կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-24 13:53
Քաղաքական

Առաջին երկուսը՝ «առանց Արցախի», երրորդում՝ հանձնված Արցախով. դավադիր հանդիպումներ

Առաջին երկուսը՝ «առանց Արցախի», երրորդում՝  հանձնված Արցախով.  դավադիր հանդիպումներ

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը. սա նմանատիպ երրորդ հանդիպումն էր վերջին կես տարվա ընթացքում:

Ինչպես նախորդների ժամանակ, այնպես էլ այս անգամ արված հայտարարությունն իր էությամբ հակահայկական էր. գլխավորապես, չկար Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ խոսք:

Ավելին՝ այս հանդիպման ամփոփիչ հայտարարությունը փաստեց, որ Հայաստանը ղեկավարող թուրքահպատակ Փաշինյանը Արցախը (հետևաբար՝ նաև Հայաստանը) տանում է կործանման՝ փաստացի Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Միշել-Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թ. դեկտեմբերի 15-ին. այդ ժամանակ Արցախի մասին որևէ խոսք չկար, շեշտը դրվել էր հիմնականում հումանիտար և տնտեսական (հաղորդակցությունների ապաշրջափակում, երկաթուղի և այլն) հարցերի վրա: Դեկտեմբերյան հանդիպումը վերահաստատում էր Փաշինյան-Ալիև-Պուտին՝ 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների կետերը: Հունվարի 11-ի հայտարարության մեջ  ոչ մի խոսք չկար Արցախի մասին, իսկ նոյեմբերի 26-ի փաստաթղթում գրված էր, որ «հանդիպել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման… համար»:

2020 թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպման ընթացքում շեշտը դրված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին ու երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս անգամ ևս Արցախին ոչ մի անդրադարձ չկար:  

Մայիսի 22-ի երրորդ հանդիպման հայտարարության մեջ նշված է, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ոչ մի խոսք Արցախի ապագայի ու կարգավիճակի մասին: 

Փաստացի, Հայաստանի ղեկավարության համար անընդունելի է դառնում Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում: Արցախահայերը դառնում են «Ադրբեջանի կազմում ապրող էթնիկ ժողովուրդ, ինչպիսիք են, օրինակ, թալիշները, լազերը, թաթերը, ուդիները և այլն»: Խոսք չկա արցախահայության ազգային ինքնորոշման մասին, իսկ դա նշանակում է Արցախի ամբողջական հայաթափում:

Մայիսի 22-ի փաստաթղթում նշվում է ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ միայն Ղարաբաղ` որպես Ադրբեջանի արևմտյան շրջան:

Բացի դրանից՝ նշվում է, որ «նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների մասին»:

Հայաստանում չկա այնպիսի տարածք (չհաշված Գորիս-Կապան ճանապարհը, որը թշնամուն հանձնելուց հետո այժմ չի օգտագործվում), որն անցնելու համար պետք է օգտվել Ադրբեջանի տարածքից: Այս կետը նշանակում է, որ ՀՀ դավաճանական իշխանությունները թշնամուն են հանձնելու Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը, որոնցով անցնում են երկու միջպետական ճանապարհներ: Իսկ այդ գյուղերը հանձնելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի սեփական տարածքով անցնելիս մաքսատուրք վճարել:

Նյութը` Yerkir.am