Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում Հայաստան է ժամանել մոտ 100 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 30 հազար երեխա։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վեյգանդն այս մասին ասել է UN News-ին տված հարցազրույցում՝ խոսելով Արցախի հայության հետ կապված իրավիճակի մասին, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։
«Նրանք բոլորը եկել էին Հայաստանի հարավում գտնվող այս փոքրիկ քաղաքով` Գորիսով, որն ունի ընդամենը 20 հազար բնակչություն նորմալ պայմաններում, որը ստիպված էր գործ ունենալ նման հսկայական հոսքի հետ:
Մինչ այժմ շատ ընտանիքներ տեղափոխվել են երկրի տարբեր շրջաններ՝ կա՛մ այնտեղ հարազատներ կամ ընկերներ ունենալու պատճառով, կա՛մ էլ հաստատվել են կառավարության տրամադրած կացարաններում:
«Ընտանիների Հայաստան ժամանելու առաջին օրերին այցելեցի Հայաստանի կառավարության ստեղծած հաշվառման կենտրոններ։ Գրանցման այս կենտրոններն ունեին բուժքույրերով ու բժիշկներով աշխատող «առողջապահական կայաններ», և ես զրուցեցի նրանց հետ՝ հարցնելով, թե երեխաները ինչ ֆիզիկական և հոգեկան վիճակում են ժամանել։ Եվ նրանք բոլորը նույն բանն էին ասում. երեխաները եկել էին սոված, թերսնվածության նշաններով, շատ հոգնած, նրանցից շատերը ջերմություն ունեին կամ այլ հիվանդություններ: Այս կենտրոններում աշխատող հոգեբաններն էլ ասացին, որ երեխաները շոկի մեջ էին, փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ... Եղբայրները երեքն էին. նրանք ասացին, որ շատ քիչ ժամանակ ունեին անհրաժեշտ իրերը պարզապես հավաքելու համար։ Յուրաքանչյուր տղա կարողացել է վերցնել մեկ փոքրիկ ուսապարկ, որտեղ նա տեղավորել է ամենաանհրաժեշտ իրերը, օրինակ՝ ներքնազգեստ և այլն, և մեկ կամ երկու փոքրիկ խաղալիք, որոնք նա կարողացել է տեղավորել: Նրանք հուզվեցին, երբ հասան մանկական անկյուն և տեսան, որ շատ խաղալիքներ կան որոնցով կարող են խաղալ»:
Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում հիմնական մարտահրավերը կլինի կրթությունը՝ հաշվի առնելով այդքան շատ երեխաների տեղաբաշխումը: «Մենք տեսանք, որ որոշ ուսուցիչներ փորձում էին գտնել իրենց աշակերտներին, համախմբել, ինչ-որ նորմալության զգացողություն ստեղծելու համար... Կրթության նախարարությունն առաջին իսկ օրերից ասում էր, որ այդ երեխաներին ինտեգրելու է դպրոցական համակարգին։ Կարծում եմ, որ 6000-ից ավելի երեխա է ինտեգրվել ու գրանցվել, բայց ակնհայտորեն դա շատ մեծ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար»։
Ըստ նրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիտարկում է տարբեր տեսակի աջակցություն: «Անմիջապես առողջապահության նախարարություն ենք փոխանցել հատկապես երեխաների համար նախատեսված դեղերն ու բժշկական պարագաները։ Մենք նաև լրացուցիչ դեղամիջոցներ ենք ձեռք բերում, ինչպես նաև թերսնուցման նշաններ ունեցող երեխաների համար բուժական սնունդ։ Մանկական անկյուններ ենք ստեղծել»։ Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հայաստանի կրթության նախարարության հետ համագործակցելով, ուսումնասիրում է ժամանակավոր դասասենյակների, երեխաների համար կացարանների լրացուցիչ տարբերակներ ստեղծելու և ուսուցիչների վերապատրաստման հնարավորությունը, թե ինչպես լավագույնս աշխատել այս երեխաների հետ և ինտեգրել նրանց դպրոցական համակարգում:
«Ակնհայտ է, որ մեծ հարցը կապված է նաև ապրուստի միջոցների հետ, թե ընտանիքներն ինչպես կարող են ծայրը ծայրին հասցնել: Կառավարությունն արդեն հայտարարել է դրամական փոխանցումների սխեմաների մասին։ Եվ մենք հիմա աշխատում ենք Աշխատանքի նախարարության հետ՝ հասկանալու համար, թե երեխա ունեցող ընտանիքներն էլ ինչի կարիք կունենան, և ինչ այլ ծախսեր պետք է հոգան, օրինակ՝ կրթության համար, երբ նրանք դպրոց ընդունվեն»: