Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կարծում եմ՝ վերջերս ինչ-որ բան փոխվել է մեր խորհրդարանում։ Առնվազն իմ մասնակցությամբ, առնվազն երկու շատ կարեւոր քննարկումներ ենք ունեցել մեր խորհրդարանում»: Նախօրեին Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հարցուպատասխանի ժամանակ ասել է Փաշինյանը՝ պատասխանելով իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին հարցին։ Նա նշել է, որ եղել են ինչ-որ միջադեպեր, հիմա գուցե հույզերը մի փոքր նվազել են, դաշտ է բացվել ավելի կառուցողական քննարկումների համար։ Փաշինյանի գովեստների առիթով զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ։
- Նիկոլ Փաշինյանը գովել է ընդդիմությանը՝ ասելով, որ եթե նախկինում շշերով խփում էիք իրար, հիմա ընդդիմադիրներդ լսում եք իր շատ ուղերձներ։ Ի՞նչ կասեք այս մասին։
- Կարծում եմ՝ ներքաղաքական շահից դրդված՝ ձեւական կողմը դարձնել բովանդակային եւ ներկայացնել, թե ամեն ինչ կարգին է, իրենց տեսակետն ու ակնկալիքն է։ Բայց, մեծ հաշվով, ՀՀ որեւէ քաղաքացի, համենայնդեպս՝ մեզ քվե տված քաղաքացիներն ու մենք, չենք կարող կառուցողական վերաբերվել հայրենիք հանձնելու, մեր ինքնիշխանության նշաձողն իջեցնելու եւ այսքան արհավիրքներ բերելու գործընթացին։ Հնարավոր չէ ու չի կարող լինել, որ երբեւէ մենք կարող ենք լինել կառուցողական՝ այդ բառի բացասական իմաստով։ Չես կարող լինել կառուցողական, երբ քո հայրենիքն ու սերունդների ապագան դրված են զոհասեղանին, եւ ընդամենը մի քաղաքական խմբակ փորձում է խաբեությամբ ձեռք բերած, խլած իր իշխանությունը պահել՝ դրա համար պատրաստ լինելով վճարել ցանկացած գին, այդ թվում եւ՝ ՀՀ սուվերեն տարածքից կտոր-կտոր հանձնելը, անընդհատ զիջելը՝ թվացյալ տնտեսական շահից ելնելով, Արցախից բառացիորեն ձեռքերը լվանալը, եւ, առհասարակ, մեր անվտանգային ցանկացած խնդիր սկսվում եւ ավարտվում է այսօրվա իշխանության գործողություններով եւ անգործությամբ։
- Չե՞ք ընդունում, որ ընդդիմության մոտ բացակայում է նախկին՝ ընտրություններից անմիջապես հետո որդեգրած հռետորաբանությունը, այլեւս դավաճան չեք անվանում Փաշինյանին, տեւական բոյկոտից հետո էլ վերջերս վերադարձաք խորհրդարան՝ կառավարության կաբինետի հետ հարցուպատասխանի։ Գուցե այս ամենը նկատի ունենալո՞վ է Փաշինյանը նման հայտարարություն արել։
- Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանության երեւացող գործողություններն այսօր բոլորովին տարբեր են, քան իրենք իրականում անում են, որովհետեւ հետագայում երբ հետեւանքները տեսնում ենք, պարզ է դառնում, որ խոստումները չեն համապատասխանում իրենց քայլերին, իրականությանը։ Ես չգիտեմ՝ որ շահից դրդված են նման պատկեր փորձում ցուցադրել, թե՝ տեսեք-տեսեք, մեր հանրությունը համակերպվել է այն գործողությունների հետ, որ իրենք անում են։ Այն բառախաղը, որ ես դավաճանի պիտակից չեմ վախենում, եւս այն մասին է, որ նախկին ագրեսիվությունը, որ ունեին, ուզում են ցույց տալ, թե չկա, «գող՝ սիրտը դող»՝ էդ վիճակն էլի պահպանվել է, պարզապես այլ տակտիկա են որդեգրել՝ թերեւս ինչ-ինչ մարտավարական նպատակով, արտաքին խաղացողներին ինչ-որ բան ցույց տալու համար։ Բայց այս ամենը ձեւական է։ Գիտեք՝ հեշտ բան չէ երկիր հանձնելը, պետական ինստիտուտները հիմնահատակ քանդելը եւ մի ամբողջ ժողովրդի անհայրենիք թողնելը, եւ այդ ճանապարհին կարող են լինել տարբեր՝ պոպուլիստական, դերասանական դրսեւորումներ, բայց դրանից բուն խնդիրը չի փոխվում։ Մենք պիտի պայքարենք մեր հայրենիքի համար, եւ պայքարը չի կարելի ընկրկել։
- Բայց կարծես թե ձեր մարտավարությունն էլ է զուգահեռ փոխվել, ես նշեցի, որ նախկին կոշտ արտահայտությունները, քննադատությունը չկա, գուցե վախենում եք բռնությունից, խորհրդարանի դահլիճում ծեծկռտուքից։
- Գիտեք, Ձեր ասածը գնահատման խնդիր է, ի վերջո, հռետորաբանությունը փոխելով՝ երեւույթները չեն փոխվում, թեպետ չեմ կարծում, որ մենք հռետորաբանություն ենք փոխել։ Հիմա եթե ԱԺ-ում իշխող մեծամասնությունը բառի վրա չի հարձակվում ընդդիմության վրա, բռունցքներին ազատություն չի տալիս, չի նշանակում, որ խնդիրների դրվածքը փոխվել է։ Չի նշանակում, որ մենք որեւէ ձեւով համաձայն ենք իրենց գործողություններին, վարքագծին։ Ինչ վերաբերում է վախենալուն, չեմ կարծում, թե այդ հարցադրումը տեղին է։ Այն վտանգավոր իրավիճակը, որում գտնվում ենք մեր ընտանիքներով, նաեւ հավաքական առումով՝ ժողովուրդը, մտածել, որ հռետորաբանությունը փոխել, որ ինչ-որ բան լինի․․․․ Այն խնդիրները, որոնց այսօր ականատես ենք, եւ որոնք ավելացնում են մեր գոյաբանական խնդիրները, այս պարագայում մտածել անձնական վախերի մասին․․․ Այդպես որ լինի, ամենալավ ճանապարհը՝ թողնես պայքարը եւ հեռանաս, եթե խուսափում ես պայքարից։ Ի վերջո, իշխող խմբակը կառավարվում է մեկ կենտրոնից, իրենք անում են այն, ինչ հրահանգ ստանում են այդ մեկ կենտրոնից, այս պարագայում մտածել, որ այսպես անեմ, որ իրենք այսպես անեն, անիմաստ է, կրկնում եմ՝ այդ մարդիկ ղեկավարվում են մեկ մարդու կողմից։ Մեր պայքարը շարունակվում է, եւ մենք մեր ուղուց չենք շեղվել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում