Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից խնդրել էինք ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գործերի քննության վիճակագրությունը։ Պարզվեց` 2018-ից հետո ներկայացված հայցադիմումներից միայն 4-ն է ստացել հանգուցալուծում, 2-ով ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, մյուս երկուսն ավարտվել են բարեկամական կարգավորմամբ, վճարվել է, ընդհանուր առմամբ, 22 հազար 350 եվրո։ Նշենք, որ բարեկամական կարգավորման ընթացակարգը պատասխանող կառավարության եւ դիմումատուի միջեւ հաշտությունն է, որը շատ նման է ներպետական օրենսդրության արտադատական կարգավորմանը եւ կողմերին հնարավորություն է ընձեռում լուծել գործը` դիմումատուին որոշակի գումար վճարելու, խնդրի լուծման ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկելու խոստման կամ երկուսի համադրության հիման վրա: Այլ կերպ ասած՝ կառավարությունը փոխհատուցում է վճարում, ու վեճը փակվում է։ Այդպիսի լուծում են ստացել «Աթոյանը եւ Քոսոյանը՝ ընդդեմ Հայաստանի» (արդարացի փոխհատուցման գումար՝ 8 հազար 500 եվրո) եւ «Հակոբյանը եւ Կիրակոսյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործերը (արդարացի փոխհատուցման գումար՝ 5 հազար 500 եվրո):
Պետության կողմից դիմումատուների իրավունքների խախտումը ՄԻԵԴ-ը հաստատել է «Մարտիրոսյանը՝ ընդդեմ Հայաստանի» (արդարացի փոխհատուցման գումար՝ 3 հազար 250 եվրո) եւ «Մանուկյանը եւ Այվազյանը՝ ընդդեմ Հայաստանի» (արդարացի փոխհատուցման գումար՝ 5 հազար 100 եվրո) գործերում: Հետաքրքրական է «Մարտիրոսյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործը։ Դիմումատուն Եվրադատարան ներկայացրած բողոքում նշել է, որ դատաքննությունից առաջ ինքն անհիմն երկար ժամանակ կալանավորված է եղել։ Դիմումատուի այս բողոքի հետ կապված՝ դատարանը համարել է, որ դիմումատուն դատաքննությունից առաջ չափազանց երկար ժամանակ է կալանավորված եղել, հետեւաբար՝ սույն բողոքն ընդունելի է, եւ ակնհայտ է համարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումը։ Գանգատից տեղեկանում ենք, որ Արթուր Մարտիրոսյանը 4 տարի շարունակ կալանավորված է եղել, Մարտիրոսյանին կալանավորելու ու կալանքը երկարաձգելու որոշումներ են կայացրել Շիրակի մարզային դատարանն ու Վերաքննիչ քրեական դատարանը։ ՄԻԵԴ-ը հետեւյալ խախտումներն է արձանագրել՝ երկարատեւ կալանավորում, կալանավորման ընթացքում ընթացակարգերի հավուր պատշաճի չկատարում, դատարանի բերած թույլ պատճառաբանությունները:
Ի դեպ, Մարտիրոսյանին վճարված 3 հազար 250 եվրո արդարացի փոխհատուցման մեծ մասը՝ 3 հազար եվրոն, կազմում է ոչ նյութական վնասի, այլ կերպ ասած՝ հասցված բարոյական վնասի փոխհատուցումը։ Փաստորեն, ՄԻԵԴ-ը հաստատել է, որ չի կարելի նախաքննության ընթացքում մարդուն երկար ժամանակ կալանավորված պահել, քանի որ դա նրա իրավունքների ոտնահարում է, իսկ այս պահին Հայաստանում բազմաթիվ կալանավորված անձինք կան, որոնց մեղքը եւս ապացուցված չէ, սակայն վերջիններս շարունակում են մնալ բանտում։ Օրինակ՝ Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի է՝ կալանավորված է, 1 տարուց ավելի կալանավորված է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, 8 ամիս է՝ կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը եւ ուրիշներ։
Ինչ վերաբերում է «Մանուկյանը եւ Այվազյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործին, ապա այդ գործով դիմումատուներն իրենց գանգատում բողոքել են, որ կալանավորման համար բավարար պատճառների բացակայության պայմաններում են կալանավորվել, դատարանը, տեսնելով, որ դիմումներում բերված հանգամանքները նման են, դրանք միավորել է եւ քննել մեկ վարույթում։ Եվրադատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը որոշ ժամանակ անց դադարում է բավարար պատճառ լինել՝ անձին կալանքի տակ պահելու համար, եւ նախաքննության մարմինները պետք է բավարար ջանասիրությամբ քննեն գործերը, որպեսզի անձին կալանավորելու կամ կալանքը երկարաձգելու անհրաժեշտությունը վերանա, բացի այդ՝ պետք է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառեն՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, այլ ոչ թե «շառից-փորձանքից հեռու» տրամաբանությամբ՝ անձին կալանավորեն։ Այս երկու գործից էլ ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կիրառվող զանգվածային կալանավորումները եվրոպական դատական ատյանի համար խնդրահարույց են, եւ նրանք ակնհայտ խախտումներ են տեսնում։ Եվ եթե առաջիկայում մեր նշած գործերից ցանկացած մեկը գնա ՄԻԵԴ, ասենք` Մամիկոն Ասլանյանը կամ Դավիթ Տոնոյանը դիմեն, ապա անպայման շահելու են, եւ հերթական պարտությունն է գրանցվելու Հայաստանի Հանրապետության հաշվին:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում Հայաստանի պարտություններին ու վճարված փոխհատուցումների վիճակագրությանը, ապա պատկերը հետեւյալն է․ 2017 թվականին Հայաստանը դիմումատուներին վճարել է 169 հազար եվրո, 2018-ին՝ 197 հազար, 2019 թվականին՝ 2 մլն 122 հազար, 2020-ին՝ 684 հազար, 2021-ին՝ 287 հազար, 2022-ին՝ 211 հազար եվրո։ 2007 թվականից սկսած՝ պատմականորեն ամենամեծ թիվը ՀՀ-ն ընդդեմ Հայաստանի դիմում ներկայացրած անձանց վճարել է 2019-ին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում