կարևոր
3610 դիտում, 2 ամիս առաջ - 2024-05-14 16:34
Քաղաքական

ՔՊ-ն ընդդիմությունից գաղտնի է պահում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը

ՔՊ-ն ընդդիմությունից գաղտնի է պահում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումը

Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը, գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Երկու օր առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ պաշտոնական այցով Հայաստան ժամանող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը՝ այցի շրջանակներում հանդիպելու է նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։

Սա բնական է․ այսպիսին են ժողովրդավարության կանոնները հարգող ԵԱՀԿ արարողակարգն ու ավանդույթը։

Այսպես են արել Հայաստան այցելած ԵԱՀԿ բոլոր բարձր պաշտոնյանները՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդելֆելդը /2022/, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման/2023/, ԵԱՀԿ նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին/2023/:

Փորձում եմ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ քարտուղարությունից ճշտել հանդիպման վայրն ու ժամը/ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի մշտական երեք անդամներից մեկը ես եմ/։

Տարակուսելի պատասխան եմ ստանում՝ միայն Ալեն Սիմոնյանի հետ է հանդիպելու Իեն Բորջը։ Հետո տարածված հաղորդագրության և ռեպորտաժի մեջ երևում են պատվիրակության մյուս երկու՝ իշխանական ներկայացուցիչները՝ Ս․ Խանդանյանն ու Մ․ Կարապետյանը։

Քստմնելի ասելը մեղմ է, սա վարք է՝ ժողովրդավարության բաստիոնի վախեցած ու նողկալի վարքը, անվերջ ստելու ու քաղաքական գողությամբ զբաղվելու վարքը։

Ասենք թե չհանդիպեցի և չասեցի այն, ինչ պիտի ասեի, այն, ինչը երբեք չէր կարող հաճո լինել, ասենք թե Իոն Բորջին խաբեցիք կամ մոլորեցրիք, թե ներկա է ողջ պատվիրակությունը։ Բայց դրանից իրականությունր չի փոխվում։

Բայց ինձ միթե՞ կլռեցնեք․․․ հարթակները շատ են, առջևում ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովն է։

Եվ, եթե ձեզ թվում է, թե ԱԺ հաստ պատերի ու դարպասների ներքո կարելի է չտեսնել ձեր սուզվող նավը՝ սխալվում եք։ Ի դեպ ձեր հենց այս վարքն ու բարքերն են տեղ գտել միջազգային կառույցների զեկույցներում։

Այս ամենը ողորմելի է, փողոցում ոհմակով ման եկող ու խաղաղ ցուցարարներ որսացող ու լռեցնող կարմիրբերետավորներից ոչնչով չեք տարբերվում։

ՍՈւՏ, ՎԱԽ Ու ՓՈՔՐՈւԹՅՈւՆ․ ուրիշ ոչինչ։

Ի դեպ, մեզ ինչ-որ կայսրությունների հետ գործակցության մեջ մեղադրող, արևմտամետ քպականներին հիշեցնեմ, նոյեմբերի 9-ին Պուտինի հետ հանդիպումից հետո պաշտոնական Հայաստանը վերահաստատել է իր ցանկությունը, որ Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանները պաշտպանեն ռուսական սահմանապահ զորքերը»։