Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Հայաստանից խառնակիչներ չլինեն, Ջավախքը միասնական կլինի. այսօր նման տեսակետ հայտնեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
«Մենք այսօր պահանջում ենք օրենքի ուժով հասնել ինքնավարության, ի տարբերություն հայաստանյան կազմակերպությունների, որոնք Հայաստանում նստած հայտարարություններ են անում Ջավախքի խնդիրների մասին եւ կոպիտ արտահայտություններով փորձում են հարցերին լուծում տալ` առանց ջավախքցու կարծիքը հաշվի առնելու»,- նշեց նա` այդ ամենը կոռեկտ չհամարելով:
Ըստ Ա.Գաբրիելյանի` Հայաստանում միասնական տեսակետ չկա` մի կազմակերպություն մի բան է հայտարարում, մեկ այլ կազմակերպություն` մի այլ բան, ընդ որում` ոչ ոք ինքնավարության պահանջ չի ներկայացնում:
«Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը եւս համոզված է, որ Ջավախքի ինքնավարությունն այլընտրանք չունի, սակայն, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները, Վրաստանի հետ իրենց հարաբերությունները չվատացնելու եւ նոր խնդիրներ չառաջացնելու համար Ջավախքին ինչպես հարկն է օժանդակություն չեն ցուցաբերում:
«Ջավախքի թեման միշտ էլ արծարծվում է ընտրությունների նախաշեմին, քաղաքական դիվիդենդներ շահելու համար: Բայց կարեւորը ոչ թե խոսքն է, այլ այդ խոսքը գործի վերածելը»,- ասաց նա:
Արաբյանը ողջունեց Հայաստանի իշխանությունների քայլը` դեմքով շրջվել դեպի գյուղ, բայց հիշեցրեց, որ Ջավախքն էլ գյուղական շրջան է, եւ ջավախքցուն այսօր գյուղում պահելու համար անհրաժեշտ են ներդրումներ:
Արտակ Գաբրիելյանի խոսքով` Գամսախուրդիայի ժամանակաշրջանից սկսած եւ Վարդերի հեղափոխությունից հետո ավելի կտրուկ արտահայտված հայաթափման եւ վրացականացման քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է. փակվում են հայկական դպրոցներ, կրճատվում են հայ մանկավարժների թիվը, հայոց լեզվի դասաժամերի քանակը:
Սակայն, ըստ նրա, եթե Հայաստանի իշխանությունը ցանկություն եւ կամք դրսեւորի, ինչ-ինչ հարցեր անպայման լուծում կստանան:
«Հայաստանում պարտվողական եւ զիջողական քաղաքականություն է տարվում, մինչդեռ Ջավախքը պետք է կամուրջ հանդիսանա երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները շարունակելու համար, այլ ոչ թե գործոն»,- ասաց Գաբրիելյանը եւ շեշտեց, որ այսօր Ջավախքը գործիք է դարձել երկու պետությունների ձեռքին:
Ըստ նրա` պետք է մշակել հստակ պետական քաղաքականություն` ցույց տալու, որ Հայաստանը շահագրգռվածություն ունի տվյալ տարածքի նկատմամբ: Սակայն երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ որեւէ ասուլիսում, Գաբրիելյանի խոսքով, Ջավախքի կամ ջավախահայության վերաբերյալ ոչ մի բան չի խոսվում. «Մեկ նախադասությամբ ասում են` վիրահայության խնդիրներ եւ վերջ»:
Արտակ Գաբրիելյանի համոզմամբ` եթե այս տեմպերով շարունակվի, հայերը Ջավախքում կդառնան ազգային փոքրամասնություն, եւ այն պարտավորությունները, որ Վրաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի առաջ, հօդս կցնդեն:
Բանախոսն անդրադարձավ նաեւ Վրաստանի արտգործնախարարի` Հայաստանում արած հայտարարությանը, թե «Ջավախք միավոր գոյություն չունի»:
«Ես ոչ միայն արտգործնախարարից էի պատասխան ակնկալում, այլեւ հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական ուժերից, ովքեր Ջավախքի հարցը դրոշակ են դարձրել ու դրանով հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու խնդիր են լուծում: Մեր խորհուրդը պատասխանել է Վրաստանի արտգործնախարարին` նշելով, որ նա դուրս է հանել Վրաստանի պետական գաղտնիքը, այն է` Վրաստանի քաղաքական քարտեզի վրա Ջավախքը չի լինի»,- հայտարարեց Ա. Գաբրիելյանը: