կարևոր
2650 դիտում, 6 ամիս առաջ - 2024-03-08 12:59
Քաղաքական

Իրանի Մեջլիսը 2 հայ պատգամավոր կունենա. ի՞նչ ծրագիր և անելիք ունեն. մեկնաբանում է Արամ Շահնազարյանը

Մարտի 1-ին Իրանում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցած հինգ հայ թեկնածուներից երկուսը պատգամավոր են ընտրվել: Իրանի մեջլիսում առաջիկա ութը տարիների ընթացքում Թեհրանի եւ հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչը Արա Շահվերդյանն է լինելու, որը նաեւ գործող պատգամավոր էր: Մյուս պատգամավորը Գեղարդ Մանսուրյանն է, որը Սպահանի եւ հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչն է:

Թեհրանում տպագրվող հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ընտրությունների ընթացքը, ներկայացրել նաեւ, թե ինչ ծրագրով են հայ թեկնածուները մասնակցել այդ ընտրություններին։

«Չնայած արտասահմանում հաստատված իրանական ընդդիմությանը, որը փորձում էր ժողովրդին համոզել բոյկոտել ընտրությունները, այդուհանդերձ, այս ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների շուրջ 40 տոկոսը, 25 միլիոն մարդ: Իրանահայությունը դրսեւորել է քաղաքացիական բարձր գիտակցություն եւ բարձր մասնակցություն ապահովել ընտրություններին: Դեռեւս տվյալները առանձնացված չեն, սակայն մեր տվյալով՝ ընտրելու իրավունք ունեցող հայերի ավելի քան 60 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Այս ցուցանիշը նախորդ ընտրությունների համեմատ շատ բարձր է»,- ասաց Արամ Շահնազարյանը:

Պատգամավոր ընտրված Արա Շահվերդյանը եւ Գեղարդ Մանսուրյանը վայելում են ՀՅԴ հովանավորությունը: Երկուսն էլ ըստ Արամ Շահնազարյանի՝ ազգային գաղափարական կողմնորոշում ունեն:

«Հստակ է, որ նրանք առաջին հերթին պետք է պաշտպանեն իրանահայության շահերը: Միեւնույն ժամանակ մասնակից լինեն երկրում առկա քաղաքական իրադարձություններին եւ փորձեն դերակատարություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման մեջ, որոնք ուղղակիորեն ազդում են հայ համայնքի վրա: Նրաք ջանք չեն խնայելու, որպեսզի նպաստեն Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը եւ առավել խորացմանը: Արա Շահվերդյանը իր նախընտրական ծրագրում ներկայացրել է մի կարեւոր դրույթ, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ բանաձեւ ընդունելուն: Դժվար կլինի պաշտոնական ճանաչում ակնկալելը, բայց նրանք ջանք չեն խնայելու, որպեսզի այս խորհրդարանը նման բանաձեւ ընդունի»,- համոզված է Արամ Շահնազարյանը: