| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ նշեց, որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է խորհրդարանում և առանց իրենց դժվար է որևէ ընտրություն կազմակերպել: «Գաղտնիք չէ, որ այսօր քաղաքական դաշտում թելադրողը Հանրապետական կուսակցությունն է, որի քվեն տվել է ժողովուրդը»,- ասաց նա:
Խոսելով երեք ուժերի կազմակերպած հանրահավաքների օրակարգի մասին` Բաղդասարյանը նշեց, որ եռյակը փոխել է հանրահավաքների օրակարգը, որովհետև սկզբում օրակարգում սահմանադրական փոփոխություններին դեմ լինելն էր, իսկ հիմա հայտնվել է իշխանափոխության պահանջ: «Երևի այդ պահանջը ծնվել է հանրահավաքների ժամանակ: Փաստորեն, ճանապարհին օրակարգը փոխվել է, դա զարմանալի է, որովհետև դրա պահանջը չկա»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ժողովուրդն է պահանջում իշխանափոխություն, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանի երեք միլիոն ժողովո՞ւրդն է ուզում իշխանափոխություն: Բնականաբար, լինում են գոհեր ու դժգոհներ, բայց ընդդիմադիրներն իրենց մասսան ունեն, որոնք ցանկանում են իշխանափոխություն: Բայց ժողովրդի մեծ մասն էլ չի ուզում իշխանափոխություն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ ժողովուրդն այսօր Հանրապետական կուսակցության կողքին է, և դրա վկայությունը խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքներն են, իսկ իշխանափոխությունը ընդամենը ընդդիմության ցանկությունն է:
Պատգամավորի խոսքով` բոլորն էլ ցանկանում են դառնալ իշխանություն, և բոլորն էլ ցանկանում են դառնալ պետության առաջին դեմք, բայց այդքան առաջին դեմք չի կարող լինել մեկ պետության մեջ: «Չէի ցանկանա, որ որևէ քաղաքական ուժ խոսի ժողովրդի անունից, ժողովուրդն իր անունից խոսում է` սահմանադրության համաձայն կայացնելով իր ընտրությունը: Եվ հոկտեմբերի 10, դեկտեմբերի 10, մեզ համար նշանակություն չունեն, որովհետև մենք մեր գործն ենք անում»,- ասաց նա: