Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
«Մալթայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարաների խորհրդի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարծես խաղաղություն էր մուրում»: Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյությում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Խաղաղության մասին է խոսվում, խաղաղության խաչմերուկից, բայց բոլորովին այլ կոնտեքստում՝ մուրալու, խնդրելու կոնտեքստում: Այնպես էր խոսում, ոնց որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է:
Այնտեղ մի բառ անգամ չկար Լեռնային Ղարաբաղի մասին, մի բառ չկար, որ Ադրբեջանը մեր աչքի առաջ ամեն օր, ամեն ժամ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները, քանդում է, զրոյի է հավասարեցնում Ստեփանակերտի թաղամասերն ամբողջությամբ, մի խոսք չկա, որ Ադրբեջանի բանակը մխրճվել է Հայաստանի տարածք և խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեկ խոսք չկա, որ պատերազմի գերիներն ապօրինաբար պահվում են Բաքվում, ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ապօրինաբար պատանդ է վերցված ու պահվում է Բաքվի բանտերում։
Այնտեղ կան նախարարներ, որոնք տեղյակ էլ չեն, չգիտեն, ու դու ասում ես, որ ամեն ինչ լավ է և խնդիր չկա: Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնի վրա, երբ Ադրբեջանի նախագահը հենց այդ օրերին անձամբ դիմում է ՅՈւՆԵՍԿՕ-ին, որ պատվիրակություն ուղարկի Հայաստան, Ադրբեջանի ինչ-որ պատմամշակութային արժեքների ոչնչացման հետ կապված խնդիր բարձրացնելու: Տեղի է ունենում հենց այն օրերին, երբ Ադրբեջանի նախագահն ուղերձով է հանդես գալիս «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների» ֆորումում:
Իսկ Հայաստանի ԱԳ նախարարը չի խոսում ԼՂ ժողովրդի մասին, որ ընդամենը մեկ տարի առաջ իրենց պատմական հողից էթնիկ զտման արդյունքում, ցեղասպանության սպառնալիքով դուրս են շպրտվել, չի խոսում, որ Ադրբեջանը մերժում է նրանց հետ բանակցությունների մեջ մտնել՝ նրանց վերադարձն ապահովելու համար, հակառակ միջազգային դատարանների որոշումներին:
Այդ բոլորը Հայաստանի արտաքին գործերի նախարարի համար գոյություն չունեն, չկա այդպիսի հարց, ամեն ինչ նորմալ է։ Ավելի հարմար տեղ այս հարցերը բարձրացնելու, հիշեցնելու չէր կարող լինել։
Ավելի հարմար տեղ կա՞ խոսելու Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, ԼՂ ժողովրդի՝ իրենց տները վերադառնալու ու խաղաղ ապրելու ցանկության մասին։ Չկա։ Բայց քար լռություն Հայաստանի կողմից։ Էլի խոսենք խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից, բայց դնենք մեր խնդիրները։ Ինչի՞ց եք վախենում։
Եթե ձեր աթոռների համար վաճառել եք ձեր արժանապատվությունը, լավ իմացեք՝ հայ ժողովուրդը չի վաճառել իր արժանապատվությունը, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ»,- ասաց Վարդան Օսկանյանը։