կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 13:40
Իրավական

Արա Բուդաղյանի արդարացումը պայմանավորվա՞ծ է ԱԱԾ նոր տնօրենի գործոնով

Արա Բուդաղյանի արդարացումը պայմանավորվա՞ծ է ԱԱԾ նոր տնօրենի գործոնով

Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով արդարացված Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն առաջիկայում 5-րդ գանգատը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` բարձրացնելով իր պաշտպանյալին ապօրինի 11 ամիս կալանքի տակ պահելու հարցը: Փաստաբանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՄԻԵԴ-ն իրենց կողմից ներկայացված գանգատները կքննի մեկ վարույթում: Ալումյանը համոզմունք հայտնեց, որ ՄԻԵԴ-ն իր գնահատականը կտա Արա Բուդաղյանին ապօրինի կալանքի տակ պահելու խնդրի վերաբերյալ:

«Մեր խնդիրը ոչ այնքան քննչական մարմինն էր, որն Արա Բուդաղյանին կասկածում էր հանցավոր արարքի մեջ, այ լայն, որ մեր դատարաններն, առանց հիմնավոր պատճառի, կալանավորում են անձին»,- ասաց փաստաբանը:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է Բուդաղյանի արդարացումը պայմանավորված լինի ԱԱԾ տնօրենի պաշտոնում Գեորգի Կուտոյանի նշանակումով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախկինում, առանց հիմնավոր փաստարկների, նմանատիպ այլ գործեր ուղարկվել են դատարան, փաստաբանն արձագանքեց. «Ես չեմ բացառում, ես ընդամենը կարող եմ ողջունել, որ մարդը կամ քննչական մարմինը, որը սխալվել է, իր մեջ ուժ է գտնում` իր սխալն ուղղելու»:

Իսկ մեր այն հարցին, թե շուրջ մեկ տարի տևած գործի քննության ընթացքում քննության առակա հանդիսացե՞լ է հանցագործության իմիտացիա ստեղծելու հանգամանքը, Ալումյանը պատասխանեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ այն վարկածը, թե դա եղել է հանցագործության նմանակում, քննարկվել է շատ մակերեսորեն: Այսօր քիչ մարդիկ կան, ովքեր գիտեն իրականությունը: Ես չեմ տեսնում փաստեր, որոնք լիարժեքորեն կհերքեն սպանության նմանակումը»: