կարևոր
4339 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 16:18
Քաղաքական Հասարակություն

Ապաքաղաքական հասարակություն. ճանապարհ դեպի կործանում

Ապաքաղաքական հասարակություն. ճանապարհ դեպի կործանում

Հին Հունաստանում քաղաքականությունը ազատ քաղաքացիների իրավունքն էր` բարձրաձայնելու հասարակական կյանքի տարբեր հարցերի շուրջ իրենց տեսակետները: Միայն ստրուկները չէին կարող զբաղվել քաղաքականությամբ։ Այսօր աշխարհի բոլոր երկրներում գնալով ավելանում են մարդիկ, ովքեր ասում են` «ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում», «քաղաքականությունը կեղտոտ խաղ է»։ Հին Հունաստանից մոտ 2500 տարի անց շատ բան չի փոխվել. միայն հոգով ստրուկներին է բնորոշ ապոլիտիզմը, իրենց շուրջ և իրենց վրա անմիջականորեն ազդող ցանկացած երևույթի նկատմամբ անտարբերությունը, գիտակցված կամ անգիտակից քաղաքական նիհիլզիմը:

Կան մարդիկ, ովքեր փողոցում աղբ են նետում, կան գողություն անողներ, խաբեբայությամբ զբաղվողներ, կան մարդիկ, ովքեր միզում են քաղաքի բանուկ հատվածներում, կան նաև մարդիկ, ովքեր չեն զբաղվում քաղաքականությամբ: Այս բոլոր նշվածներից միայն քաղաքականությամբ չզբաղվողներն են հպարտորեն հայտարարում` «ԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ»:

Երբ սոցցանցերում գրում են, որ նրանք չեն նայել ֆուտբոլի Աշխարհի 2022 թ. առաջնության եզրափակիչը, նրանցից ոչ մեկին չի կարելի մեղադրել. ֆուտբոլը հոբբի է, նայում են նրանք, ովքեր սիրում են: Չի կարելի մեղադրել մեկին, ով կյանքում չի նայել «Գահերի խաղը» սերիալը, «Մատանիների տիրակալը» կամ «Հարրի Փոթերը», որովհետև ֆիլմ նայելը հոբբի է, ոչ թե պարտականություն: Եթե չեք հետաքրքվում ֆուտբոլով, ֆուտբոլն էլ չի հետաքրքրվի ձեզնով, չհետաքրքրվեք ֆիլմերով կամ գրքերով, դրանք չեն հետաքրքրվի ձեզնով: Բայց եթե չհետաքրքվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը կհետաքրքվի ձեզնով: 

Քաղաքականությամբ հետաքրքրվելը հոբբի չէ, այն քաղաքացու պարտականությունն է այն պետությունում, որտեղ բնակվում է: Ասում են` «քաղաքականությունը ձանձրալի է», այո, ձանձրալի է, ձանձրալի ու ցավոտ է ատամնաբույժի մոտ գնալը, ամեն առավոտ ցուրտ եղանակին աղբ դուրս տանել և թափելը, լողանալը, եղունգներ կտրելը, առավոտյան «իրար մեջ մտած» ավտոբուս նստելը և այլն, բայց այս ձանձրալի գործողությունները մարդիկ հարկադրաբար անում են, անում են, որովհետև ոչ թե սիրում են, այլ որ պետք է:

«Քաղաքականությունը կեղտոտ գործ է» - մարդկանց մեկ այլ խումբ է` «հավերժ դիսիդենտներ» (այլախոհ), ովքեր կարծում են, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է։ Եթե ​​հանկարծ երկրում հեղափոխություն սկսվի, այս խմբի մարդիկ գնում են առաջնորդի ետևից, բայց անցնում է ընդամենը մի քանի տարի, և նույն երեկվա հետևորդները նորից դառնում են այլախոհներ։ Նրանց չի հետաքրքրում, թե ով է իշխանությունը, նրանք կքննադատեն ցանկացածին, իսկ եթե նրանց առաջարկեք փորձել իրենք դառնալ երկրի ղեկավար, նրանք անմիջապես կհրաժարվեն՝ իրենք չեն ցանկանա «կեղտոտ գործի» մեջ մտնել։ «Այստեղ բոլորն ասում են, որ քաղաքականությունը կեղտոտ գործ է։ Դա ճիշտ չէ։ Պարզապես շատ կեղտոտ մարդիկ են այստեղ մտնում», - պնդում է ռուս հայտնի պետական գործիչ Վիկտոր Չեռնոմիրդինը:

Քաղաքական աբսենտիզմ դավանող հայ հասարակության մեջ ամենամեծ անբարոյականություներից մեկն այն է, երբ մարդ հպարտորեն հայտարարում է, որ չի հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց իրեն իրավունք է վերապահում դժգոհ լինել իր կյանքի որակից: Երբ ֆերմերի 10 կովից 5-ը կաթ չեն տալիս, նա չի բողոքում իր 5 կովերից, մորթում է կաթնազուրկ կովերին, և դրա փոխարեն կաթնատու կովեր է գնում, կամ, օրինակ, գործատուն երբեք չի բողոքի, որ իր աշխատողները պարտաճանաչ աշխատավարձ են ստանում, բայց գործ չեն անում. նա պարզապես աշխատանքից դուրս է շպրտում պորտաբույծներին ու ընդունում ավելի ընդունակներին: Բայց հասարակության մեջ այդպես չէ. երբ իշխանությունը վատ է աշխատում, չեն փոխում, ասում են` «դե ի՞նչ անենք, մեր իշխանությունն էլ սենց վատնա»:

Մարդիկ «չեն հետաքրքրվում» քաղաքականությամբ, բայց ուզում են լավ երկրում ապրել, կարծես տարբեր, իրար հետ կապ չունեցող երևույթներ են։

Կան նաև բազմաթիվ քաղաքացիներ, ում քաղաքական հայացքները չեն համընկնում պաշտոնական իշխանությունների հայացքների հետ, բայց տարբեր պատճառներով (աշխատում են պետական հիմնարկներում, իշխանությանը հաճո գործարարների ընկերություններում, պետական պաշտոնյա հարազատ կամ մտերիմ ունեն և այլն) հանրային չեն արտահայտում իրենց դիրքորոշումը. նրանք դեռևս ապաքաղաքական` ապոլիտիկ չեն։ Բայց, նրանց քաղաքական ակտիվությունը նույնպես զրոյական է։ Նրանց տարբերությունը նախորդ խմբից այն է, որ այս խումբն անտարբեր չէ իրենց գոյության և նույնիսկ հասարակության գոյության նկատմամբ։ Նրանք ցանկանում են տեսնել իրենց երկիրը ուժեղ և զարգացած, բայց միևնույն ժամանակ հույս ունեն, որ մեկ ուրիշն իրենց կտանի դեպի պայծառ ապագա։ Նման մարդիկ ավելի պատրաստ են աջակցել ընդդիմությանը, բայց նրանց բոլոր աջակցությունը բարոյական է և վերջ ու հաճախ լուռ: Կամ առավելագույնը նախընտրում են քաղաքական թեմաները նեղ շրջանակներում քննարկել։

Հարկ ենք համարում նաև հատուկ նշել, որ ապաքաղաքական լինելը որևէ աղերս չունի քաղաքացու ինտելեկտի գործակցի` IQ-ի հետ. ապաքաղաքական կարող են լինել 8-ամյա կրթություն ունեցողից, թոշակառուից մինչև խոշոր գործարարներ, ծրագրավորողներ, ֆինանսիստներ և այլն:

Արցախն արդեն քանի օր է` շրջափակված է, բայց Հայաստանում «քաղաքականությամբ չզբաղվողները» մեղավոր են համարում բոլորին` նախկիններին, ՄԱԿ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին և այլն, բայց ոչ երբեք շրջափակման գլխավոր պատասխանատուին` իշխանությանը` «դե ի՞նչ անենք, մեր իշխանությունն էլ սենց վատնա»:

Իրադարձությունների նման ընթացքի պայմաններում, չի բացառվում, որ շուտով կբացվի «Զանգեզուրի միջանցք» կոչվածը: Վրաստանը, որպես հարևան, արդեն ցույց է տվել իր անհուսալիությունը և հայ ազգի թշնամիների հետ իր սերտ բարեկամությունը: Ոչինչ չի խանգարում ադրբեջանցիներին, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մի օր էլ որոշեն, որ Սյունիքի հանքերն իրենցն են, և Ջերմուկի ջրվեժի հոսքը կարգավորող ՀԷԿ-ի գործունեության պատճառաբանությամբ, փակեն դեպի Իրան միջպետական ճանապարհը, իսկ Վրաստանի ադրբեջանցիներն էլ իրենց հերթին փակեն դեպի Հայաստան մայրուղիները ու Հայաստանը հայտնի այն կարգավիճակում, ինչ հիմա Արցախն է (ՀՀ-ն գոնե գործող օդանավակայաններ ունի): Այդ ժամանակ արդեն հացի ու կարագի հերթի մեջ կանգնածների երեխաների`  «բա մենք ինչո՞ւ հաց չունենք ուտելու» հարցին «ապոլիտիկները» կպատասխանեն` «մենք քաղաքականությամբ չէինք զբաղվում»:

Արգամ Եղիազարյան