կարևոր
2665 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-13 22:06
Հասարակություն

Լոնդոնում բացվել է Հայաստանի դեսպանության նոր շենքը

Լոնդոնում բացվել է Հայաստանի դեսպանության նոր շենքը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Միացյալ Թագավորության գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն հանդես են եկել ողջույնի և շնորհավորական խոսքով։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Արքունիքի ավագ անգամ, ՄԹ արքունիքի և դիվանագիտական կորպուսի միջև կապերի մարշալ Ալիստր Հարիսոնը, դիվանագիտական կորպուսի փոխմարշալ Վիկտորյա Բասբին, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ։

Ստորև ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի խոսքը։

«Ձերդ գերազանցություն նախարար Մինտո,
Գերաշնորհ հայր,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի հյուրեր,

Մեծ հաճույքով և խորին պատվի զգացումով մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ նշելու Լոնդոնում Հայաստանի Հանրապետության նոր դեսպանության բացումը։ Այս դեսպանությունը հանդիսանում է բարեկամության և համագործակցության փարոս մեր ժողովուրդների միջև, և այս շենքը կամուրջ է, որը կապում է ոչ միայն մեր կառավարություններին, այլև մեր տնտեսությունները, մեր մշակույթները և մեր ժողովուրդներին: Այսօր ժապավենը կտրելիս մենք ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլ նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ խորացնելու մեր քաղաքական երկխոսությունը, մեր տնտեսական և մշակութային կապերը: Բայց նաև հետաքրքիր զուգադիպությամբ բացման այս արարողությունից անմիջապես հետո մենք պատրաստվում ենք մեր հարաբերությունների նոր մակարդակի՝ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության մեկնարկին:

Սիրելի հյուրեր,

Ուրախ եմ այսօր ձեզ հետ կիսել այս պատմական պահը Լոնդոնի սրտում գտնվող այս պատմական շենքում: Շնորհակալություն այս պատմական պահի մի մասնիկը լինելու համար»:

Ներկաները նաև գրառում են կատարել դեսպանության պատվո հյուրերի մատյանում, որտեղ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Շուրջ երեք տասնամյակ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ջանքեր են գործադրել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ՀՀ նոր դեսպանությունը հնարավորություն կտա գալիք տասնամյակների ընթացքում խորացնել առկա հիմքերը` բացահայտելով նոր հեռանկարներ, դիմագրավելով ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին։

Լոնդոնի սրտում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումն ի ցույց է դնում մեր պատրաստակամությունը խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին` ի շահ մեր երկու ժողովուրդների»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որով նախատեսվում էր Լոնդոն քաղաքում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 16,670,800 ֆունտ ստերլինգ (8 միլիարդ դրամ):