կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 18:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն՝ Սահմանադրական դատարանում․ կամավո՞ր է, թե՞ հարկադիր հրաժարումը պաշտոնից

Հատուկ քննչական ծառայության քննիչներն արդեն մեկ ժամ է Սահմանադրական դատարանում չեն՝ Yerkir.am-ին հայտնեցին են ՍԴ–ից։

Նրանք մուտք էին գործել Բարձր դատարան նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրինագծի ստորագրումից 20 րոպե անց:

ՀՔԾ քննիչների այցի մասին տեղեկությունները կցկտուր են․ լուրեր հնչեցին, որ ոչ թե քննիչներ են ժամանել, այլ մեկ քննիչ է գնացել, ինչ-որ փաստաթուղթ է պահանջել, վերցրել է և հեռացել։

«Բայց պարզ է, որ քննիչի այցելությունը հոգեբանական ճշման ձև է, նախագահի ստորագրելուց անմիջապես հետո ձեռնարկված։ Մեր տեղեկություններով՝ քննիչին ուղեկցել են նաև ԱԱԾ աշխատակիցներ, քանի որ քննիչը չի կարող խուզարկություն իրականացնել»,-գրեց «Հրապարակը»։

«Փաստինֆոն» տեղեկացրեց, որ քննիչը ցանկություն է հայտնել հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա դատարանի շենքում չի եղել։

Ավելի ուշ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ ՀՔԾ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն կատարել։

Այս զարգացումներին զուգահեռ՝ հարցին անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա ողջունեց նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծի ստորագրումը։

Վարդանյանի համոզմամբ՝ այդ նախագիծը ևս մեկ հնարավորություն է Սահմանադրությամբ նախատեսված եղանակով լուծել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը։ Իբրև ապացույց, որ ճգնաժամ կա՝ պատգամավորն ասաց․ «Եթե չկա, ապա ինչո՞ւ առնվազն պետաիրավական հարցերի հանձնաժողովի վերջին 6-7 ամիսների աշխատանքի ընթացքում որեւէ լրագրող չի խուսափել այս հարցից․ սա այն հարցերից է, որը հուզում է շատ քաղաքացիների»։

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ վաղ կենսաթոշակի ինստիտուտի տարրեր արդեն իսկ նախատեսված էին ՍԴ մասին օրենքով, դրանք վերաբերում էին այն դատավորներին, որոնք 12 տարի պաշտոնավարել էին։ Իսկ Ազգային ժողովը, ըստ նրա, պարզապես լրացրել է այդ ինստիտուտը՝ հնարավորություն ընձեռելով նաեւ մինչ 2018-ը ընտրված դատավորներին օգտվել այդ համակարգից։

Ընդ որում, նրա համոզմամբ, սա ոչ այնքան ԱԺ-ին, որքան ՍԴ-ին պետք է հետաքրքրի և շահագրգռի։

«Դրանով իսկ կապահովվի, որպեսզի Սահմանադրությամբ սահմանված կարգով ՍԴ ձեւավորվի ոչ թե 2035 թվականին, այլ ավելի վաղ»,- ասաց նա՝ շեշտելով, որ ներդրված ընթացակարգը կամավոր է։

Կամավորությունը՝ ֆեյսբուքյան գրառմամբ կասկածի տակ առավ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը. «Պարոն նախագահի՝ ՍԴ մասին օրենքի այս փոփոխությունն ստորագրելուց ուղիղ 20 րոպե անց ՀՔԾ-ն՝ ԱԱԾ-ի ուղեկցությամբ, մտել է ՀՀ սահմանադրական դատարան: Ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք գիտակցում եք, թե ինչ եք արել․․․

Արդյո՞ք դեռ կարծում եք, թե կամավորություն ասվածն այստեղ որևէ կապ ունի․․․»:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: