Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ֆեյսբուքյան ինձ հասու տարածքի մի փոքրիկ դիտարկում արեցի. աչքիս զարնեց մի հիվանդ աղջկա ուղղված կարեկցական հղումների մեծ թիվը՝ մի քանի տասնյակ հազարների հասնող: Ես նույնպես իմ սրտակցությունը հայտնեցի: Մարդկային սովորական վարքագիծ է, ուրիշ ոչինչ: Լավ է, երբ մարդիկ մարդկայնորեն են վերաբերվում ազգակցի ցավին:
Եվ հակառակ երեւույթը աչքի զարնեց. այդ նույն հազարավոր մարդկանց գերակշիռ մասը ծպտուն չի հանում՝ ոչ հղումով, ոչ կարճ գրառմամբ, հարյուր հազարից ավելի արցախցիների ցավի առիթով, երբ նրանց գոյութենական վտանգ է սպառնում: Զորակցության ոչ մի արտահայտություն հազարավոր տաքուկ բերաններից: Մեկի համար ցավում են, հազարավորների համար՝ ոչ. անկեղծ ասած՝ ես չգիտեմ այս ախտաբանության անունը: Գուցե սա հոգեբանական նոր շեղում է, որ հետո մասնագետները պիտի կոչեն «երեւանյան համախտանիշ»...
Ինձ համար առանձնապես ցավալի է, որ ծպտուն չեն հանում հատկապես իրենց մտավորական համարող բազմաթիվ մարդիկ, ովքեր էս պահին նույն էդ ֆեյսբուքում եւ մյուս սոցիալական հարթակներում զբաղված են մանրախնդիր ու քաղքենիական ելույթներով կամ սնապարծ ինքնացուցադրմամբ՝ լիովին կտրված մեր դառը իրականությունից:
Ոչինչ չեմ ուզում հուշել էդ մարդկանց, թող շարունակեն իրենց էժանագին խաղքը, արցախցիներն առանց նրանց էլ հաղթահարելու են իրենց բաժին հասած նոր փորձությունը: Բայց պիտի ասեմ՝ նման ուրացական վարքը, նախեւառաջ, ուղղված է իրենց իսկ վարքատերերի դեմ, այն նրանց դարձնում է փոքրիկ մարդուկներ՝ սեփական խրախճանքի մեջ շփացած: Աստված հաստատապես չի սիրում նմաններին:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ