Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
2020 թ․ 44-օրյա պատերազմը լուրջ ցնցում էր ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ ողջ Հարավային Կովկասի համար։ Պատերազմից հետո տարածաշրջանում խախտվեց ուժերի հարաբերակցությունը, Արցախը հայաթափվեց և բռնազավթվեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Արցախի բռնազավթումից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ռազմական բարեփոխումները, զինված ուժերի արդիականացումը և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը:
Բռնազավթված տարածքներում ակտիվ ռազմական գործողությունների ավարտի առաջին իսկ օրվանից ոչ միայն ենթակառուցվածքային աշխատանքներ են սկսվել, այլև գյուղատնտեսական ու սոցիալ-տնտեսական ծրագրեր են գործարկվում։ Ադրբեջանը ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Թուրքիայի, Իսրայելի հետ, համագործակցում է եվրոպական երկրների և Ռուսաստանի հետ՝ փորձելով ընդլայնել դաշնակիցների ցանկն ու զգալի դերակատարություն ունենալ տարածաշրջանային գործընթացներում։
Վերոնշյալը արձագանքն է գտնում նաև ադրբեջանական հասարակության շրջանում, ինչն, ըստ էության, միանշանակ չէ։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում հասարակական տրամադրությունները հիմնականում բնութագրվում էին հաղթանակի զգացումով և ազգային հպարտությամբ: Ադրբեջանցիների զգալի մասը հաղթանակը դիտարկում էր որպես պատմական, քանի որ 1990-ականների արցախյան առաջին պատերազմից հետո «կարողացել էին առավելության հասնել» Հայաստանի և Արցախի նկատմամբ։
Այնուամենայնիվ, ակտիվ ռազմական գործողությունների ավարտից և հատկապես Արցախի բռնազավթումից հետո հասարակության շրջանում մտահոգություններ են առաջացել խաղաղության երկարաժամկետ հնարավորության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ոմանք ցանկանում են արագ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որից հետո կկարողանան զարգացնել տնտեսությունը և վերադառնալ բնականոն կյանքին, մինչդեռ մյուսներն ավելի կասկածանքով են վերաբերվում օկուպացված տարածքների երկարաժամկետ պահպանմանը և չեն բացառում, ինչպես հենց ինքը Ալիևն է ասում՝ հայկական «ռևանշ»-ի հնարավորությունը ։
Այս ամենին գումարվում է երկրի ներսում տիրող իրավիճակը՝ սոցիալ-տնտեսական խնդիրների ու համատարած ձերբակալությունների տեսքով։ 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը հասկացավ, որ Արցախի բռնազավթմամբ ոչ միայն չեն լուծվում իրենց սոցիալական խնդիրները, այլև իշխանությունները մեծ գումարներ են ծախսում Արցախի բռնազավթված և ամայի տարածքներում տարբեր ծրագրեր իրականացնելու համար, այն դեպքում, երբ խիտ բնակչություն ունեցող ադրբեջանական գյուղերում լուրջ ենթակառուցվածքային, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և գազամատակարարման խնդիրներ են առկա։
Ավելին, վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքական ենթատեքստով ձերբակալություններն ու, հատկապես, քաղաքական գործիչների, ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ հետապնդումները ամենաքննարկվող թեմաներն են դարձել։ Ձերբակալություններն առավելապես կապված են քաղաքական ակտիվության, մամուլի ազատության և հավաքների իրավունքների սահմանափակումների հետ: Սա հանգեցնում է հասարակական դժգոհությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատությունների աճին: Ձերբակալությունները հաճախ դիտարկվում են որպես ընդդիմության ձայնը լռեցնելու միջոց, ինչը ազդում է հասարակական տրամադրությունների և ներքաղաքական կայունության վրա։
Տարբեր հասարակական խմբեր և ակտիվիստներ դժգոհություն են հայտնում պետական կառավարման, կաշառակերության և սոցիալական ծառայությունների որակի վերաբերյալ, ինչը հասարակական դժգոհության լրացուցիչ պատճառ է հանդիսանում։ Այս ամենին գումարվում է Հայաստանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը։ Չնայած նրան, որ Ադրբեջանը միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից ճանաչվել է որպես ավտորիտար պետություն և հասարակական տրամադրությունները չեն կարող ազդեցություն ունենալ արտաքին քաղաքական օրակարգերի վրա, այնուամենայնիվ, Ադրբեջանում որոշակի քննարկումներ են ի հայտ եկել՝ պարզելու հասարակության վերաբերմունքն ու տրամադրվածությունը Խաղաղության պայմանագիր կոչվածի և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Այսպես, Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը (ԱՍՀԿ) 2023 թ․ մայիսի 14-17-ը 18 տարեկանից բարձր 384 անձանց շրջանում հարցում է անցկացրել՝ ուսումնասիրելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Հարցումն անցկացվել է 12 ադիմինստրատիվ շրջաններում՝ հեռախոսային հարցազրույցների տեսքով։ Համապատասխան շտեմարանից պատահականության սկզբունքով ընտրվել են նշված տնտեսական և վարչական շրջաններին (քաղաքներին) պատկանող ֆիքսված հեռախոսահամարները։ Ընտրանքի կառուցվածքը որոշվել է երկրում բնակչության բաշխվածությանը համապատասխան՝ պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Արդյունքների ճշգրտությանը մակարդակը կազմում է 95 %, հավանական սխալը՝ 5 % ։ Ըստ այդմ, պարզվել է, որ հարցմանը մասնակցածների 77,3 %-ը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին, 20,6 %-ը դեմ է, իսկ 2,1 %-ը դժվարացել է կարծիք հայտնել։ Արդյունքների համաձայն՝ հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 85,2 %-ը նշել է, որ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված գործընթացներին և նորություններին։ Հարցվածների միայն 14,8 %-ն է ասել, որ չի հետևում գործընթացներին ։ Հարցման արդյունքների գենդերային վերլուծությունը ցույց է տվել, որ մոտավորապես հավասար թվով տղամարդիկ և կանայք դրական դիրքորոշում ունեն այս հարցում: Հարցվածների կրթության առումով բարձրագույն կրթություն ունեցողների 82,7 %-ը և միջնակարգ կրթություն ունեցողների 72,2 %-ը կողմ են արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին ։ Նմանատիպ դիրքորոշում են հայտնել 18-24 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչների 76,9 %-ը և 65 տարեկանից բարձր մարդկանց 87,3 %-ը։
Հատկանշական է, որ դեռևս 2022 թ․ սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 71,2 %-ը («լիարժեք աջակցություն»՝ 50,2 %, «ավելի շուտ աջակցություն»՝ 21 %) այս կամ այն չափով իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին։ Հարցվածների միայն 2,6 %-ն է պատասխանել, որ ընդհանրապես չի աջակցում դրան, իսկ 23,6 %-ը պատասխանել է, որ ընդհանրապես չի աջակցում: Մասնակիցների 2,6 %-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։
Նույն տարվա դեկտեմբերին անցկացված հարցմանը մասնակցածների մեծամասնությունը (73,1 %-ը) ասել է, որ կողմ է խաղաղության պայմանագրին, 25,6 %-ը նշել է, որ չի աջակցում, իսկ 1,3 %-ը դժվարացել է կարծիք հայտնել այդ հարցի վերաբերյալ ։
Ավելի ուշ, արդեն ըստ 2024 թ․ հունիսին անցկացված հարցման արդյունքների՝ «Արդյո՞ք սատարում եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին, դրական են պատասխանել հարցվածների 83,8 %-ը, միևնույն ժամանակ հարցվածների 13,5 %-ը դեմ է եղել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 2,7 %-ը դժվարացել է պատասխանել ։
Ասվածի համատեքստում պետք է նշել, որ Ադրբեջանում սոցիալական հարցումները և հրապարակային ելույթները ադրբեջանցիների շրջանում ազգայնականության զգալի աճի ցուցիչներ են: Շատերը պնդում են, որ Հայաստանի հետ ցանկացած հարաբերություն պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչմամբ։ Օրինակ, քաղաքական ելույթները հաճախ վկայակոչում են արդարության և պատմական իրավունքների վերականգնման թեմաներ: Երիտասարդները, թեև կրթության և մասնագիտական կայացման ճանապարհին բախվում են ադրբեջանական իշխանությունների կողմից պատմական իրողությունների խեղաթյուրմանը, սակայն, միաժամանակ ենթարկվում են գլոբալ միջազգային գործընթացներին, ուստի շատերը հանդես են գալիս խաղաղության և երկխոսության օգտին՝ գիտակցելով համագործակցության անհրաժեշտությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը և մշակութային փոխանակումը:
Ըստ այդմ, ոչ երկրորդական նշանակություն ունեն նաև ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հաճախ Հայաստանը ներկայացնում են բացասական լույսի ներքո, հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը առավելապես միտված են ռազմական սպառնալիքների վրա կենտրոնացմանը կամ Հայաստանը ներկայացնելու որպես «խաղաղության» խոչընդոտ: Մշակութային իրադարձություններում, գրականության կամ կինոյի ասպարեզում իշխանական քարոզչամեքենան հաճախ խեղաթյուրում է պատմական ճշմարտությունը, և ֆիլմերն ու գրքերը, որոնք կենտրոնանում են կորստի և պայքարի թեմաների շուրջ, հակամարտությունը ներկայացնելով «ադրբեջանական» տեսանկյունից, հասարակության շրջանում մեծացնում են ատելությունն ու թշնամանքը հայ ժողովրդի նկատմամբ։
Ադրբեջանի ներսում թեև քննարկումներ են ծավալվում խաղաղության պայմանագիր կոչվածի հաստատման շուրջ, սակայն երկրում շատերը թերահավատորեն են վերաբերվում այդ բանակցություններին՝ վախենալով, որ դրանք կարող են խախտել իրենց ազգային շահերը, ուստի հասարակական տրամադրությունները հաճախ առավելապես աջակցում են Հայաստանի հետ հարաբերությունների ձևավորման հարցում կոշտ դիրքորոշմանը։
Ըստ էության, կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական հասարակության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ բարդ և բազմակողմանի է, որը ձևավորվում է պատմական դժգոհությունների, ազգային հպարտության և երիտասարդ սերնդի զարգացող հեռանկարների խառնուրդով: Մինչ ազգայնական տրամադրությունները գերակշռում են երկրում, կա նաև խաղաղության և համագործակցության շուրջ ձևավորվող խոսույթ, որը, սակայն չի կարող երաշխավորել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, քանի դեռ Ի․ Ալիևի թշնամական վարչակարգը հետևողականորեն առաջնորդվում է Հայաստանի ու հայ ժողովրդի ոչնչացման օրակարգով։
Լիանա Պետրոսյան