կարևոր
3136 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-04 20:03
Քաղաքական

Շիրակ Թորոսյանին հեռացրե՞լ են սեփական կուսակցությունից  

Շիրակ Թորոսյանին հեռացրե՞լ են սեփական կուսակցությունից  

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ ԱԺ պաշտոնական կայքէջում զետեղված կենսագրականի մեջ նշված է, որ վերջինս 1997-2021 թթ. եղել է «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կազմակերպական բաժնի վարիչ, 2006-2021 թթ.՝ կուսակցության փոխնախագահ: Նույն հարթակում Շիրակ Թորոսյանը պաշտոնապես ներկայացված է իբրև անկուսակցական: Ենթադրելի է՝ հենց 2021 թ. վերջինս դուրս է եկել «Հզոր հայրենիք» կուսակցությունից կամ, ամենևին չի բացառվում, Թորոսյանին հեռացրել են նշված քաղաքական կազմակերպությունից:

Մեր վերջին ենթադրությունը պատահական չէ, քանի որ «Հզոր հայրենիք» կուսակցության  ծրագրային դիրքորոշումներում պարզ գրված է. «ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը. ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի մաս» (ՀՀ կուսակցություններ, տեղեկագիր 2007, Երևան, 2007, էջ 226): Պարզորոշ է՝ Արցախի հարցում նման կարծր ծրագրային դրույթ ունեցող կուսակցության փոխնախագահը չի կարող լինել մի անձ, ով հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս հայտարարած դավաճանական խմբավորման կարկառուն անդամ-պատգամավոր:

Պատերազմից հետո Փաշինյանի իշխանության դավաճանություններին ու բացահայտ թուրքահաճո ուղեգծին հավատարիմ մնացած, Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հոտընկայս ծափահարած Շիրակ Թորոսյանն այժմ էլ, երբ այդ նույն իշխանությունը հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, շարունակում է հաճույքով մնալ Փաշինյանի իշխանական նավում՝  ինքնըստինքյան ասելով, որ ինքը ևս Արցախը համարում է Ադրբեջանի մաս:

Արդյոք Շիրակ Թորոսյանին հեռացրել են «Հզոր հայրենիք» կուսակցությունից՝ կուսակցության գաղափարաբանությանն ու ծրագրային դրույթներին դեմ գնալու,  Փաշինյանի՝ Արցախի դեմ իրագործվող հանցավոր քաղաքականությանը մաս կազմելու, դրանով իսկ՝ «Հզոր հայրենիքի» անցած ուղուն, պատվին և հեղինակությանը հսկայական ռեպուտացիոն վնաս պատճառելու համար, թե՞ Թորոսյանն ինքն է հեռացել իր նախկին կուսակցությունից, վերջինիս հետ անցած քառորդարյա ուղուց՝ որոշելով ընտրել Փաշինյանի  խմբավորման ընտրած թուրանական ընթացքն ու ընդունելով, որ Արցախն  Ադրբեջանի անբաժան մասն է:

Վերոնշյալ հարցերը գրավոր ուղղել ենք Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին և սպասում ենք պարզաբանումների: