Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hraparak.am-ը գրում է.
Բաքուն ամեն ինչ անում է Արցախում դժոխային պայմաններ ստեղծելու համար, բայց մարդիկ դիմադրում են: Դեկտեմբերի 13-16-ը ճանապարհը փակ պահելուց հետո, մի քանի օրով կտրեցին գազը՝ զուգահեռաբար հանրային պսիխոզ առաջացնելով հանքերի շուրջ։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը Բաքվում օրերս հանդիպեց արտասահմանցի դիվանագետներին ու ասաց, թե Կաշենի ու Դրմբոնի հանքերի «ապօրինի շահագործումը» պետք է դադարեցվի:
Ադրբեջանական կայքերն էլ ակտիվորեն լուր տարածեցին, թե կառավարությունը, որը դեռ 2021-ից պայմանագիր ունի կնքած բրիտանական հանքարդյունաբերող Anglo Asian Mining ընկերության հետ, մի շարք հանքավայրերի, այդ թվում Կաշենի եւ Դրմբոնի շահագործման համար լիցենզիա է տվել բրիտանացիներին: Ադրբեջաներեն դրանց անունները հնչում են Ղզլբուլագ եւ Դեմիրլի:
«Այդ ընկերությանը լիցենզավորելն աբսուրդի ժանրից է: Չկա աշխարհում մի հարիֆ, որը ներդրում անի այնտեղ, որտեղ ռազմական կոնֆլիկտ է ծավալվում, ու չկա խաղաղություն: Նույնիսկ պատերազմ չէ, կոնֆլիկտ լինի: Դա ծիծաղելի է, թատրոն»,- ասում է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ Վահան Բադասյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կայքերի լուրերը:
«Բայց ինֆորմացիա կա, որ բրիտանական ընկերությունը մտնում է դատարան՝ ընդդեմ Հայաստանի, որը թույլ չի տալիս շահագործել հանքը, եւ որովհետեւ այդ տարածքում ռուս խաղաղապահներ են կանգնած»: «Դա նույնն է, որ ես, իմանալով, որ ձեր բնակարանը, որտեղ դուք ապրում եք, բայց որը փաստաթղթերով ձերը չէ, գամ ու գնեմ: Եթե կա սկանդալային հարց, որ ձեր բնակարանում նման չլուծվող կոնֆլիկտ կա, ես ո՞նց դա կգնեմ»,- պատասխանեց Վահան Բադասյանը: Ըստ նրա, Արցախում հումանիտար աղետ է, բայց ոչ այն աստիճանի, ինչը որ նկարագրում են սոցհարթակներում:
«Մենք լավ ենք: Գազը կտրել են, բայց փայտը կա: Մենք Շիրակի դաշտավայր չենք, մեր տարածքն անտառոտ է: Համ էլ գազը շատերի համար անհասանելի հաճույք է, մուծումներ չէին կարողանում անել, անջատում էին: Հացը կա, այս տարի լավ՝ 18-20 հազար տոննա բերք ենք ստացել: Մեր պահանջարկը տարեկան 8-10 հազար տոննա է: Գինի-արաղը կան՝ դա էլ է էներգիա, ձեթը կա՝ վերջացավ: Այսինքն՝ Լենինգրադի բլոկադան որ կար, իրենք ջուր էլ չունեին, պետք է Նեւայից սառույցը ջարդեին խմեին, կրակում, սպանում էին, բայց հիմա թուրքերն էդ հնարավորությունը չունեն՝ կրակելու, սպանելու: Երկրորդն էլ, եթե կրակեն էլ, չեն կարող: Ջուր կա, օդն էլ ո՞նց կփակեն, օդը շնչում ենք: Լավ ենք»,- վստահեցրեց Վահան Բադասյանը:
Մինչեւ պատերազմը Դրմբոնի ստորգետնյա եւ Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը 18,7 մլրդ դրամի հարկ են բերել երկրի բյուջե, այսինքն՝ ԱՀ եկամուտների 30 տոկոսից ավելին: Դրանք շահագործում է «Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, որն Արցախի ամենախոշոր հարկատուն ու արտահանողն է: Այստեղ աշխատում է մոտ 1400 մարդ: Պատերազմից անմիջապես հետո, մեկ-երկու ամսով հանքերը զրկվեցին ջրային պաշարներից, որոնք ստանում էին նոյեմբերի 9-ի համաձայնագրով թշնամուն հանձնած Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից: Այսօր արդեն հանքերի ջրամատակարարումը վերականգնվել է՝ հայտնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որն ուշադրության կենտրոնում է պահում խնդիրը:
«Ի՞նչ իրավիճակ է այսօր, Կաշենն ու Դրմբոնը լիարժեք աշխատո՞ւմ էին, մինչեւ վերջին օրերը»: «Այո: Ջրի հարցը լուծեցին, հիմա արդեն այլ տեղից են բերում ու սկսեցին աշխատել: Ավելին ասեմ՝ այս տարի մոտ 45 մլրդ գումար է ընկերությունը վճարել Արցախի բյուջե: Սա պայմանավորված էր մի քանի գործոնով՝ նախ, հարկային օրենսդրությունն է փոխվել, բարձրացվել է շահութահարկի տոկոսը եւ երկրորդը՝ 4 տոկոս ռոյալթի է սահմանվել՝ 4 տոկոս, որը նախկինում չկար: Բացի դա, միջազգային շուկայում մետաղի գներն են բարձր: Իմիջիայլոց, 1800 աշխատող ունի ընկերությունն այս պահի դրությամբ, մի 400 հազար դրամ միջին աշխատավարձով: Եթե մինչեւ պատերազմը Դրմբոնն Արցախի բյուջեի եկամտային մասի մոտ 1/3-ն էր տալիս, հիմա արդեն մոտ 2/3-ն է ապահովում»,- պատասխանեց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ Anglo Asian Mining ընկերությունը մինչեւ պատերազմն էլ ուներ համաձայնություն Ադրբեջանի կառավարության հետ, որ Արցախի կառավարությունը տրամադրի իրեն հանքերի շահագործումը: «Ըստ էության, նրանք ստեղծում են փաստաթղթային, իրավական հիմքեր, որ իրենցով անեն հանքը: Էս ընկերությունը շահագործում է մի շարք հանքեր, ինչպես Զագելանի ոսկու հանքավայրը»:
«Ռեա՞լ է, որ դիմելով միջազգային դատարան՝ նրանք կարողանան վերցնել հանքերը»: «Սա միջազգային դատարանի հարց չէ, որ վերցնեն կամ չվերցնեն,- պատասխանում է տնտեսագետը,- եթե ուժը պատեց, կվերցնի, եթե ոչ՝ ոչ: Ադրբեջանցիների համար սա առիթ է, պատրվակ է, որ ճնշում գործադրեն Արցախի վրա, թե չէ, նրանք այնքան էլ հետաքրքրված չեն հանքի հարստությամբ»:
ՀԳ. Մենք փորձեցինք կապվել եւ «Վալլեքս խմբից» մեկնաբանություն ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։ Ընկերության մեր աղբյուրները հաղորդում են, որ իրենք էլ չգիտեն, թե ինչ է կատարվում, ու խորհուրդ են տալիս դիմել Արցախի իշխանություններին: Ի դեպ, ըստ նրանց, Դրմբոնում ոսկու ու գունավոր մետաղների պաշարները սպառվել են․ «Արդեն վաղուց այնտեղ ոսկի չկա։ Կաշենից հանքը բերում են` Դրմբոնի կոմբինատում մշակում»։