կարևոր
5458 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-10 17:28
Հասարակություն

Դասականները կորում են. գրադարանավարը՝ ընթերցողների մասին

Դասականները կորում են. գրադարանավարը՝ ընթերցողների մասին

Վերջին տարիներին խնդրահարույց թեմա է գրադարանների թվի նվազումը։ Պատճառներից մեկն այն է, որ ընթերցող չկա։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2022-ին ընթերցողների քանակը կազմել է 415 հազար, որը 40 հազարով պակաս է  2018 թ․ ցուցանիշից։

Չնայած  վիճակագրական տվյալների նվազող ցուցանիշներին՝ Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանում ընթերցողների պակասից չեն դժգոհում։ Մեզ հետ զրույցում գլխավոր գրադարանավար Գոհար Մարտիրոսյանի խոսքով՝ ընթերցողների շրջանակը բավականին լայն է՝ երեխաներից մինչև թոշակառուներ, նաև հավելում՝ ով կարդալ գիտի, գալիս է գրադարան։

Գարդարանում միջոցառումները բազմազան են՝ գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, բանավեճեր, քննարկումներ: Գրադարանում առկա են հայտնի գրքերի թե՛ նոր, թե՛ հին հրատարակությունները։ Հարցին՝ նախապատվությունը ո՞ր գրքերին է տրվում, գրադարանավարը պատասխանեց. «Հին հրատարակության գրքերը մնում են գրապահոցներում, երիտասարդները նախընտրում են նոր գրքեր, տառաչափը նոր հրատարակություններում ավելի մեծ է, հարմար է կարդալ»։

17-ամյա ընթերցող Անի Մանուկյանը, սակայն, սիրում է հին գրքերի հոտը, ասում է՝ նոր հրատարակության գրքեր վերցնում է այն ժամանակ միայն, երբ հին հրատարակությունը բացակայում է։ 

Մարտիրոսյանը պատմում է, որ մանկական բաժնում ևս մեծ թվով այցելուներ կան, դեռևս  կարդալ չիմացող երեխաների համար գրքեր վերցնում են անձամբ ծնողները։

Մարինե Սարգսյանը երեք երեխա ունի, երկուսը դպրոցական են, երորդը դեռ մանկապարտեզ էլ չի հաճախում։ Մեզ հետ զրույցում պատմեց, որ երեք երեխաների համար հեքիաթը պարտադիր պայման է, հիմա հեքիաթ կարդում է միայն փոքր աղջկա համար։ «Ես կարծում եմ, որ հեքիաթը ևս դաստիարակման մեթոդ է, երեխաները  սկսում են տարբերակել լավն ու վատը, բարին ու չարը»,- նշում է նա։

Մարտիրոսյանի համար մտահոգություն է այն, որ երիտասարդները քիչ են կարդում դասական գրականություն և պատմավեպեր. «Գալիս նոր, արգելված գրականություն են ուզում, նոր հեղինակների։ Դասականները կորում են, ինչը շատ ցավալի է։ «Վարդանանքը» կամ «Սամվելը» կարդում են միայն թոշակառուները և պատմություն սիրող երեխաները, մնացածը նախընտրում են սեղմավեպերը»։

Գևորգ Պողոսյանն ուսանող է, ապագա տնտեսագետ։ Շատ չի կարդում, ժամանակ չունի, բայց եթե պետք է որևէ երկարաշունչ գիրք կարդալ, վերցնում է տվյալ գրքի սեղմավեպը. «Գրքի իմաստն ընկալում եմ, միևնույն ժամանակ խնայում ժամանակս, հարմար տարբերակ է ինձ համար, որովհետև հիմա շատ բարդ փուլ է կյանքումս. և՛ սովորում եմ, և՛ աշխատում»։

Գրադարանավարին չի անհանգստացնում աուդիոգրքերն ու գրքերի օրեցօր աճող էլեկտոնային տարբերակները, վստահեցնում է՝ գիրք սիրողը գալիս է գրքի հետևից։

 

Հարությունյան Աննա

Տիգրանյան Մանե