Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սննդի ու առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների համար կտրոններ, վառելիքի սղություն, գազի բացակայություն, հովհարային անջատումների գրաֆիկով մատակարարվող էլեկտրաէներգիա:
Այսպիսին է 2022 թ. դեկտեմբերի 12-ից Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ հայտնված Արցախում ստեղծված իրավիճակը։
Չսահմանափակվելով բնապահպանական կեղծ պատճառաբանություն- ներով, Շուշիի մոտ ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը ապրիլի 23-ին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացնող ճանապարհահատվածը (Լաչինի միջանցքում) և սկսել անցակետի կառուցման ու կահավորման աշխատանքները: Նույն օրը հայտարարություն է տարածել ԱՀ Անվտանգության խորհուրդը՝ «բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և այնտեղ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը»։
«Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է, դիմում ենք եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ»,— ասվում է հայտարարության մեջ։
Անցակետի տեղադրումից հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ․ նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտ, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից: Երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների մի շարք բնակիչների, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու մայիսի մեկին ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, անակնկալ կերպով կանգնեցրել են ադրբեջանցի ծառայողները և անձնագրային ստուգման ենթարկել:
Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի: Միայն մայիսի 5-ին ՌԴ խաղաղապահների միջոցով ԱՀ կառավարության կողմից մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ են ուղարկվել նշյալ համայնքների բնակիչներին:
Ապրիլի 23-ին անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց հետո Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը․ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։
ԱՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ կասեցվել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք: Դրանով պայմանավորված՝ ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:
Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1240 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից (վերջին 2 օրվա ընթացքում շուրջ 20 դեպք է ավելացել)։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 54 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ շրջափակման բացակայության դեպքում (152 օրվա ընթացքում 139,840-ի փոխարեն՝ 2575 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման պայմաններում (152 օրվա ընթացքում մոտ 60,800 տոննայի փոխարեն՝ 4657 տոննա):
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 289 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 32 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Սակայն չնայած կենցաղային բազում անհարմարություններին, սոցիալական, հոգեբանական խնդիրներին՝ Արցախում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում:
Ապրիլի 28-ից «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» երիտասարդական շարժումը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի վարած արցախահայության էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:
Պահանջագիրն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին, Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության կառավարության ղեկավարի: Մայիսի 9-ի դրությամբ թղթային և առցանց եղանակով հավաքագրվել է շուրջ 120 000 ստորագրություն:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից մայիսի 9-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է համաժողովրդական հանրահավաք։
Հանրահավաքին նախորդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարում անցկացված հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների, որից հետո տեղի է ունեցել խաչերթ՝ դեպի Եղբայրական հուշահամալիր, որտեղից էլ երթի մասնակիցները ուղղվել են դեպի Վերածննդի հրապարակ՝ միանալով հանրահավաքի մասնակիցներին։
Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց արցախցիների կարմիր գիծը՝ դնելով անցակետ: «Պատասխանը միակն է․ պետք է պայքարել, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում դու դառնում ես ստրուկ, ոչ արժանապատիվ մարդ, քո վրայով կարող են անցնել՝ ոտքերը սրբելով։ Ինձ և բոլորիս համար այդ կարմիր գծերը պետք է հստակ լինեն, որովհետև մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր անձնագրերը ստուգի ուրիշ պետություն։ Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան։ 159 օր մենք շրջափակման մեջ ենք, չունենք գազ, չունենք լույս: Դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց դիմանում ենք ու չենք ընկճվում: Այո՛, ծանր է վիճակը, բայց մենք գիտենք մի բան․ այսպես ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք լինել չի կարող, սա ռեօկուպացիա է, իսկ մենք թույլ չենք տալու ռեօկուպացիա ոչ մեկին»։ Դիմելով ՀՀ-ում և Սփյուռքում ապրող հայերին՝ նա կոչ արեց կանգնել Արցախի կողքին. «Արցախը միայն արցախցիների համար չէ, այլ ամբողջ հայության: Արցախը չլինի՝ չի լինի հայկական աշխարհը»։
«Մենք ձեզ հետ այսօր կերտում ենք պատմություն և պատմության մեջ մենք ենք մնալու, ոչ թե վախկոտները, ոչ թե կոռումպացված մարդիկ, ոչ թե մարդիկ, որոնք անտարբեր են եղել: Մենք ենք մնալու պատմության մեջ որպես մարդիկ, որոնք կանգնել են հայոց աշխարհում ու պաշտպանել մեր արժանապատվությունը: Վստահ եմ՝ դա լինելու է այս դարերի պատմության ամենակարևոր էջը»,— խոսքը եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:
Հավելենք, որ ստորագրահավաքը շարունակվում է:
Մայիսի 13-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ նախորդ երկու ամիսներին քաղաքական, հասարակական մի շարք ուժերի, մտավորականների, Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությամբ քննարկվել է Արցախի ապագայի տեսլականը, և մշակվել են ճանապարհային քարտեզներ։ Դրանք ներկայացվել են Արցախի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Անվտանգության խորհրդին և բավարար հիմք են գործողությունների ծրագիր դարձնելու համար։
«Կատարված աշխատանքի արդյունքում մեծամասնությամբ եկել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համաձայնության, որը պետք է դառնա համախմբման առանցքը։ Եվ այս համախմբումը ոչ թե անձերի շուրջ է, ոչ թե այս կամ այն ուժի, այլ Արցախի ապագայի, ամբողջականությունը վերականգնելու և Արցախը հայկական պահելու նպատակի շուրջ։ Իրավիճակն այնպիսին է, որ մենք կա՛մ համախմբվում ենք և պարտադրելով մեր կամքը՝ անում ենք հնարավորը իրադարձությունների ընթացքը փոխելու համար, կա՛մ տրվում ենք պառակտող, ապակողմնորոշող ու մեզ անզոր դարձնող, հետևողականորեն տարածվող նարատիվներին ու սադրանքներին։ Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է, ուստի անձնական նկրտումները, շահը և պաշտոնը անիմաստ են դառնում»,— իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռ. Վարդանյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին առավել մանրամասն կխոսի Արցախի անվտանգության և զարգացման աջակցության համահայկական ճակատի մասին։
Ի պաշտպանություն Արցախի՝ «Կամավորական շարժում» ՀԿ-ն մայիսի 20-ին նախաձեռնել է երթ և հանրահավաք անցկացնել Կոռնիձորում: «Արցախը մերն է։ Արցախը Հայաստան է, Հայաստանը՝ Արցախ։
Բոլոր հայերը արցախցի են։ Ոտքի՛, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, որպեսզի ցույց տանք ամբողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ փորձում են իրեն պարտադրել»,— ասվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։
Տաթևիկ Աղաջանյան