ Այս ամենի արդյունքում տուժում է շարքային քաղաքացին, որի վճարած գումարները ուղղվում են բյուջե լցնելու, այլ ոչ թե նրա կյանքի որակը բարելավելու համար։
Այս կառավարումը բացահայտ ապացույցն է իշխանության անկարողության, անգործության և բնակչության շահերը ոտնահարելու անընդունելի քաղաքականության։
Ալիսա Աղասյան