կարևոր
1174 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-09 13:50
Հասարակություն

Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը

Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը

Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:

Deadline-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ճնշման տակ է Հորդանանը հետ կանչել ֆիլմը։ Կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի կառավարությունը գրել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար:

Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին Deadline-ին ասել են. «Սա շատ կործանարար նորություն է մեր թիմի համար, որ արգելվել, հետևաբար լռեցրել են երեխային պատմելու իր  պատմությունը իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին: Որպես վավերագրական ֆիլմերի հեղինակներ, այս գրաքննությունը ստիպում է մեզ էլ ավելի ակտիվ կիսվել  «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությունով, որն արտացոլում է այսօր ամբողջ աշխարհում անթիվ երեխաների փորձությունները, ովքեր արժանի են երազել ազատորեն՝ առանց պատերազմի և հակամարտության սպառնալիքի»:

Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:

Այս ամենին անդրադարձել է նաև Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

«Երկրորդ հայկական ֆիլմն է, որ Ադրբեջանի պահանջով գրաքննվում է:

Առաջինը Տատյանա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» ֆիլմն էր, որը Մարոկկոյի փառատոներից մեկից հանեցին Ադրբեջանի պահանջով:

Դիվանագիտական հիմնադրամը նամակ էր գրել Մարոկկոյի դեսպանատուն՝ հարցնելով, թե ինչ-որ բան արել են, որ պաշտպանեն ֆիլմը: Ասել էին՝ ռեժիսորը մեզ չի դիմել:

Հիմա էլ Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիր» ֆիլմը Ադրբեջանը հասել ա նրան, որ հանեն Հորդանանի կողմից Օսկարին ներկայացնելուց»,- գրել է նա:

Վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ: