Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկություն չունեմ, թե հիմա ինչ վիճակ է Ներքին Հանդում: ՊՆ-ն զբաղվում էր, չգիտեմ՝ ինչ են արել։ Լսել եմ, որ Սուրեն Պապիկյանը եկել էր Ներքին Հանդ, չեմ հանդիպել, չեմ տեսել նրան, չեմ կարող ոչ մի բան ասել․ Yerkir.am—ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ տեղյա՞կ է, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ինչ հարց է լուծել Ներքին Հանդում։
Երեկ Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, այդ թվում՝ Ներքին Հանդ համայնքին հարակից սահմանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:
Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները օրեր առաջ հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հարցին, թե Ներքին Հանդում թշնամու առաջխաղացո՞ւմ կա, պատասխանել էր․ «Որեւէ տեղ առաջխաղացման հետ կապված որեւէ խնդիր չկա» ։ Հակադարձմանը, որ համայնքապետը հաստատել է, Արման Սարգսյանն արձագանքել էր․ «Որեւէ բան հնարավոր չէ ՀՀ-ում թաքցնել։ Եթե նման խնդիր լինի, ՊՆ-ն կասի»։
Մի կողմից՝ Ներքին հանդի բնակիչները պնդում էին, որ ադրբեջանցի զինյալները մոտ 1 կիլոմետր մխրճվել են ՀՀ սուվերեն տարածքից ներս, մյուս կողմից՝ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում էր ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը։
«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա՝ կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել էր ՊՆ-ն:
Ներքին Հանդի վարչական ղեկավարը շեշտում է՝ ՊՆ-ից գնացել, ուսումնասիրել, եզրակացություն են արել։ Ասում է՝ ինքը ՊՆ-ի ներկայացրած քարտեզներին ծանոթ չէ, բայց այն տարածքները, ուր ադրբեջանցիները ներխուժել են ու վրաններ դրել, իր համար հայկական տարածքներ են։ «Դրանք ինձ համար մեր տարածքներն են, բայց կարող ա վաղն իրենց ներկայացրած քարտեզով պարզվի՝ մեր տարածքը չի: Մենք ո՞վ ենք, որ բան որոշենք»,- ասում է նա՝ նշելով, որ գյուղի ժողովրդի մոտ նորմալ տրամադրություն է, խուճապ չկա, ամեն մեկն իր գործին է:
Նորություն չէ, որ ժողովրդի տեսակետները, կարծիքներն ու ցանկությունները և այս իշխանության վարած քաղաքականությունը չեն համընկնում։ Ավելի առարկայորեն եթե ասենք՝ պիտի օրինակ բերենք այն բազմաթիվ դեպքերը, երբ ադրբեջանցի զինյալները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, իսկ կառավարության ներկայացուցիչները, վարչապետի աթոռին նստած անձը ոչ միայն դատապարտող եւ կոշտ հայտարարություններով հանդես չեն եկել այդ դեպքերի առնչութւյամբ, այլեւ հերքել են՝ նշելով, որ ՀՀ սուվերեն տարածք ներխուժում չի եղել։
ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ, համապարփակ ներկայացնելով իրավիճակը ՀՀ սահմաններում, հայտնել էր, որ այս պահին կա Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ոչ թե 3, այլ 4 ներխուժում` Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ՝ 2022թ. մարտ, Սյունիքի մարզի Գորիս համայնք (Սև լճի տարածք` Ակներ ու Վերիշեն գյուղերի հարեւանությամբ)՝ 2021 թ. մայիս, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա եւ մի շարք այլ գյուղեր)՝ 2021թ. մայիս, Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված՝ 2020թ. հոկտեմբեր:
Մեզ մնում է ենթադրել, որ վարչապետի աթոռին բազմած անձն իր ապաշնորհ խմբակի հետ շարունակում է Հայաստանը նպատակադրված զիջել թշնամուն։ Հաջողվում է, ինչ խոսք։
Լիանա Սարգսյան