կարևոր
868 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-13 16:43
Հասարակություն

Լավ, սուտ, այդքան սու՞տ․ Արմենուհի Կյուրեղյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ-ում

«Սիրելի հայրենակիցնե՛ր,

Քննարկվում է 2025թ. պետական բյուջեի նախագիծը: Ասել է թե 2025թ-ին կառավարությունը ինչ ծրագրեր է իրականացնելու, որպեսզի կատարի հանրությանը իր կողմից հայտարարված և ԱԺ կողմից հաստատված 5-ամյա ծրագրային խոստումները:

Դրանց կատարման համար ինչ ֆինանսական միջոցներ են ծախսվելու և պետք է ԱԺ-ին ապացուցի դրանց ծախսարդյունավետությունը:

Օրվա իշխանությունները իրենց գործունեությունը ազգային և միջազգային տարբեր հարթակներում ներկայացնելիս միշտ ընդգծում են, որ մեր երկիրը դարձրել են ժողովրդավարության բաստիոն, որ մեր երկրում արմատախիլ է արվել կոռուպցիան:

Սկսեմ ժողովրդավարության բաստիոնից:

Քաղաքացիները գնում են ընտրության, ընտրում են իրենց նախընտրած քաղաքական ուժին, ընտրությունների վրա ծախսվում են բյուջեի միջոցներ այդ նույն քաղաքացիների հարկերից, իսկ իշխանությունը, ում չի գոհացնում այդ ընտրությունների արդյունքները, պարզապես անում է ամեն ինչ՝ նաև օգտագործելով մարուքյան տեսակներին, որպեսզի անտեսի այդ ընտրության արդյունքները, ինպես Վանաձորում, Ալավերդիում, Բերդում և այլուր, այժմ արդեն նաև Գյումրիում՝ ինչպես գրական բառերով կասեր Ռուբեն Ռուբինյանը, թքած ունենալով քաղաքացիների ընտրության արդյունքների վրա: Իրենց սրտի ուզած ժպ-ն է նշանակում, իրենց սրտի ուզած քաղաքապետի է առաջ քաշում, կամ էլ տանում է արտահերթ ընտրությունների՝ բյուջեի նոր ծախսերի հաշվին: ԴԵ բա ժողովրդավարության բաստիոնը, տեղական ժողովրդավարության կառուցումը էլ ոնց է լինում, եթե ոչ  «թքած ունենալու» նուրբ արվեստով:

Երևի թքելն էլ բարեկիրթ երևալու նուրբ արվեստ է, պարզապես հանրությունը դեռ լավ չի ընկալել:

Ըստ էության, դուք քաղաքացու, քաղաքացիների ընտրության արդյունքների վրա չեք թքել, այլ ձեր հայտարարած ժողովրդավարական սկզբունքի վրա:

Այժմ կոնկրետ առողջապահության բյուջեի մասին ավելի մանրամասն: Նախ ,  ռողջապահության բյուջեն իրականում ոչ թե աճել, այլ նվազել է անցյալ տարվա համեմատ, թեև ֆինանսների նախագահը փորձում էր հակառակում համոզել:

Այժմ մեջբերում – «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելության և մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրման համակարգ, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցում»

«2024թ կունենանք համապատասխան փաթեթով ապահովված քաղաքացիների խումբ, 2025թ-ից պետության կոմից կներառվեն թոշակառուները, որպես մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ, և նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություներից: Սա ձեր կառավարության խոստումներից է քաղաքացիներին, ովքեր հավատացին ձեզ և քվե տվեցին, այդ թվում, և հատկապես, թոշակառուները: Իսկ ինչ ունենք հիմա: 2025թ. բյուջեում ընդհանրապես հանվել է այդ ծրագիրը և ասում են, դե մինչև 5-ամյակի ավարտը դեռ 2026թ-ի 5-6 ամիս էլ կա, Կանե՛նք, էլի:

Այսինքն 4,5 տարում միայն հասկացաք, որ այդ համակարգի ներդրումը հնարավոր է , լավագույն դեպքում, 2026թ-ի սկզբին և այն էլ կես տարում: 4,5 տարում չկարողացաք, կես տարում ամեն ինչ հաջողելու եք:

Լուրջ ե՞ք ասում:

Դա ապացուցում է միայն մի բան, որի մասին ես անընդհատ բարձրաձայնել եմ:

Ձեզ համար կարևորը հանրությանը ձեր կողքին պահելն է, թեկուզ և հատկապես խաբելով, հազար ու մի խոստում տալով: Կխոստանաք, հետո, երբ ժամկետները լրանան, այդ հարցերը շրջանցելու նուրբ արվեստին տիրապետելով, հանրության համար կստեղծեք ավելի լուրջ ու ցավոտ խնդիրներ, որ այդ խոստումների մասին հանրությունը չխոսի:

Քիչ առաջ նախարարը նշեց, թե բյուջեն ըստ էության նոր ծրագրեր է ներառում, նոր կառուցվածք ունի: Եթե հաշվի առնենք, որ բյուջեի ներկայացումից հանվել են միջոցառումների նկարագրությունները, և որը հակասում է ծրագրային բյուջետավորման տրամաբանությանը, ապա այո, նոր կառուցվածք ունի:

Լավ, սուտ, այքան սու՞տ:

Իսկ եթե իրականում փորձենք 2025թ-ի առողջապահության բյուջեն համեմատել 2024թ-ի բյուջեի հետ՝ կհամոզվենք, որ ըստ էության ոչ մի նոր ծրագիր, նոր միջոցառում: Նախորդ տարվա բյուջեն copy past-ով կրկնվում է, նույնիսկ հատկացվող գումարներն են կրկնվում հարյուրերորդականի ճշտությամբ:

Իսկ եթե չեն կրկնվում, ապա հիմնականում նվազել են:

Ավելի մանրամասն.

1. 1099 ծրագիր – առողջության առաջնային ապահովում Նույն նախատեսված գումարը, ծրագրի իրականացման նկարագիրը: Գոնե ասենք աշակերտների 391.671 թիվը փոխեիք, կամ առողջության առաջնային գծով գրանցված բնակիչների 3 119 563 թիվը, պահպանման կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցողների, կոնկրետ իրականացվող լաբորատոր հետազոտությունների թիվը:

Նաև հարց. Մեր նպատակը չի՞ արդյոք առողջության պահպանումը: Ասել է, թե ամեն ինչ անել, որ կանխարգելենք բարդ հիվանդությունները, իսկ դրա համար արդյո՞ք պետք չէ մեծացնել առողջության առաջնային պահպանության վրա ներդրվող ծախսերը:

2. 31003 – Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում, անհրաժեշտ սարքավորումներով վերազինում: Նախատեսված գումարը ավելացել է անցյալ տարվա հետ համեմատած: Ինքնին շատ լավ քայլ է:

Այս համատեքստում մի քանի հարց Մարտունու ԲԿ-ի վերաբերյալ

Մի կողմից նախարարությունը ասում է, որ անցյալ տարի Մարտունու ԲԿ-ում արդեն նույնատիպ ծրագրի շրջանակներում ավելացվել են մահճակալների թիվը և ստեղծել ռադիոլոգիական բաժանմունք, որի համար ծախսվել է  լրացուցիչ  224.309.515 գումար, մյուս կողմից՝ հարցմանը ի պատասխան, ո՞ր մասնաճյուղում է ստեղծվել ռադիոլոգիական բաժանմունքը, ինչո՞ւ մինչև COVID-19-ը և ռազմական դրությունը նախատեսված չի եղել ռադիոլոգիական բաժանմունք, և ի՞նչ հագեցվածություն ունի այն, ԱՆ-ն պատասխանում է՝ ռադիոլոգիական բաժանմունքն ի սկզբանե նախատեսված է եղել և գործում է Ա մասնաշենքում: Երկրորդ պատասխանը  հակասում է առաջինին: Այսինքն՝ մի կողմից փաստվում է, որ հավելյալ գումարը ծախսվել է լրացուցիչ (ռադիոլոգիական) բաժանմունք ստեղծելու համար, մյուս կողմից պնդվում է, որ այդ բաժանմունքը նախատեսված է եղել ի սկզբանե հաստատված ծրագրով, ինչի համար, բնականաբար, հատկացված է եղել գումար:

Հետևաբար, չի հիմնավորվում, թե ինչի վրա է ծախսվել պատկառելի գումարը՝ 224.309.515 դրամը

Հիմա հարց. Արդյոք սա կոռուպցիոն դրսևորում չէ, բյուջեի միջոցների անբացատրելի, կոռումպացված ծախսեր:

3. 1200- Մոր և մանկան առողջության պահպանում

Նախատեսված գումարը նույնությամբ կրկնվել է:

Նախատեսված է անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ: Շատ կարևոր ծրագիր: Ես գրավոր հարցում եմ կատարել նախարարությանը՝ պարզելու համար, թե ինչ հետազոտություններ են կատարվում անպտղության պատճառները վեր հանելու, դրանց սեռատարիքային և տարածքային բաշխվածությունը ճշտելու համար: Չէ որ անպտուղ զույգերին օգնելուց զատ պետք է աշխատել անպտղությունը հաղթահարելու ուղղությամբ, եթե իհարկե կարևորում ենք ժողովրդագրական հիմնախնդիրների լուծումը: Ես պատասխան եմ ստացել, որ այդ ուղղությամբ որևէ հետազոտություն չի արվում: Ստացվում է, անպտղության պատճառների վերհանման վերաբերյալ հետազոտություն չենք անում, բայց փոխարենը օրենքի մակարդակում 16 տարին լրացած երեխաներին տալիս ենք ինքնուրույն աբորտի իրավունք՝ դրանով մեծացնելով նաև անպտղության աճի ռիսկերը և բյուջեում խոսում ենք միայն հետևանքները հաղթահարելու մասին:

4. 11003 – թմրաբանական կախվածություն ունեցող պացիենտների բուժօգնության ծառայություններ: Նախատեսված միջոցները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել: Բայց ցավոք սրտի մենք ԱԺ-ում տարբեր քննարկումների ժամանակ արձանագրում ենք, որ ունենք նման կախվածության մակարդակի անցանկալի, անթույլատրելի աճ և քննարկում ենք դրա դեմ պայքարելու բոլոր հնարավոր միջոցները: Ինչպես է ստացվում, որ կախվածության նման աճի պարագայում բուժօգնության ծառայությունների համար  նախատեսված ֆինանսական միջոցները մնացել են նույնը, թե չենք կարևորում նման պացիենտների բուժումը:

5. 1207- Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բուժօգնություն: Նախատեսված գումարը նվազել է: Հարց է առաջանում սոցիալապես անապահովների թիվն է կրճատվել, նրանց խմբում բուժօգնության կարիք ունեցողների թիվն է կրճատվել, բուժծառայությունների գներն են իջել, թե էլ չենք կարևորում այս խմբին  աջակցությունը:

 

Եվ վերջում:

Մեր երկիրը խորհրդարանական երկիր է կառավարությունը իր գործունեությունը իրականացնելու համար ծրագիր, բյուջեի նախագիծ է մշակում և բերում ԱԺ՝ հաստատման, գալիս է ԱԺ հաշվետու լինելու համար և հետևաբար ԱԺ տարածքում անվտանգության որևէ աշխատակից իրավունք չունի խանգարելու ԱԺ պատգամավորի տեղաշարժը, պահանջելու նրանից կանգնել, տեղից չշարժվել, մեքենայով փակել նրա ճանապարհը, ինչ է թե քիչ անց վարչապետը իր զրահամեքենայով պետք է մտնի ԱԺ տարածք, ինչպես դա փորձում էին անել անվտանգության աշխատակիցները երեկ իմ նկատմամբ:

Ես նման վերաբերմունք իմ նկատմամբ երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տալու, և ընդհանրապես որևէ պատգամավորի նկատմամբ նման վերաբերմունքը անթույլատրելի է՝ ընդդիմադիր թե իշխանական:

Բավական է ձեր վախի դրսևորումներն այդքան ցուցադրեք:

Երկու վախը մեկ մահ է»: