Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
168.am-ը գրում է․ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, հիմա էլ Հայաստանն է հայտնվել նույնատիպ սպառնալիքների առջև։ Սակայն հայ հասարակության ողբերգությունը դրանով չի սահմանափակվում, այլ բազմապատկվում է այն իրողությամբ, որ նման գոյաբանական սպառնալիքների պայմաններում երկրում որոշումներ են կայացնում նույն քաղաքական ուժերն ու մարդիկ, ում՝ արդեն իսկ կայացրած որոշումների պատճառով, կորցրեցինք Արցախը։
Չնայած այս օրերի թվացյալ հանդարտ կյանքին, աշնանային Երևանի հաճելի ու Երևանի քաղաքապետի երդմնակալության գռեհիկ տեսարաններին, իրականում Հայաստանը գտնվում է այնպիսի ֆորսմաժորային իրավիճակում, որից ամբողջությամբ դրական ելք գործնականում չկա, լավագույն ելքերը կարող են չափվել կորուստների բարձր կամ նվազ աստիճանով։
Ահա այս պայմաններում կարևորագույն որոշումները կայացնում են սահմանափակ թվով մարդիկ, նրանց թվում՝ առավելապես Նիկոլ Փաշինյանը, ով արդեն իսկ հայկական պետություններից մեկն իր իսկ կայացրած որոշումներով կորցնելու «հարուստ փորձ» ունի։ Նման պայմաններում կայացվող որոշումները տարբերվում են սովորական իրավիճակներից,168.am պահանջում են ամենժամյա փոփոխություններ, տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր գործոնների համաժամանակյա հաշվարկ, դրանց ազդեցության գնահատումներ և միայն այդ ամենի արդյունքում՝ հնարավոր տարբերակներից մեկի ընտրություն։
Որոշումների կայացման այս սխեմայի նկարագրության կողքին Նիկոլ Փաշինյանի անվան հիշատակումն ինքնին արդեն իսկ ծիծաղ է առաջացնում, նույնը վերաբերում է նաև նրա թիմին, որում, եթե անգամ կան պահանջվող ինտելեկտ ունեցողներ, չեն համարձակվում հակառակվել «շեֆին» և գլխի անդեմ շարժումներով հավանության են արժանացնում նրա ցանկացած որոշում, եթե անգամ գիտակցում են դրա կործանարարությունը։
Իշխանության կողմից կայացվող այս որոշումները կյանքի են կոչվում անվանական ընդդիմության պայքարի տապալման պայմաններում։ Եվ նույն տրամաբանությունը, որոշակի առանձնահատկություններով, գործում է նաև ընդդիմության պարագայում։ Արձանագրումից, որ Արցախը կորսվել է Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումների պատճառով, բխում է նաև, որ այդ կորստին նպաստել է ընդդիմության՝ բավարար չափով ու անհրաժեշտ ձևով պայքարելու անկարողությունը։ Այսինքն՝ Արցախը կորսվել է առաջին հերթին՝ իշխանության, անձամբ Նիկոլ Փաշինյանի, բայց ավելի լայն համատեքստում՝ նաև ողջ քաղաքական համակարգի անգործության պատճառով, որովհետև կենսունակ քաղաքական համակարգի առկայության դեպքում իշխանության կայացրած կործանարար որոշումները կամ առնվազն դրանց մի մասը կյանքի չէր կոչվի։ Եվ հիմա, նույն իշխանության ու գործնականում նույն ընդդիմության, այսինքն՝ նույն քաղաքական համակարգի առկայության պայմաններում Հայաստանն է հայտնվել գոյաբանական սպառնալիքների առջև, և իրավիճակից ելքերը կրկին պայմանավորված են լինելու կայացվող որոշումներով ու դրանց դեմ պայքարի արդյունավետությամբ։
Եթե անգամ բացառենք դավաճանության, կոլաբորացիոնիզմի կանխավարկածը և առաջնորդվենք թեզով, որ Նիկոլ Փաշինյանն աշխարհի ամենահայրենասեր ու ազգանվեր գործիչն է, միևնույն է՝ նրա կայացրած որոշումներն ապահովում են նույնպիսի արդյունք, որպիսին կապահովեին, օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված հայ պաշտոնյաների որոշումները։
«Դավաճանի» պիտակից այդքան խուսափող Նիկոլ Փաշինյանը, այսպես թե այնպես, զբաղված է դրանով, որովհետև, եթե անգամ նա իրական հայրենասեր է, ապա իր վարած քաղաքականությունը՝ ականջի համար հաճելի լինելու մղումով, կարող է կոչվել «հայրենասիրական դավաճանություն»։ Հայաստանի իշխանությունը ստեղծված ճգնաժամային իրավիճակում բոլոր հնարավոր այլընտրանքներից ընտրությունը կատարում է հիմարության կանխավարկածով՝ կայացնելով բոլոր հնարավոր որոշումներից ամենահակապետականը։ Ընդդիմության գրեթե զրոյական ֆունկցիոնալ դիմադրության պայմաններում։
Մյուս կողմից, սակայն, սա ամենևին չի նշանակում, թե հայ իրականության մեջ չկան ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված գաղափարների կրողներ, ծրագրեր ունեցողներ, ինտելեկտուալ դեմքեր և այլն։ Ճիշտ հակառակը՝ նրանք կան և, մեղմ ասած, քիչ չեն։ Բայց նրանք ամբողջությամբ օտարված են՝ ինչպես որոշումների կայացման ֆորմալ/իշխանական գործընթացից, այնպես էլ՝ ընդհանուր քաղաքական համակարգից։
Հայաստանին սպառնացող իրական կամ «հայրենասիրական» դավաճանությունը կարող է կանխվել միայն քաղաքական լուծումներով ու գործիքակազմով, այսինքն՝ քաղաքական համակարգի անհապաղ առողջացմամբ ու ֆունկցիոնալացմամբ։ Առանց դրա, քաղաքական համակարգի դեգրադացվածությունից շարունակելու են օգտվել՝ ինչպես իշխանությունները, այնպես էլ՝ բոլոր նրանք, ովքեր անվանապես մաս են կազմում դրան՝ անգամ չգիտակցված նպաստելով Հայաստանի ողբերգական վիճակի խորացմանն ու դրա հաղթահարմանն ուղղված պահանջվող որոշումների չկայացմանը։