Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Կիրակի, 16 -ը ապրիլի 2023-ին ժամը 7:00-ին հովանավորությամբ Բերիո Հայոց Թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարյանի Հալեպի Ազգ. Քարեն Եփփե ճեմարանի տարածքում տեղի ունեցավ Արցախի զորակցական հավաք:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի խոսքը.
Գերաշնորհ սրբազան հայր,
Սիրիայի Հանրապետութիւնում ՀՀ պաշտօնական ներկայացուցիչներ,
Սիրելի հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ, ընկերներ,
Նախ ուզում եմ Արցախի պայքարող մեր հայրենակիցների ջերմ ողջույնները փոխանցել Ձեզ այս դժվարին օրերին:
Ուզում եմ խոնարհվել ազգային-ազատագրական պայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև: Ընդունեք եւ փոխանցէք իմ ցավակցությունները երկրաշարժի զոհերի հարազատներին: Ուժ ու կորով Ձեզ և Սիրիայի պայքարող ժողովրդին:
Անցած երեսուն տարիներին Սիրիայում բնակվող մեր հայրենակիցները, անտեսելով բոլոր ներհամայնքային դժվարությունները, Արցախի հետ էին ու արցախցու կողքին, ողջ կարողականությամբ սատար լինելով Արցախի արդար դատին:
Ձեր աջակցության շունչը մենք միշտ զգացել ու զգում ենք Արցախում, ոգևորվելով, վստահ եմ երբեմն էլ ոգևորում ենք Ձեզ: Մեր ճակատագրերը նման են իրար՝ ամենօրյա պայքարի ու մաքառումի օրակարգերով:
Երբ 2016-ի մայիսին Սիրիայում էի, բոլորովին այլ էր կացությունը թե՛ այստեղ Սիրիայում, թե՛ Արցախում: Անշուշտ, դժվարությունները այդ օրերին Ձեզ համար ավելին էին, հաշվի առնելով օրվայ մարտահրաւէրները, չնայած Արցախում 2016-ի ապրիլյան օրերի մղձավանջը դեռ չէր անցել: Սակայն այսօր բոլորովին այլ է մթնոլորտը ողջ համահայկական դաշտում:
Այսօր խաթարվել է հաղթանակների ու հաջողությունների գրավական Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Հայ ժողովուրդը բաժանվել է հատվածների, հների ու նորերի, սպիտակների և սևերի: Միասնականությամբ, պայքարի ոգով տոգորված, հաղթանակած ժողովրդից կարծես հետք չի մնացել:
Արտաքին ու ներքին ուժերի «հակահայ ջանքերը» իզուր չեն անցնում: Նրանց նպատակը տրոհված հայ ժողովուրդ տեսնելու, կործանված Հայկական պետականություն ունենալն է: Սակայն այդ ուժերի նենգամիտ ձգտումները չեն կարող իրականություն դառնալ, քանի դեռ կանք մենք, հայ ժողովրդի այն տեսակը, որ խորությամբ գիտակցում է իր առաքելությունը և պատրաստ է ջանքեր ուղղորդելու և չեզոքացնելու նրանց բոլոր ծրագրերը: Գիտենք, այսօր խոսելու ժամանակները չեն: Երբեմն լուռ գործելը ավելի արդյունավետ է, քան հրապարակային ճառեր հնչեցնելը: Մեր կացությունը այնպիսին է, որ պարտավորված ենք խաղի այս կանոններով առաջնորդվել:
Աշխարհաքաղաքական զարգացումները և տեղի ունեցող իրադարձությունները չեն շրջանցելու մեզ: Սա պետք է գիտակցի մեզանից յուրաքանչյուրը, և գործի այդ տեսլականով:
Իրարահաջորդ աշխարհաքաղաքական ցնցումները կարող են առաջացնել մահացու ալիքներ: Անդրադառնալով նախորդ տարիներին պիտի արձանագրենք, որ այսպիսի մի ալիք մեզ հարվածել է 2018թ.-ին իր կեղծ ու մոլորեցնող օրակարգով: Հաջորդ ալիքը չուշացավ. դա 2020թ. 44-օրյա պատերազմի տեսքով էր: Արդյունքներն ու հետևանքները բոլորի համար պարզ է:
Քանի այսօր Արցախին նվիրված զօրակցական ձեռնարկ է, տեղին է անդրադառնալ այն հիմնական ուղղություններին ու ոլորտներին, որոնք կարևոր են 2020թ. յետ պատերազմեան ժամանակաշրջանին.
– անվտանգություն
– կարգավիճակ
– տնտեսություն
– սոցիալական հիմնախնդիրներ
– ժողովրդագրություն(դեմոգրաֆիա)
– շրջափակում
Նախ անվտանգութեան մասին.
Արցախի անվտանգության երաշխավորներն էին ՀՀ զինված ուժերն և Արցախի ՊԲ-ն: 2020թ.-ի պատերազմից հետո արմատապես փոխվել է ընդանուր անվտանգային համակարգն ու կառուցվածքը:
Հայաստանը հայտարարում է, որ չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը, հետևապես նաև չի կարող լինել հիմնական երաշխավոր: Արցախի ՊԲ-ն թուլացած է, կրկնապատկվել է մեր սահմանները, իսկ ներքին ռեսուրսները սահմանափակ են: Հայտնվել են ՌԴ խաղաղապահները, որոնց միջոցով համալրվում է այն բացը, որը առաջացել է 44-օրյայից հետո: Սակայն, անցած 2,5 տարիներին Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Արցախի նկատմամբ էթնիկ զտումներին միտված քայլերը մեզ թելադրում են նախ ամրապնդել և ուժեղացնել Արցախի Պաշտպանության բանակը, այնուհետև ստեղծել անվտանգային հավելյալ գործոններ: Դրան են միտված մեր քայլերը:
Կարգավիճակի մասին.
Բանակցային գործընթաց գրեթե չկա: Արցախը դուրս է մնացել բոլոր գործընթացներից: ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցութիւններն ու քննարկումները ընթանում են «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ: Ադրբեջանը ներկայացրել է իր պահանջները, ՀՀ-ն իր պատկերացումները: Ներկայումս հեռակա բանակցություններ են ընթանում: ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթէ լուծարված է, հետևաբար չկա միասնական մոտեցում: Հավաքական Արևմուտքը ունի իր տեսակետներն ու առաջարկները, ՌԴ-ն՝ իր: Այստեղ տեղին է հիշեցնել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղությունների մասին.
– ԱՀ միջազգային ճանաչում
– ինքնորոշման իրավունքի իրացում
Ներկա հանգրվանում շատ քաղաքական ու պետական գործիչներ, իրատեսական չեն համարում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը: Սակայն մեր մոտեցումներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այո, հետպատերազմյան ժամանակահատվածը վերածվել է գոյութենական պայքարի, բայց չի փոխվել մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը մայր հայրենիքին վերամիավորվելու գաղափարը:
Ինքնորոշման իրաւունքի իրացման ուղղութեամբ մեր քայլերը յստահ են ու նպատային: Ժողովրդավարութիւն քարոզող աշխարհը չի կհարող այն ստորադասել տարածքային ամբողջականութեան սկզբունքին եւ գողարկուած ու երկակի ստանդարտներով փորձել թաղելու Ղարաբաղեան հիմնահարցը:
Հետպատերազմյան Արցախը ստիպված էր ու է դիմակայել տնտեսական ու սոցիալական այն մարտահրավերներին, որոնց դեմ առ դեմ էր կանգնած. տարածքների կորուստ, քայքայված գյուղատնեսություն, պարենային անվտանգության նոր մարտահրավերներ: Անհրաժեշտ էր արագ վերակազմակերպում և նոր նախաձեռնութիւններ: Այդ մտայնությամբ զարկ տրվեց ջերմոցային տնտեսությանը, այգեգործությանը և հացահատիկային նոր մշակաբույսերի զարգացմանը: Այգեգործության հնարավորությունները փոխարինվեցին բանջանարոցային տնտեսություններով:
Արցախի տնտեսության ողնաշար համարվող հանքարդյունաբերությունն ու էներգետիկ համակարգը լուրջ հարվածներ ստացան. հանքարդյունաբերական որոշ տարածքներ հայտնվեցին Ադրբեջանի օկուպացիայի տակ, իսկ մինչև վերջերս գործող Կաշենի հանքավայրի շահագործումը ԱՀ կառավարության որոշումով ժամանակավորապես դադարեցվեց այսպես կոչված «էկոակտիվիստների» կեղծ օրակարգի արդյունքում:
Էներգիայի սեփական պաշարներով հարուստ և ինքնաբավ Արցախը ներկայումս ստիպված է հովհարային անջատումներով հոսանք տրամադրել ժողովրդին: Ադրբեջանական կողմն ակնհայտ ձգտումներ ունի իր հսկողության տակ առնելու Սարսանգի ջրամբարը:
Սոցիալական բևեռացումն ավելի խորացավ 44-օրյա պատերազմի արդյունքում բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու և կորցրած գույքի փոխհատուցման ծրագրերի ոչ լիարժեք իրականացման պատճառով: Հնարաւորութիւնները սահմանափակ են, ծրագրերը բազմաթիւ:
Արցախի ժողովրդի 27%-ը բռնի տեղահանված է, ներկայումս 20000-ից ավելի արցախցիներ են գտնվում Հայաստանում՝ սպասելիքներով ու երազներով:
Լուրջ մարտահրավեր է դարձել ժողովրդագրությունը:
Եթե պատերազմից հետո մեզ համար կարևորվում էր կայուն ժողովրդագրական վիճակի պահպանումը, ապա ներկայումս շրջափակման հետևանքով և ապաշրջափակումից հետո անհրաժեշտ է լինելու նախ արտագաղթի կանխումը, իսկ հետո՝ կայուն տեմոկրաֆիգ վիճակի ապահովումը:
Ադրբեջանը հատուկ հաշվարկներ ունի հենց այս առումով, նախ շրջափակման միջոցով Արցախին պարտադրել հրաժարվել իր քաղաքական պահանջներից, իսկ յետոյ աստիճանաբար հայաթափել Արցախը:
Եվ այս ամենին պետք է ավելացնել ՀՀ իշխանությունների կողմից վարվող ապազգային քաղաքականությունը, որը լուրջ հարված է հասցնում ոչ միայն Արցախի հիմնահարցի հայանպաստ ու վերջնական հանգուցալուծմանը, այլև համազգային մեր մյուս խնդիրներին:
Ես յատուկ Հայաստանեան օրակարգ չեմ մտնում, սա մի այլ ու ամբողջական նիւթ է: Միայն մէկ արձանագրում որքանով փորձեն Հայաստանը հեռացնել Արցախից «կամայ թէ ակամայ» մենք դա թոյլ չենք տայ Հայաստանի ու հայոց պետականութեան լինելիութեան բանալին ինչ որ տեղ, իսկ գուցէ մեծաւ մասամբ Արցախում է:
Որքանո՞վ կբավարարեն մեր ռեսուրսները մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, դիմակայելու այն մեծ քաղաքական ցնցումներին, որոնք ակնհայտորեն չեն շրջանցի մեզ: Բավարար չափով գիտակցում ենք արդյո՞ք ստեղծված կացությունը, թե ոչ, և ինչպիսի քայլեր ենք ձեռնարկում մեր նավը ալեկոծ օվկիանոսից անվնաս կամ նվազ վնասով դուրս բերելու համար:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թվում է, թե չկան: Այո թվում է, որովհետև անորոշությունները շատ-շատ են: Իսկ անորոշությունների շարքը ստեղծում է անտարբերություն, անտարբերությունը հուսահատություն, և վերջապես հուսալքություն:
Այդպիսի կացությունը մեզ համար կործանարար է: Մենք չպետք է տրվենք դրան:
Հայ ժողովրդի պատմության անիվը վերջին տարիներին հակառակ ուղղությամբ է պտտվում: Անհրաժեշտ է այդ հետընթացը նախ կանգնեցնել, հետո ուղղորդել ճիշտ ուղղությամբ:
Պայքարի ճանապարհը այլընտրանք չունի: Ուզում եմ Ձեզ վստահեցնել և փոխանցել, որ այս համոզումն է առաջնորդում արցախցուն և այդպիսին է տրամադրությունը Արցախում: Ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք, լինի դա շրջափակման տեսքով կամ այլ, չի կարող մեզ համար լինել պարտադրանք որոշումներ կայացնելու համար:
Այս գիտակցումը և պայքարի ոգին Արցախում մարված չի: Դրա վառ վկայությունն են 2022թ. հոկտեմբերի 30-ի և դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց երկու հանրահավաքները մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ընդ որում, երկրորդ հանրահավաքը տեղի է ունեցել շրջափակման պայմաններում, որը ևս մեկ անգամ հաստատում է մեր պայքարի վճռականությունը:
Մենք Արցախում շատ լավ ենք հասկանում, թե համահայկական ինչպիսի քաղաքական, կազմակերպական ու բարոյահոգեբանական նոր մակարդակ է անհրաժեշտ ապահովել:
Համոզված եղեք, որ դրա պարարտ հողը կա:
Պետք է հավատալ, վստահել ու գործել:
Ցանկանում եմ նաև մի փոքր լուր փոխանցել Ձեզ: Փետրվարին, երբ տեղի ունեցավ աղետալի երկրաշարժը Սիրիայում, ՀՕՄ-ի Արցախի միավորի նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության իշխանությունների աջակցությամբ դրամահավաք սկսվեց ի զորակցություն Սիրիահայության:
Այսօր հպարտութեամբ ու ոգեւորութեամբ տեղեկացնում են ձեզ, որ համատեղ իրականացված այդ նախաձեռնությունը բավականին հաջող էր ու արդյունավետ: Ժողովուրդը սիրով ու նվիրումով է մասնակցել դրամահավաքին: Այս շրջափակման դժուար ժամանակահատուածում իրոք դա համահայկական միասնականութեան դրսեւորման մի փոքր օրինակ էր:
Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե մեր միասնությունը:
Փառք հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ճամբին իրենց կյանքը զոհաբերած նահատակներին:
Դավիթ Իշխանյան
Հալեպ, 16-ը ապրիլի 2023թ