կարևոր
10732 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-29 10:46
Հասարակություն

Հավերժի ճամփորդներ. կիսատ երազանքներ

Հավերժի ճամփորդներ. կիսատ երազանքներ

Ներածություն

Նրանք պայմանագիր կնքեցին հավերժության հետ…

Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է և միայն ոգու մարդն է ապրում ու մեռնում հայրենիքի համար….

Նապոլեոն Բոնապարտ

Արցախը բոլոր ժամանակներում իր տեղն ու դերն է ունեցել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Դարեր շարունակ Արցախն ու Սյունիքը եղել են Արևելյան Հայաստանում ծավալված ազատագրական շարժումների հիմնական կենտրոնները: «Շուրջ 70 տարի կոմունիստական կուսակցությունը փորձում էր ԽՍՀՄ-ում բնակվող հարյուրից ավելի ազգություններին համոզել, թե երկրում ազգային հարցը հաջողությամբ ու վերջնականապես լուծված է»:

1985 թ. հետո Խորհրդային Միությունում սկսված ազատագրական շարժումների ծավալումը գորբաչովյան, այսպես կոչված, «վերակառուցման» անմիջական հետևանք էր: Իր ազգային արժանապատվությունը, «ոտնահարված իրավունքները» պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը, որը չէր հաշտվել իր պատմական տարածքները Ադրբեջանին բռնակցելու և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետ: Նրա պայքարի նպատակը սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորվելն էր: 1988-1994 թթ․ Արցախի (1991 թ․ Արցախի Հանրապետություն) դեմ Ադրբեջանի հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունը վերաճեց հայ- ադրբեջանական՝ 1991-ից լայնամասշտաբ պատերազմի, որի հետևանքով ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի աջակցությամբ 1994 թ․ մայիսին հրադադար խնդրել:

1994 թ. մայիսին Մոսկվայում «բանակցություններն ավարտվեցին մայիսի 14-ից զինադադարի հաստատումով» : Սա Արցախյան առաջին պատերազմն էր: «Արցախցու անխորտակ նավը, անցնելով խռովահույզ օվկիանոսը, մաքառելով չարի ու բռնության դեմ, հասել է 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը» : 21-րդ դարում աշխարհն ու աշխարհի տերերը աչք փակեցին մի դաժան ու անհավասար պատերազմի վրա, որը կոչվեց Արցախյան 2-րդ պատերազմ: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմեց զենքի ուժին՝ նախընտրելով այդ ճանապարհով հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը : Հարձակման 4-րդ օրը Ադրբեջանը դարձյալ դիմեց Մոսկվայի միջնորդությանը Հայկական կողմից խնդրելով պատերազմի դադարեցում։

2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո կրկին հարձակման անցավ շփման գծի ողջ երկայնքով: Իր բնույթին հավատարիմ նա թիրախավորեց խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, տարբերություն չդնելով զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա հարվածն ուղղված էր բոլորին:

«Այս պատերազմը թե՛քաղաքացիական բնակչության և թե՛ զինվորականության կողմից հաճախ բնութագրվում է, որպես անմարդկային քաոս, իսկ երբեմն նաև համեմատվում դժոխքի հետ» Մեր նպատակն է ներկայացնել 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդներին, նրանց մասին պատմությունները՝ իրենց հերոսություններով, հարազատների նկարագրություններով, կյանքի ու մահվան ընկալումներով, իրենց արձագանքներով ու գրառումներով, երազանքներով, և պատերազմից հետո դրանց իրականացման պատկերացումներով:

Հետազոտության ընթացքում առանձնակի ուշադրություն ենք դարձրել պատերազմի անմիջական մասնակիցների և նրանց հարազատների դիրքորոշումներին, կարծիքներին: Որպես նյութ օգտագործվել է զոհված հերոս զինվորների մտքերը, խոսքերը, նրանց հարազատների բնութագրումները, մարտական օրագրերը, բանավոր պատմությունները։ Այս ամենը ընդհանրացվել և կատարվել են թեմատիկ վերլուծություններ:

Այս հետազոտությունը փորձ է անմիջական հարազատից զոհվածի մասին վերջին տեղեկությունները արձանագրելը, կենդանի մնացած ականատես ընկերների պատմությունները նրանց կյանքի վերջին դրվագների մասին, ինչը նպաստում է նաև կարևոր հետևություններ անելու պատերազմի ընթացքի և այդ պատերազմի որոշ դրվագների մասին: Ներկայացվել են մոտ 220 զոհված զինվորների գործերը, սակայն կատարվել են թեմատիկ և բովանդակային խմբավորումներ, ներկայացնելով մեկին՝ վերջինիս կերպարի մեջ խտացրել են նաև բազմաթիվ ուրիշների արարքն ու վարքը։ Հոդվածի համար հետազոտության նյութ է ծառայել ՀՊԹ-ում (Հայաստանի պատմության թանգարան) մեր կողմից կատարված հավաքչական աշխատանքը, հենված թև՛ բանավոր, և թե՛ գրավոր պատմությունների վրա: Օգտագործել ենք խորացված հարցազրույցները, նաև ձայնագրություններ: Արձանագրել ենք զինվորների հետ կապված հետևյալ նկատառումները՝ ա/ գրեթե նրանք բոլորը վերջին անգամ զանգահարել են , կարծես կանխազգալով իրենց մոտալուտ մահը, վերջին անգամ լսել են հարազատի, հատկապես մոր ձայնը: Թաթուլը (նրա նման շատերը) զոհվելու օրը զանգել է մորը՝ Գայանեին, և ասել է․«Հոգնած եմ, մի քիչ քնեմ, հետո կզանգեմ»։ Իր հերոսության ներշնչանքի աղբյուրը Ազգային հերոս Մոնթեն էր, որդուն էլ կոչել էր նրա անունով, կանխազգալով մոտալուտ մահը ավելացրել է. «Մոնթեիս լավ կնայեք, եթե զոհվեմ, արարողության ժամանակ թող հնչի կամավորի երգը»։

Մայր և Հայրենիք . Ուսումնասիրելով նյութերը, արձանագրում ենք, որ շատերի մոտ մոր կերպարը (ում հետ կիսվել են, գաղտնիք վստահել, երազանք պահել) ասոցացվել է հայրենիքի հետ, պահպանելով այն՝ պահպանել են իրենց տունը, մորը, ընտանիքը, հողը, իրենց պապերի պատգամը: «Մամ ջան կարաս պարծենաս ու հանգիստ քնես, էսօր տղեդ ամբողջ Հայաստանի հեթապահն ա», ասում էր Գևորգը պահակակետում կանգնած: Իսկ Գևորգ Գևորգյանը, ով 14 տարեկանից ապրում էր Գերմանիայում և իր սենյակի պատուհանից ծածանում էր եռագույնը, երազում էր հայրենիքի մասին։ Պատերազմի լուրն առնելով՝ գալիս է Հայաստան։ Մոր հարցին, թե ում է թողնում իրեն ու գնում, Գևորգն ասել է․ «Մա՛մ ջան, քեզ թողնում եմ հայրենիքիս, իսկ ես գնում եմ հայրենիքս պաշտպանելու»։ Մորը միշտ հպարտությամբ ասում էր․ «Դու իմ Հայաստան մայր թագուհին ես»։ Պատերազմի առաջին օրերից եղել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Կատարել է բազմաթիվ առաջադրանքներ ։ Արամը մորն ասել էր․ «Մամ հայրենիքը էտ էնա, որ մինչև վերջին շունչդ էլ պետքա կռվես հայրենիքի համար, որ մեր պապերը հանգիստ ննջեն. Մամ ես նենց բան չեմ անի, որ դու ամաչես, հպարտ կաց, որովհետև դու իմ ամեն ինչն ես, սպասի ծառայեմ, վերջացնեմ գամ հասնեմ քեզ»…

Թեմայի ուսումնասիրմանը օգնել են նաև որոշ զինվորների մարտական օրագրերը՝ Գարիկի , Տիգրանի և ուրիշների․«Այսօր շատ քիչ են դրանք հրապարակված, չի բացառվում, որ կյանքում դրանք ավելի շատ են և մի քանիսը դեռևս պարուրված են գաղտնիության տարբեր աստիճանի անթափանցության քողով, մի մասն էլ հեղինակների ցանկությամբ պարզապես չեն դարձվում բոլորի սեփականությունը…»

Նվիրում և հավատ հաղթանակի հանդեպ, կիսատ երազանքներ…Այս տղաներն ունեցել են անսպառ հավատ հաղթանակի հանդեպ, անմնացորդ նվիրում: Անմահացել են գիտակցումով: Երբեք տնեցիներին չեն ներկայացրել իրենց անհանգստությունը: ԱԹՍ-ի հարվածներից թաքնված լինելով, տնեցիների զանգերին չպատասխանելուց հետո, երբ խոսել են, ասել են՝ թե քնած էին, նոր արթնացան, կամ կատակել «կռիվ-կռիվ էինք խաղում»: Հրետանավոր Էդգար Բաղումյանը կրակոցների ձայնը ծիծաղի տակ էր թաքցնում: Նրանց ներկայությունը հայրենիքը զգում է ամեն պահ՝ «Արցախի հերոս» Մարգարյան Ալենը , ում մասին պատմում էր մայրը՝ տկն. Նազելին, սիրում էր կրկնել «Աշխարհը պետք է սիրել, ոչ թե նրա վրա բարկանալ», գրում էր, ստեղծագործում 4 տարեկանից, պաշտում էր գիրքը: Սիրում էր կարդալ հեքիաթներ, ինքն էլ ապրում էր այնտեղ՝ապրում ապագայի երազանքներով: Մտածում էր՝ «հանցագործ երեխաներ չկան, ամեն ինչ գալիս է խեղաթյուրված մանկությունից»: Նրա շնորհը մանկավարժությունն էր, ուզում էր գիտությամբ գրավել աշխարհը, կիսատ մնաց նրա երազանքը…, ով կարող էր «Նոր, Վեհ Մարդ կերտել», կրթել ու դաստիարակել:

Պատերազմի ժամանակ ընկերոջն ասել էր՝ «Զգում եմ մահվան շունչը» : Վազգենի երազանքը գիտությունն էր, գիտնական էր ուզում դառնալ: Նրա անունով այսօր հիմնադրամ է բացվել, որի ողջ հասույթը ծառայելու է գիտության զարգացմանը: «Ուներ շրջասույթ. «Հերոս և քաջ է նա, ով 9 անգամ ընկնում է, 10 անգամ բարձրանում»: «Ինքը շատ բարձրացավ, մենք մնացինք ներքևում», – ասում է ուսուցչուհին: Իսկ մայրը ողբալով կրկնում էր՝«Հայրենիքին վստահեցի մի պահ, բայց հայրենիքը կորցրեց նրան, եթե լսում է Վազգենը հիմա, ես մի բան կխնդրեմ՝ «եթե կարող ես ներիր»: Ռուբենը աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի շառավիղից էր, ընտրել էր նույն ճանապարհը: Երազում էր դառնալ հայտնի ծրագրավորող և նորույթներ հայտնագործել Մարդ-տեխնոլոգիա բնագավառում՝ հայտնվելով Վիկտոր Համբարձումյանի անվան կողքին, շատ էր հպարտանում նրա հետ ազգակցական կապով: Ընդունվեց համալսարան, գերադասեց ծառայել, հայրենիքի հանդեպ պարտքը կատարել, հետո ուսումը շարունակել՝ երազանքը մնաց անկատար: Հովհաննեսը՝ ում վրայից միշտ «ուժեղության հոտ» էր գալիս, մասնակցել է Ջրականում մղվող թեժ մարտերին, տեսակով՝ լուրջ, հասուն մտածող, ասում էր «Պարտադիր չէ քո սխալի վրա սովորես, ուրիշների սխալի վրա էլ պիտի սովորես»: Մինչև վերջ մարտական տրամադրությամբ ոգևորեց իր ընկերներին և ընկավ հերոսի մահով: Ուսուցչուհին այսպես արտահայտվեց․«Ու մտածում եմ ավելի լավ է «հերո՞ս» լինել, թե՞ լինել պարզապես մեր կողքին…»:

Մարդ-տեխնոլոգիա. Այս պատերազմը ինչպես խոստովանում են մասնակիցները յուրահատուկ էր նաև մարդ-տեխնոլոգիա առճակատմամբ, որը հաճախ հասցրել է ծայրահեղ անզորության: Վահեն, ով մարտնչելուց բացի կատարել է բժշկի գործ, օգնել իր ընկերներին, կրկնում էր․«Սենց կինո ողջ աշխարհը չի կարող նկարել»: Անմիջական մասնակիցներ, ովքեր պատերազմը զգացել են բառիս բուն իմաստով՝ իրենց մարմնի վրա: Արմենը , Յուրին և նրա նման տղաները մահվան աչքերի մեջ նայեցին, զոհեցին իրենց երազանքները, նպատակները, ապրած ու չապրած գարունները, որպեսզի մի ողջ ազգ շարունակի ապրել: Վասիլյան Ռաֆայելը փրկեց իր զինվորների կյանքը, հրադադարից մի քանի ժամվա տարբերությամբ խոցելով թշնամու օդային թիրախները: Քարտեզագրության գործում բարձր գիտելիքների, արագ կողմնորոշման շնորհիվ կարողացել է Հադրութում շրջափակումից դուրս բերել իր զինվորներին: Մարտունի-2 ում առաջադրանքը փայլուն կատարելուց հետո լսվել է գեներալի կանչը՝ «Արծիվ 40» վերադարձիր, առաքելությունդ կատարեցիր…թշնամու թիրախը ոչնչացված է», «նա ոչինչ կիսատ չէր թողնում, պատերազմն էլ կիսատ չթողեց » պատմում էր քույրը , սակայն հերոսը չզգաց իր ուղղությամբ արձակած արկի ընթացքը, չկասկածելով, որ ոչ միայն ինքն է որսում, այլ նաև իրեն են որսում, դարձավ հավերժի ճամփորդը…Ինքը սիրում էր կրկնել (Будем жить) (ապրելու ենք). Այո՛, պետք է շարունակենք ապրել հանուն նրանց պայծառ հիշատակի, Հերոս եղբայրների.. Մարդ Աստծո, տեսնես քեզնից ամուր էլ ինչ կա աշխարհում… Սամվելը առաջնորդ է եղել մարտի դաշտում, 7 անգամ ճանաչվել է լավագույն ավագ բոլոր դիրքերում:

Երազանքը՝ բիզնեսից մինչև երկրի կառավարում, մնաց անավարտ: Կռվել է ամենավտանգավոր գոտիներում, զինակից ընկերներին օգնել պատսպարվելու, ինքն ընկել «ՍՈՒ» կործանիչի հարվածից: Պատմության դասերը չսովորող Սամվելը դարձավ պատմություն կերտող, դասագրքի հերոս: Նրա մասին դեռ պատմելու են ապագա սերունդները, որոնց համար չխնայեց կյանքը: Սամվելը դիրքում մատուռ էր կառուցել: Նոր սերունդը կազատագրի այն հողը, որտեղ Սամվելի թողած մատուռն էր: Իսկ Դավիթի մասին ՝ ով ջութակը փոխարինեց զենքով, ասում էին՝ «Մեր Դավիթը Փոքրիկ Իշխանի հայի տեսակն էր, ով ամեն օր կարգի էր բերում սեփական մոլորակը», սակայն անզոր գտնվեց մահարբեր տեխնիկայի դեմ: Նորիկը , երիտասարդ, ով ժպտում էր նաև տխուր պահերին: Առաջին պրակտիկան անցկացրել է ՀՊԹ-ում: Մեղրիից բերել են Ջրական /Ջաբրայիլ/: Պատրաստ էր մինչև վերջ պաշտպանելու իր հող հայրենին, ցավոք այդ ամենն արեց իր կյանքի գնով: Դպրոցական տարիներից տիրապետել է զենքի հետ վարվելու կանոններին, ռազմարվեստի գաղտնիքներին: Բարի, ժպտերես, ազնիվ, հավատարիմ, խելացի, ընկերասեր մեր ՆՈՐՈՆ… Նրա թևավոր խոսքերից էր՝ «Սովորական արևը հոգին չի ջերմացնում, այս կյանքում ուղղակի բաներ չեն լինում, կարոտը ամեն վայրկյան են առնում» և այլն:

Զինվորների արձագանքը պատերազմի բոթին. Շատ կամավորներ տարբեր պատճառներով ազատված են եղել ծառայությունից, սակայն պատերազմի լուրն առնելով ներկայացել են զինվորական կոմիսարիատներ: Արման Օհանջանյանը, զինկոմիսարիատում լսելով «չես կարող մեկնել» արտահայտությունը, պատասխանել է, «Ես չեմ եկել հարցնելու տանում եք թե ոչ, եկել եմ ասելու՝ գնում եմ»: Հոկտեմբերի 1-ին Ջաբրայիլում էր: Կեսօրին զանգահարել է մորը՝ չանհանգստանաս պոստ ենք գրավել, հեռախոսներս կորցրել ենք, չզանգեք… 13:44-ին նամակ է ուղարկում: «Մամ ինձ հետ ինչ էլ լինի հիշիր, դու գլուխդ բարձր ես քայլելու: Պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեզ վրա: Սիրում եմ Ձեզ, ինձ կներեք…»: Պատերազմում օրհնած փայտե խաչը կախել է նորածին որդու վզին: (Դա այն պատգամն էր, որ որդին պետք է իրականացներ հոր անավարտ գործը): Ցանկանում էր ռազմական բժիշկ դառնալ, կիսատ մնաց երազանքը..

27 երկրներում բեմեր նվաճած տենորը՝ Գևորգ Հաճյանը պատերազմի լուրն առնելով չէր գտնում իր տեղը, ուներ ոտքի խնդիր, կամավոր մեկնեց ճակատ՝ կնոջը խոստանալով մի քանի օրից վերադառնալ: Մեկնեց իր հայրենասիրական երգերով ոգևորելու հայ զինվորին, լինել նրա կողքին դժվարին պահերին, ապահովելու հաղթական մթնոլորտը, Հայրենիքը նրա երգերի մեջ էր, նրա սրտում, սակայն… հիմա ինքն է հայրենի հողի սրտում, հավերժ փարված են իրար: Նրանք՝ «Հավերժի ճամփորդները» իրենց պահվածքով ու գործողություններով ոչ միայն իրենց ծնողներին ու հարազատներին ներշնչեցին գլուխները բարձր պահել, այլև մեզ բոլորիս պատգամեցին՝ ներշնչվել իրենց սխրանքներով, ՈԳԻ ԴՆԵԼ (չկոտրվել), ու շարունակել իրենց անավարտ գործը:

Հերոսականության դրսևորումները. Պատերազմից հետո շատ է խոսվում հերոսականության մասին, համարյա բոլոր մասնակիցներին անվանում են հերոս, սակայն կան այդ հասկացության տարբերակումներ: Հասարակությունը միշտ բացահայտում է մարդկանց մեջ հերոսներին անգամ եթե նրանց հերոսականությունը հաղթանակների ժամանակ չի դրսևորվել։ Հարազատները, իրենց հրամանատարները հաճախ պատմում են դեպքեր, որոնք բնորոշ են իսկական հերոսներին, պետության, ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնողներին: Նրանք չխնայեցին ոչինչ, նույնիսկ ամենաթանկը՝ կյանքը: Նրանք հաղթեցին մահին և անմահացան պատմության էջերում՝ պարգևատրվելով հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր շքանշաններով ու պարգևներով: «Դուք չեք պարտվել մեր լուսավոր եղբայրներ, դուք հաղթել եք, իսկ հաղթողները չեն մահանում, նրանք անմահանում են, ու իրենց տունը գտնում երկրից երկինք տանող ճանապարհին» (Մարության 2022, 72): Հերոսի մարտական ընկերները, ականատեսները պատմում են, որ քաջարի Գեղամը և նրա ընկերները զրահատեխնիկայով՝ ԲՄՊ (ՀՄՄ – 1) թշնամուն մեծ կորուստներ են պատճառել: Հոկտեմբերի 7-ի լույս 8- ի գիշերը նկատում են իրենց ընկերների շրջափակման մեջ ընկնելը, անմիջապես իրենց դիպուկ հարվածներով փրկում են 19 զիծառայողի կյանք, փոխարենը կորցնելով սեփական կյանքը: Հոկտեմբերի 8-ը ավարտվեց առանց Գեղամի …. 25 տարի առաջ, առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ նույն վայրում, նույն տարիքում նույն սխրանքով անմահացավ իր անվանակից հորեղբայրը ՝ Գեղամ Պավլենի Ավետիսյանը: Հայոց պատմությունը նոր ԳԵՂԱՄՆԵՐՈՎ կերտվեց….. կարծես պատմությունը կրկնվում է , ճակատագիրը երկուսին էլ ընդամեը 20 գարուն նվիրեց…. Ամեն մշակույթ ունի իր հերոսական պատմությունը: Զինվորներից շատերը դեմ են արտահայտվում իրենց հերոսականացմանը, նույնիսկ բարդ փորձություններով անցած մարդիկ գտնում են, որ էդպես էլ պետք է լիներ, ըստ նրանց հերոսություն էր, երբ փրկել են ընկերների կյանքեր, որովհետև ամենամեծ կորուստն են դա համարել, նաև՝ դիրքը, հողը թեկուզ և մեկ թիզ ետ բերելը: Հետախույզ Նոյը 8-ամսվա ծառայող էր: Առաջին անգամ ընկել են շրջապատման մեջ, ստեղծել են նահանջի տպավորություն, հավաքվել են և դժվարությամբ ետ վերադարձել: Երբ նկատել է զինամթերքով մեքենան շրջվել է և ծխում է, որտեղ զինվոր էր մնացել, նետվել է դեպի մեքենան, փրկել զինվորին, ով մահացել է ձեռքերի մեջ, երբ ասում էին հերոս, բարկանում էր թե «18 տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ, ես ի՞նչ հերոս»: Հաջորդ առաջադրանքի ժամանակ զոհվել է: Հայրը ոստիկան էր, մինչև դպրոց գնալը խնդրել է հայրիկից իր համար ծառայողական գրքույկ պատրաստել, խնդրել է մորը՝ լրացնել այն: Հետո ինքնուրույն լրացրել դպրոցական տարիքում այն, ինչը իրականություն է դարձել հետագայում: Ընտանիքը մահվանից հետո գտել է այդ գրքույկը, որտեղ լրացված է եղել «Նոյ Լյովայի Թևոնյան, կոչումը՝ մայոր, հետախուզության պետ, 2020 թվ․ …:»

Շատերն են ընդունում, որ պատերազմին մասնակցությունն նրա թոհուբոհի միջով անցնելը, աչքով այս ամենը տեսնելը արդեն հերոսություն է: Շատ զինվորներ գնացել են հերոսական քայլերի, հրամանատարին վստահելով ՝ «Հրամանատարը զինվորի ամենահուսալի թիկունքն է, սպաների անձնական օրինակը անչափ կարևոր էր: Զինվորը պիտի հենվի հրամանատարին, որ կարողանա խիզախորեն դիմակայել թշնամուն, ծայրահեղ բան պիտի ասեմ՝ պատերազմի դաշտում, զինվորը հայրենիքը սիրելուց առաջ պիտի իր հրամանատարին սիրի….հայ զինվորը ոգու զինվոր է, ոգին բարձր պահիր՝ մենակ կգնա 100 հոգու դեմ ու չի կոտրվի…»: Դավիթը արդար, ազնիվ, խիզախ, երդմանը հավատարիմ լավ սպա ու լավ առաջնորդ էր յուրաքանչյուր զինվորի համար: Երբեք չի առաջնորդվել ուսադիրներով, նրան առաջնորդողը՝ մարդկային որակներն էին, մարդասիրությունը վեր է եղել ամեն ինչից, զուսպ էր ու համեստ, բայց համեստության մեջ քողարկված էր հայրենիքի հանդեպ անսահման սերը․ … Նա գիտեր թե ինչ բան է սահմանի մոտ արթուն գիշեր անցկացնելը, զինվորի հետ սոված մնալը, զինվորի հետ բաց երկնքի տակ լուսացնելը, անձրևի ու քամու հետ կռիվ տալը: Եղել է թե՛ հայր, թե՛ ծնող , թե՛ եղբայր, թե՛ լավ հրամանատար իր զինվորների համար: Երբ կատարած սխրանքների համար ներկայացրել են «Մարտական խաչ»-ի, ասել է՝ «Շնորհակալ եմ պարոն գեներալ, հրաժարվում եմ այդ արյունոտ Մարտական խաչից, ինձ համար խաչը, թիկունքիս կանգնած իմ ամեն մի զինվորն է…Նրանք ինձ ողջ են պետք, ես հերոսություն չեմ արել, ես իմ պարտքն եմ կատարել հայրենիքիս։ Հավատարիմ եմ մնացել սուրբ երդմանս, երբեք չեմ ակնկալել ոչ մի հերոսական կոչում ու շքանշան…Սակայն, դրա կողքին, տեսնում ենք նաև ցավալի դեպքեր, երբ հրամանատարն իր «տեղում» չի եղել, և ընկել են շրջապատման մեջ, զինվորները չեն վստահել այդպիսիներին: Այսօր ականատես ենք նաև դատավարությունների, ըստ որոնց, թողնելով իր զինվորներին հրե ճարակի մեջ՝ հրամանատարները փախել են մարտի դաշտից: Մարատը , ով տանկային ջոկատի հրամանատար էր, շարժվում էր Նժդեհի պատգամներով, ասում էր սյունեցի լինելը պատիվ է, պարտք Նժդեհի առջև: Զինվորները հարգում և սիրում էին իրենց հրամանատարին, նրան «Մարատ քեռի» են կոչել, ինքն էլ հպարտանում էր նրանցով, զոհվելուց առաջ կնոջը պատգամել է իր որդիներին՝ 2 առյուծներին լավ պահել…

Նոր պատմություն կերտողները. Հարությունը տնեցիների հետ խոսելիս ասել է «Նոր պատմություն ենք կերտում», չհասցրեց ավարտին՝ առաջնագծում էր, վիրավորվել է մարտում՝ ոչ մի րոպե չլքելով մարտադաշտը, հայտնվել են շրջափակման մեջ՝ դուրս եկել: Զոհվել է՝ փրկելով կյանքեր: Հրամանատարը խոստովանել է․«հպարտ է, որ Հարութի նման զինվոր է ունեցել»: Անմահացավ՝ մնալով հայոց պատմության էջերում: Կարծում ենք հիմնական ծանրությունը եղել է ժամկետային զինծառայողների վրա, ովքեր բարձր մարտական ոգի են ունեցել`նորօրյա Սասնա ծռեր: Հրետանավոր Հայկը երազում էր՝ «Երանի գա, կայանա «Նոր հայը», լինեինք Նժդեհի ասած էդ սերունդը»: Հայ զինվորը հաղթել է: Նրանք բոլորը մեծ հավատով «Նոր պատմություն էին կերտում», ԴԱ ԱՅՆ ՍԵՐՈՒՆԴՆ ԷՐ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ ՄՏՑՆԵԼ ԿՅԱՆՔ, դրանով հաղթահարելով պատերազմի չարիքը: Այս սերունդը իր կյանքի գնով մեզ կյանք շնորհեց: Մի բուռ երկիր, ու անթիվ ցայտաղբյուրներ, բոլորի վրա սիրտ մաշեցնող թվեր՝ «18», «19», «20»:

Պատերազմը վերարժևորեց կյանքի, խաղաղության մասին ընկալումները: Հոդվածում կարևորել ենք պատերազմի նկարագրության բարոյական ընկալումը: Այս պատերազմը կարևորեց, վերարժևորեց կյանքի, խաղաղության մասին ընկալումները: Նաև առաջնային կարևորություն տրվեց հայրենիքը ոչ թե խոսքով, այլ գործով սիրելու գաղափարին:
Գնդացրորդ Գրիգորը իր ձեռքով վերանորոգել էր տունը՝ տեղադրելով պահապան Խաչը՝ ինքնության վերաիմաստավորումը:

Ծառայության ընթացքում արժանացավ բազմաթիվ շքանշանների և պատվոգրերի: Ստեղծեց լայն ու հոգեհարազատ շրջապատ և կերտեց հայ զինվորի վեհ կերպարը: Առաջնորդվեց «կռվի՛ր այնպես, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից հետո միևնույն նպատակի համար կռվողների գործը» կարգախոսով: Փրկեց իր մարտական ընկերներից շատերի կյանքը, քսանօրյա ծանր մարտերից հետո հոկտեմբերի 15-ին հավերժ զինվորագրվեց իր մարտական ընկերներից շատերի նման… Հայ զինվոր քո ներկայությունը միշտ զգում է մեր սուրբ հայրենիքը, քո բազկի ուժը միշտ հասու է լինելու նենգ թշնամուն …Այո՛, պատերազմը ավերում է ամեն ինչ «Պատերազմը հատկապես, երբ հարձակվում են քեզ վրա, քանդում է ամեն ինչ: Կազմաքանդում է այն աշխարհը, և նաև կազմաքանդում է այն մարդուն, որն այս կամ այն կերպ անցել է պատերազմի միջով»։ Հետո մարդիկ հաճախ են խոստովանում, որ էլ նախկինը չեն, որտեղ մարդն ապրում է, վերարժևորելով ամեն ինչ իր շուրջը:

ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստը) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր Վարդանով Վովան նշում է, «Մեր բանակը հին էր, բայց լավն էր, մենք պարտվել ենք թուրքական ժամանակակից բանակին»:

Դավթի պատգամն էր՝ հայ սպաներ… «Լավ է մեռնել՝ քան թե ապրել մեռնելու համար» : «Հա՜յ սպա, սրիդ վրա գրիր իմ այս խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ հաղթելու մահը»:

Գևորգ Հաջյանի կինը՝ Ֆրիդա Ներսես Մկրտիչը գրում է «կայ մեկ իրականութիւն՝ Դուք մեր կողքին չեք և մենք տկար ենք ու անզոր, ուժ տուէք մեզի Ձեր այդ ուժէն որ գացիք մարտի դաշտ՝ յանուն յաղթանակի յանուն պաշտպանութեան, յանուն լոյսի ու խաղաղութեան» : Ժամանակները կանցնեն, բայց մենք չենք հաշտվի վաղվա խաղաղ օրվա համար հավերժի ուղին բռնելու Ձեր տղամարդկային որոշման հետ: Տվեցիք կյանքեր հանուն՝… Հավատարիմ մնացիք Ձեր նշանաբանին՝ «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ»

Եզրակացություն

Ուսումնասիրելով 44-օրյա պատերազմում զոհվածների գործերը, նրանց պատմությունները, հանգեցինք հետևյալին՝ ընդունելով մեր հերոսների պատերազմի ընկալումները, նրանց բնութագրումները, կիսատ, անավարտ մնացած երազանքները, արեցինք հետևյալ եզրահանգումները՝ ա/ համարյա բոլորի մոտ եղել է հեռախոսային վերջին զանգը.. բ/Հիմնականում մոր կերպարը ասոցացվել է հայրենիքի՝ Մայր Հայաստանի հետ, գ/զոհելով իրենց կյանքը, փրկել են այլ կյանքեր, դ/ իրենց չհանձնվող տեսակով փորձել են կերտել նոր պատմություն, ե/ վերարժևորել են կյանքը, խաղաղության ընկալումները, զ/առաջնային կարևորություն է տրվել հայրենիքը ոչ թե խոսքով, այլ գործով սիրելուն.. է/Իրենց օրինակով կերտել են Նոր, Վեհանձն, ինքնազոհաբերության պատրաստ զինվորի կերպարը..
____________________________

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՊԹ (Հայաստանի պատմության թանգարան), Նգպֆ (նորագույն պատմության ֆոնդ) գ/գ 19824, բ/մ 6239-6240, գ/գ 19825, բ/մ6242, գ/գ 19826, բ/մ6249-6251, գ/գ 19827, բ/մ6252-6253, գ/գ 19828, բ/մ6254-6258,
ՄԻՆԱՍՅԱՆ 2013-Մինասյան Է., Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն, ԵՊՀ հրատ. Երևան, 2013
ԲԱԼԱՅԱՆ 2011 – Բալայան Վ., Արցախի պատմություն, հնադարից մինչև մեր օրերը, Երևան, 2011
ԲԱԼԱՅԱՆ 2009- Բալայան Վ., Լեռնային Ղարաբաղ, պատմական անցյալն ու ներկան, Երևան, 2009
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 2022-Թադևոսյան Ա., Պատերազմը մասնակիցների պատմություններում.մարդաբանական հետազոտություն, Երևան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 2022
ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 2018- Գրիգորյան Ա., Բաղդասարյան Բ, Հայրենիքին նվիրված ծառայելու պատրաստակամությամբ, Երևան, «Ոսկան Երևանցի» 2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-«Կրթություն», շաբաթաթերթ, թիվ 48-49, Երևան, 02.12. 2020
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, թերթ, Երևան, 12 մայիս 2021
КИЗИРАНЦ 2022-Кизиранц Г., Небесный солдат, Ереван, 2022
ՓԱՇԻՆՅԱՆ 2020-Փաշինյան Ն., ՀՀ վարչապետ, ԱԺ 2020 սեպտեմբերի 27, https://ampop.am/speech-by-prime-minister-nikol-pashinyan-at-national-assembly-september-27/
https.//www.youtube.com/watch?v=1k2kvWkgiZk. {դիտվել է 10.06. 2023}

Հավերժի ճամփորդներ․․․անավարտ երազանքներ ծրագիրը ՀՊԹ-ում հնարավոր է դարձել իրականացնել Հայկական ընդհանուր բարեգործական միության (ՀԲԸՄ) դրամաշնորհի շնորհիվ․

Սեդա Գալստյան
Հայաստանի պատմության թանգարան
[email protected]

«Դրօշակ» թիվ 10 2023 թ.