Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Սիրելի՛ հայրենակիցներ,
2022 թվականի մայիսի 28-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, մենք ոգեկոչում ենք հայոց պետականության վերականգնման Հայաստանի առաջին հանրապետության օրը: 104 տարի առաջ՝ տևական դադարից հետո, 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից հառնելով, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման արդյունքում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերից հետո հռչակվեց Հայաստանի հանրապետությունը:
Սարդարապատով մկրտված ազատագրական պայքարի ոգին ուղղորդեց մեզ 1988թ. ղարաբաղյան ազատագրական շարժման ընթացքում: Հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով 30 տարի ի վեր կերտվել է հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, որը համայն հայության հաղթանակների ու երազանքների մարմնավորումն է: Արցախի ժողովուրդը բոլոր այս տարիներին իր ընտրած ճանապարհով, համապետական ընտրություններով, համաժողովրդական հանրաքվեներով և Սահմանադրությամբ ի լուր աշխարհի ազդարարել է ազատության համար պայքարելու իր վճռականության մասին: Ու թեև, 2020թ. 44 օրյա պատերազմի ընթացքում, այս պայքարի ճանապարհին մենք մարդկային ու տարածքային ծանր կորուստներ ենք ունեցել, սակայն մեր կամքն աննկուն է, պայքարի կրակն՝ անմար:
Այսօր և այստեղ մեր ուժերի համախմբման, անցյալից դասեր քաղելու, ահագնացող մարտահրավերներին դիմակայելու կարիք ու անհրաժեշտություն կա: Ուստի, գիտակցելով մեր պատասխանատվությունը համայն հայության առջև` դիմում ենք.
Աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին.
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ. Շարունակեք նույն ոգով և նվիրվածությամբ համակողմանիորեն աջակցել ու սատարել մայր Հայրենիքին և Արցախին. Մեր կողմից ուզում ենք հավաստիացնել բոլորիդ, որ պայքարի ոգին չի կարող մարել, քանի դեռ կա այն սնուցող Հայաստան-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնության ներուժը և այն Հայրենիքին ծառայեցնելու վճռականությունը:
Արցախի իշխանություններին՝
Բոլոր ջանքերն ուղղել Արցախի ժողովրդի կամքը մեր ժողովրդի ճակատագրին վերաբերող բանակցություններում լսելի դարձնելու և Արցախի անմիջական մասնակցությունն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում կամ Արցախի ժողովրդի ճակատագրին վերաբերող որևէ քննարկմանը պարտավոր են հանդես գալ բացառապես 1988թ. շարժման արժեքային հիմքերի, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի և նախընթաց տարիներին հիմնավորված Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի անվտանգության երաշխավորի դիրքերից,
Միջազգային կառույցները ականատես եղան, որ Արցախը տարիներ շարունակ հավատարիմ է մնացել խաղաղ ճանապարհով` բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու, 1994թ. մայիսին հաստատված եռակողմ հրադադարի համաձայնագրին հետևելու հանձնառություններին և այդ կեցվածքի շնորհիվ տարածաշրջանում 25 տարուց ի վեր պահպանվել է անվտանգությունն ու փխրուն խաղաղությունը: Դրան հակառակ, Ադրբեջանը անցած տարիներին ամեն ինչ արել է առաջարկված համաձայնությունները մերժելու, իրավիճակը լարված պահելու և նոր պատերազմներ հրահրելու համար:
2016թ. ապրիլյան քառօրյա ռազմագործողությունների, իսկ 2020թ. 44 օրյա պատերազմի ընթացքում Արցախի ժողովուրդը ստիպված էր դիմակայել Ադրբեջանի և տարածաշրջանում ահաբեկչական վարքագծով հայտնի Թուրքիայի ու վարձու խմբավորումների ագրեսիային:
Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնացին, թե ինչու այդ նույն կառույցները խուլ ու անտարբեր մնացին պատմական հայրենիքում դարեր ի վեր ապրող հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանություն իրականացնելու անթաքույց հավակնություններին, ինչու չկիրառվեցին միջազգային իրավունքի և միջազգային անվտանգության այն գործիքները, որոնք կարող էին անմիջապես կանգնեցնել կործանիչ պատերազմը:
Մենք պահանջում ենք արդարության վերականգնում և համոզված ենք, որ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է երաշխավորել մարդու իրավունքների ամբողջական իրացումը և անվտանգ գոյությունը իր պատմական հայրենիքում:
Ժողովրդի պահանջներն ու դիրքորոշումը ուղեցույց են առաջիկա զարգացումների համար: Եվ այս նպատակադրությամբ մենք ողջունում ենք աշխարհի տարբեր քաղաքներում, մայրաքաղաք Երևանում և այլուր, բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են Արցախի դատի պաշտպանությանը:
Ուրեմն՝ միասնականություն, պայքար, հաղթանակ:
28-ը մայիսի 2022թ․
aparaj.am