|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Եվրամիությունը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
Նրա խոսքով՝ ԵՄ պատվիրակությունը եկել է ցուցադրելու Եվրամիության ամբողջական աջակցությունը Հայաստանին, հայ ժողովրդին, հատկապես Ղարաբաղից տեղահանվածներին:
«Այս դժվար իրադրության ժամանակ Ղարաբաղից տեղահանվածները կարող են ստանալ Եվրամիության ամբողջական աջակցությունը: Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վերջին գործողություններից հետո մենք շատ արագ կազմակերպեցինք ավելի քան 5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն, իսկ մի քանի օր հետո այն կրկնապատկեցինք: Այժմ այդ օգնությունը, որը նախատեսված է Ղարաբաղից տեղահանվածների համար, գնահատվում է 10 միլիոն եվրոյից ավելի»,- ասաց Լենարչիչը։
ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը նաև հայտնեց, որ մի քանի ժամից Հայաստան կառաքվի մարդասիրական օգնության պարագաներ, որի նպատակն է աջակցել օգնության կարիք ունեցողներին:
«Պետք է ընդգծեմ Հայաստանի իշխանությունների բոլոր մակարդակների կողմից իրադրության շատ արագ ու արդյունավետ կառավարումը: Պետք է ողջունեմ նաև հասարակ մարդկանց աջակցելու պատրաստակամությունը»,- ասաց ԵՄ պաշտոնյան։