Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրում դարավոր անցյալ ունեցող 13 եկեղեցիներից 4-ը մնացել է առանց հոգևոր սպասավորի։ Քրիստոնյա համայնքի անդամները հատուկ օրերին և տոներին ուրիշ քաղաքներից և արտերկրից են քահանա բերում։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, Amidahaber.com կայքէջում գրում է հիշյալ լրատվամիջոցի թղթակից Զելալ Սինայիչը։
Աղբյուրի համաձայն՝ Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող 13 եկեղեցիներից միայն 4-ն են գործում։ Դրանք են ասորական Մարիամ Աստվածածին կաթոլիկ եկեղեցին, Հայ առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցին, քաղդեական Մար Փեյթուն եկեղեցին և Դիարբեքիրի բողոքական եկեղեցին։
2015-2016 թթ․Սուրում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով տուժել էին նաև Սուրբ Կիրակոսը և քաղդեական Մար Փեյթուն եկեղեցին, որի պատճառով էլ նրանք 6-7 տարի փակ էին։ Վերանորոգման աշխատանքներից հետո վերոհիշյալ եկեղեցիները վերստին բացվեցին հավատացյալների առաջ, սակայն այդ եկեղեցիներում քահանաների բացակայությունը խոչընդոտում է կրոնական արարողություններին։
Թեև Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկն է, սակայն այստեղ մշտական հոգևոր սպասավոր չկա․ հատուկ օրերին և տոներին այլ քաղաքներից բերված քահանաներն են պատարագ մատուցում։
Հրապարակման հեղինակ Զելալ Սինայիչը նաև հիշեցնում է, որ Դիարբեքիրում անցյալում մեծ հայկական համայնք է եղել, իսկ կրոնափոխության հետևանքով այսօր այդ 4 եկեղեցիների ծուխը պաշտոնապես բաղկացած է ընդամենը 100 հոգուց։
Եկեղեցիներում հոգևոր սպասավորների բացակայության հետևանքով հայ քրիստոնյա ընտանիքները փորձում են կրոնական արարողություններն իրենց տանն անցկացնել։ Ասորական Մարիամ Աստվածածին կաթոլիկ եկեղեցին նախկինում ուներ քահանա, սակայն վերջինս Մարդինում է նշանակում ստացել և հարկադրված է եղել լքել Դիարբեքիրը։
Թեև հրապարակման հեղինակը չի անդրադառնում Դիարբեքիրում ի հայտ եկած այս դրության պատճառներին, սակայն ակնհայտ է, որ Դիարբեքիրից քրիստոնյա հոգևոր սպասավորների հեռացումը թուրքական իշխանությունների քաղաքականության հետևանքն է։ Միանշանակ է, որ թուրք պետական գործիչները նկատել են, որ այլ նահանգների համեմատ ավելի ազատ դրսևորվող այս վայրում գործող եկեղեցիների շուրջ սկսել էին քրիստոնյա համայնքներ ձևավորվել, իսկ դա կարող էր հանգեցնել տեղի մյուս նախկին քրիստոնյաների, ինչու չէ նաև՝ իսլամացած հայերի ինքնության վերադարձին։ Ահա թե ինչու նրանք ձգտում են գոնե առանց հոգևոր սպասավորների թողնել տեղի եկեղեցիները՝ նկատոի ունենալով նաև այս նահանգում համեմատաբար ակտիվ քրդական գործոնը․․․
https://amidahaber.com/kultur-sanat/diyarbakirdaki-4-kilise-papazsiz-kaldi-203026h
Մելինե Անումյան
Akunq.net