Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Օրերս, երբ Արցախում իրենց ինքնության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, համացանցում հայտնվեց արցախցի մի փոքրիկ աղջնակի լուսանկար, որը նստացույց էր անում՝ ձեռքին պարզած մի պաստառ՝ «Զավակիդ չլքես, Մայր Հայաստան» հուզիչ գրառմամբ։ Հավանաբար փոքրիկ արցախցուն տանը կամ մանկապարտեզում սովորեցրել էին, որ մայրը և հայրենիքը ամենաթանկն են, սուրբ են, միակն են, որոնց հետ ամենադժվար պահերին կարելի է հույս կապել, հենվել նրանց վրա, վստահել նրանց։ Եվ քանի որ մայրն ու հայրենիքը ամենաանկեղծն են, անկաշառն ու նվիրվածն են, հենց դրանով էլ ամենաուժեղն ու ամենահզորն են։ Փոքրիկը բնազդով հավանաբար գիտեր, որ սեր և ջերմություն միայն իր հայրենիքում կարող է գտնել, որ հայրենիք կորցնելու դեպքում այլևս իր մանկությունը՝ անհոգ, երիտասարդությունը՝ երջանիկ, իսկ ծերությունը՝ հանգիստ ու ապահով չի կարող լինել։
Ինչ իմանար փոքրիկը, սակայն, որ իրեն ու իր սիրելի Արցախին պատուհասած դժբախտությունների մեծ մասը հենց Մայր Հայաստանից են գալիս, արդյունք են իշխանությունների դավադրության և հայրենակիցներից շատերի անբարո անտարբերության, որ հենց այդ իշխանություններն են պատանդ հանձնել Արցախն ու ու արցախցիներին, որ Արցախն իրենց համար ընդամենը գլխացավանք է, որ Մայր Հայաստանում շատերի համար Արցախը շահարկվել է իշխանության, փառքի ու հեղինակության հասնելու ու հարստանալու համար։ Հավանաբար փոքրիկին խնայել են և չեն ասել, որ այսօրվա Մայր Հայաստանն առաջվանը չէ, որ Հայաստանը թույլ ու խեղճ է, որ Հայաստանում ոմանք չունեն հայրենիքի ու պետականության զգացում և չեն կարող իրենց պաշտպանել։ Իսկ իրերն իրենց անունով պետք է կոչել և ասել, որ մեր սերունդը ցավալիորեն չկարողացավ մեր պապերի թողած երկիրն առանց կորուստների այս փոքրիկներին փոխանցել։ Մենք պետք է ամաչենք ոչ միայն այս սերնդի առջև, այլև դեռ չծնվածների ու մեր նախնիների առջև, մեր հերոսների առջև, որոնց թափած արյունը դարձրեցինք «հանուն ոչնչի»։
Բայց փոքրիկ աղջնակը բնազդաբար գիտի նաև, որ անգամ ժամանակավոր թուլացած, բայց իր Մայր Հարենիքից բացի ուրիշ ոչ մեկը չի կարող իրեն պաշտպանել, իր անվտանգությունը երաշխավորել ու ապավեն լինել իրեն։ Ուզում եմ, որ փոքրիկ արցախցին համոզված լինի, որ իր Մայր Հայաստանում գերակշռող մասը սիրում է իրեն ու բոլոր արցախցիներին և ամեն ինչ անելու է Արցախի անկախության ու անվտանգության համար։ Հայաստանում գիտեն, որ առանց Արցախի չի կարող լինել Հայաստան, և առանց Հայաստանի չի կարող լինել Արցախ, որ Մայր Հայաստանը դեռ վերածնվելու է և իր ու իր սերնդակիցների համար լինելու է հզոր ու ապահով հայրենիք, որ ժամանակն առանց հետք թողնելու կուլ է տալու հայրենադավներին ու ամբոխների կուռքը համարվող դատարկ ու պոպուլիստ զազրախոսներին, որոնք ազգի փրկիչ էին ձևանում, սեր ու համերաշխություն էին խոստանում զանգվածներին, իսկ իրականում ավանտյուրիստներ դուրս եկան։
Որպես կանոն՝ օտար նվաճողները չեն կարող հպատակեցնել, անուժ կգտնվեն ազգային համերաշխության դեմ, եթե այդ ազգն ունի պայքարելու բավարար կամք և անվախություն։ Դեռ գալու են ժամանակներ, երբ մեր երկիրը իմաստուն կառավարիչներ կղեկավարեն, առաքինությունը, ազնվությունը, քաջությունն ու հայրենասիրությունն էլ լավագույնս կգնահատվեն, իսկ վախկոտությունը, կեղծավորությունը, ապերախտությունն ու դավաճանությունը ամենաշատը կպատժվեն ու կպախարակվեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում