կարևոր
4843 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-08-27 14:29
Հասարակություն

«Երկիր»-ը 33 տարեկան է

«Երկիր»-ը 33 տարեկան է

«Երկիր»-ը 33 տարեկան է Ուղիղ 33 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. օգոստոսի 27-ին, լույս տեսավ «Երկիր» օրաթերթի անդրանիկ համարը: Հոբելյանական օրվա առիթով Yerkir.am-ը ներկայացնում է օրաթերթի առաջին համարում տպագրված «Երկիր»-ի առաջին խմբագրականը, որը վերնագրված է «Այո՛ Անկախությանը»:

 Այո՛ Անկախությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Կենտրոնական Կոմիտեն իր «Երկիր» պաշտոնաթերթի հրատարակությունը սկսում է պատմական այս օրերին, երբ համայն հայ ժողովուրդը իր ողջ կարելիություններով, իր ուժերի ամբողջական լարումով, իր անկախ պետականությունը կերտելու մարտահրավերներին կուրծք է տալիս:

«Երկիր»-ի հրատարակությունը զուգադիպում է նաև Հայաստանի, ինչպես և խորհրդային բոլոր հանրապետությունների ինքնիշխանության ու անկախության համար ստեղծված բարենպաստ պահին: Արդարև, խորհրդային հետադիմական ուժերի կողմից ձեռնարկված ու ժողովրդավարական շարժման վճռականության շնորհիվ խափանված հեղաշրջումից հետո միջազգային այնպիսի մի մթնոլորտ է ստեղծվել, որ խրախուսում է խորհրդային հանրապետություններին՝ արագացնելու իրենց անկախության գործընթացը, ոմանց մղելով նույնիսկ անմիջապես անկախություն հայտարարելու:

Հայաստանի իշխանությունները վստահաբար հաղորդ են միջազգային այս նոր իրադրությանը և նրա ընձեռած բացառիկ հնարավորություններին՝ խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունների նոր, արմատականորեն վերափոխված մի համակարգ ստեղծելու կապակցությամբ, համակարգ, որը իսկապես պիտի երաշխավորի անկախ պետականությամբ օժտված հանրապետությունների փոխշահավետ գործակցությունը, այդ հանրապետությունների իրավական ու իրական հավասարությունը:

«Երկիր»-ը իր անդրանիկ թվով առիթն ու բախտն ունի ողջունելու բալթյան երեք հանրապետությունների անկախությունը, որի միջազգային ճանաչումը թվում է ապահովված: Խորհրդային մյուս հանրապետությունների կողքին, Հայաստանը ևս իր կարևոր դերը պետք է ստանձնի՝ պաշտպանելու բալթյան երեք հանրապետությունների ձեռքբերումները, որոնք ի վերջո օգտակար պիտի հանդիսանան հարթելու մեր հանրապետության անկախության ուղին:

Ահա այս բարեդեպ պահին է ճամփա ելնում «Երկիր»-ը, որն ազգային ազատագրական պայքարի հարյուրամյա փորձ ու վաստակ ունեցող, 70 տարիներ հայրենիքից աքսորված, բայց այլևս հայրենիք վերադարձած ու հայրենի հողի վրա՝ հանուն Հայաստանի անկախության արյուն ու քրտինք թափելու պատվին վերատիրացած Հայ Յեղափոխական Դաշնակցության ազգանվեր ծառայության մի նոր արտահայտությունը պիտի դառնա:

Այո, «Երկիր»-ը իբրև հանրապետության տարածքում լույս տեսնող ևս մի օրաթերթ, պիտի աշխատի ազգային ու միջազգային թարմ լրատվությամբ իր լուման բերել հայ մարդուն լավատեղյակ պահելու ազգային մամուլի առաքելության մեջ:

 «Երկիր»-ի ամենից պատվաբեր պարտականություններից պիտի լինի նաև ազգային կուսակցության հոգեհարազատ, իր էության անբաժան մասը կազմող անկախության գաղափարի քարոզումը, որպեսզի մեր ժողովրդի բոլոր խավերը անվերապահորեն «Այո» ասեն անկախությանը, ապա և ամբողջականորեն նվիրվելու անկախությունն իրական դարձնելու ու այն պաշտպանելու գործին: