Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն
Միացյալ Նահանգները արցախյան հակամարտությունը մշտապես պահել է իր ուշադրության կենտրոնում, քանի որ նախ՝ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկն է, և երկրորդ՝ որպես գլոբալ գերտերություն՝ ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ՝ չարձագանքելով աշխարհի ցանկացած տարածքում իրավիճակի ապակայունացմանը և անվտանգային մարտահրավերների առաջացմանը։ 2020 թ․ արցախյան պատերազմի ժամանակ էլ ԱՄՆ արձագանքը Արցախում ռազմական գործողությունների բռնկմանը սպասեցնել չտվեց։ Այնուամենայնիվ, վերլուծելով ԱՄՆ արձագանքը արցախյան վերջին պատերազմին, պետք է միևնույն ժամանակ հաշվի առնել մի քանի գործոն։ Առաջին հերթին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհագրորեն հեռու է ԱՄՆ-ից։ Տարածաշրջանի տնտեսական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ այդքան ակտիվ չեն, քաղաքական առումով Հարավային Կովկասը եղել է Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտի… Բայց և այնպես, կան գործոններ, որոնք ԱՄՆ-ին ստիպում են ներգրավվել հակամարտության կայունացման գործընթացում, որոնցից են այլ տարածաշրջանային գերտերությունների ներգրավվածությունը, ԱՄՆ ցանկությունը՝ շարունակելու ազդեցիկ գործոն լինել Իրանի հարևանությամբ և Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում, Կասպից ծովի ածխաջրածնային պաշարները, ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական համայնքը։ Ուստի տարբեր գործոնների ազդեցության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ Միացյալ Նահանգների շահերից չի բխում տարածաշրջանի ապակայունացումը, ինչի մասին են վկայում 1997 թվականից ԱՄՆ ներգրավվածությունը Մինսկի խմբի եռանախագահության կազմում և նրա ջանքերը հակամարտության լուծման տարբերակներ առաջարկելիս։ Այնուամենայնիվ, պետք է շեշտել, որ արցախյան խնդիրը Միացյալ Նահանգների համար այժմ առաջնահերթություն չէ, և այդ է պատճառը, որ վերջինս հակամարտության լուծման առաջնորդություն չի փորձում ստանձնել՝ այդպիսով չփորձելով հակակշռել Ռուսաստանի առանձին նախաձեռնություններին, քանի որ ընդունում է Ռուսաստանի հարաբերականորեն ավելի մեծ ազդեցությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ։
Ինչպես մյուս հակամարտությունների պարագայում, արցախյան 2020 թ․ մոտալուտ պատերազմի մասին նախազգուշացումը եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններից։ Առաջին նախազգուշացումը հնչեց 2020 թ․ սեպտեմբերի 25-ին՝ պատերազմի բռնկվելուց երկու օր առաջ, երբ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էր Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ճամփորդություններից Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ և չճամփորդել «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան» ։ Նմանատիպ հայտարարություններով ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել նաև Տավուշում տեղի ունեցած ռազմական բախումների նախաշեմին, սակայն սեպտեմբերի 25-ի հայտարարությունը առանձնանում էր նրանով, որ կար հստակ հորդոր՝ չայցելել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Նմանատիպ նախազգուշական հորդորով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ նաև սեպտեմբերի 27-ին ։
Թրամփի վարչակազմի արձագանքը արցախյան պատերազմին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջին թռուցիկ անդրադարձը 2020 թ․ արցախյան պատերազմին եղավ հենց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ իր մամուլի ճեպազրույցի ժամանակ, երբ ներկա գտնվողներից մեկի կողմից հարց հնչեց Արցախում պատերազմի բռնկման և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Նախագահը մասնավորապես նշեց․ «Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում։ Պետք է տեսնել, թե արդյոք կարող ենք դադարեցնել այն [պատերազմը]» ։ Նույն օրը արձագանք եղավ նաև Պետդեպարտամենտից, մասնավորապես Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարեց, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ «կոչ անելով երկու կողմերին անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները» ։
Արցախյան պատերազմը համընկավ ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունների քարոզարշավի հետ։ Բնականաբար, ԱՄՆ-ում մեծ թվով հայ ընտրողների առկայության հանգամանքը, որոնք անհանգստացած էին Արցախում սկսված պատերազմով, ստիպեց ԱՄՆ նախագահի թեկնածուներին պարբերաբար անդրադառնալ այս հարցին։
Նախագահ Թրամփը հոկտեմբերի 18-ին՝ Նևադայի Կարսոն Սիթիում իր հանրահավաքի ժամանակ, անդրադարձ կատարեց հայերին՝ օգտագործելով արցախյան պատերազմը նախընտրական շահերից ելնելով։ Այնուամենայնիվ, անդրադարձը հուզական մակարդակում էր և ունեցավ պարզապես սիմվոլիկ բնույթ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավորապես հայտարարեց. «Հայերը լավ մարդիկ են։ Նրանք նաև լավ գործարարներ են, գիտե՞ք… Ճանապարհին այնքան շատ հայեր կային՝ գեղեցիկ դրոշներով: Հիմա ինչ-որ բանի շուրջ ենք աշխատում։ Ես ահաբեկիչներին եմ պահում… Դուք մեծ ոգի ունեք ձեր երկրում, պետք է ասեմ ձեզ։ Հայաստանից եկած մարդիկ մեծ ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ» ։
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Բայդենի նախընտրական շտաբը հանդես եկավ հայտարարություններով։ Իր առաջին հայտարարության մեջ Բայդենը նշել էր, որ Թրամփի վարչակազմը պետք է ներգրավվի խնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական գործընթացում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ, ինչպես նաև շեշտել, որ երրորդ երկրները պետք է զերծ մնան ներգրավվելուց, որպեսզի այն չվերաճի տարածաշրջանային ավելի մեծ հակամարտության ։ Մեկ այլ հայտարարությամբ Ջո Բայդենը կոչ արեց ԱՄՆ-ին «կասեցնելու ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղում», և, որ առավել կարևոր է, Բայդենը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը պետք է ամբողջությամբ կիրառի, այլ ոչ թե շրջանցի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը՝ դադարեցնելու համար ռազմամթերքի հոսքը Ադրբեջան, իսկ Թուրքիային կոչ արեց չսրելու հակամարտությունը վարձկանների ներգրավմամբ ։
Մի քանի օր անց օվալաձև գրասենյակում հարց ու պատասխանի ժամանակ նախագահ Թրամփի անդրադարձը արցախյան պատերազմին կրկին հստակ չէր և կրկին ծառայեցվեց իր նախընտրական քարոզարշավին։ Վերջինս կրկին անդրադարձավ հայերի լավ հատկանիշներին՝ նշելով, որ «նրանք հիանալի մարդիկ են, և մենք [ԱՄՆ-ն] պատրաստվում ենք օգնելու նրանց» ։ Չնայած այն ժամանակ շրջանառվող լուրերին, որ պետք է տեղի ունենա Թրամփ-Փաշինյան հեռախոսազրույցը, այն այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենը հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ ։ Իսկ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպիսի օգնության մասին էր խոսքը՝ մնում է ենթադրել, որ օգնություն ասելով նախագահը նկատի ուներ ԱՄՆ-ի կողմից միջնորդված հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ մտավ տեղական ժամանակով հոկտեմբերի 26-ի առավոտյան 08:00-ին: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում էր, որ «ԱՄՆ-ն նպաստեց կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև բուռն բանակցություններին` Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը» ։
Հումանիտար հրադադարի հաստատման օրը՝ հոկտեմբերի 26-ին, նախագահ Թրամփին հարց ուղղվեց, թե արդյոք «հրադադարը դեռևս պահպանվո՞ւմ է»։ Ի պատասխան՝ նախագահը պնդեց, որ «այն պահպանվում է», թեև ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակի հայտարարությամբ հրադադարը խախտվել էր ադրբեջանական կողմից դրա՝ ուժի մեջ մտնելուց 45 րոպե անց։
Հաջորդ օրը նախագահ Թրամփին ուղղվեց հարց, թե արդյոք նա «հիասթափվա՞ծ չէ Հայաստանից և Ադրբեջանից», քանի որ հրադադարը տապալվել էր։ Ի պատասխան՝ Թրամփը նշել էր, որ «հիասթափված է դա տեսնելով», բայց և այնպես, դա մի երևույթ է, որ երկու երկրների միջև երկար տարիներ դրսևորվում է ։ Այսպիսով, չնայած ԱՄՆ ջանքերին, մասնավորապես՝ պետքարտուղար Պոմպեոյի՝ հոկտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հանդիպում-քննարկումներին, ԱՄՆ-ի կողմից միջնորդված հումանիտար հրադադարը տապալվեց ։ Վաշինգտոնում գտնվելու ժամանակ, բացի պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպումից, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի , այնուհետև՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ ։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նույնպես եղել են արձագանքներ պատերազմի բռնկման շուրջ։ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Հունաստանի արտգործնախարարի սեպտեմբերի 29-ի համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղարը անդրադարձել է արցախյան պատերազմին՝ նշելով, որ «երկու կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս արագ վերադառնալու առարկայական բանակցություններին» ։
Հատուկ հիշատակության է արժանի պետքարտուղարի՝ արցախյան հակամարտության վերաբերյալ այն հայտարարությունը, որում նա հույս էր հայտնում, որ «հայերը ի վիճակի կլինեն իրենց պաշտպանելու այն ամենից, ինչ Ադրբեջանն է անում…․» ։ Իսկ «Fox News»-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պետքարտուղար Պոմպեոն շեշտել է, որ ԱՄՆ-ն «չի խրախուսում (հակամարտության) միջազգայնացումը։ Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը չպետք է միջամտեն» ։
Պետքարտուղար Պոմպեոն իր ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է նաև Թուրքիայի գործոնին և վարձկան ահաբեկիչների ներգրավվածությանը արցախյան հակամարտությանը՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն «ականատես է եղել, թե ինչպես է Թուրքիան օժանդակում Ադրբեջանին»։ Միացյալ Նահանգները հորդորել է բոլոր միջազգային դերակատարներին «դուրս մնալ տարածաշրջանից, չսրել իրավիճակը»։ Նրա խոսքերով՝ «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակելու է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնելու իրենց հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը» ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված վարձկան ահաբեկիչներին, պետքարտուղար Պոմպեոն հոկտեմբերի 2-ին հույս էր հայտնել, որ շուտով կպարզվեն, որ այդ զեկույցները «չեն համապատասխանում իրականությանը» ։
Ըստ էության, հակամարտությունը դադարեցնելու եղանակի վերաբերյալ ԱՄՆ տեսակետի հակիրճ պատկերը կարելի է ստանալ հենց պետքարտուղար Պոմպեոյի՝ հոկտեմբերի 21-ի մամլո ասուլիսի ժամանակ արած դիտարկումներում, համաձայն որոնց՝ ԱՄՆ «տեսակետը [հակամարտության վերաբերյալ], ինչպես գրեթե բոլոր եվրոպական երկրների տեսակետը, շարունակում է մնալ կրակի դադարեցումը, որն առաջ շարժվելու ճիշտ ուղին է։ Ասացե՛ք նրանց, որ դեէսկալացնեն հակամարտությունը, որ որևէ երկիր չմիջամտի, չբորբոքի այս հակամարտությունը, զենքեր, աջակցություն չտրամադրի, և հենց այդ ժամանակ հնարավոր կլինի հասնել դիվանագիտական լուծման, որն ընդունելի կլինի բոլորի համար» ։
Արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ԱՄՆ իշխանությունների կողմից բազմիցս հնչել են կոչեր՝ հակամարտությունը կարգավորելու Մինսկի գործընթացի շրջանակներում, քանի որ դա այն ինստիտուտն է, որը զբաղվում է արցախյան հակամարտությամբ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահության ներքո ։ Արցախյան պատերազմի դադարեցումից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անգամ, երբ Ռուսաստանը ստանձնեց նախաձեռնողականությունը և նրա դերը (թե՛ որպես առանձին երկիր և թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր) մեծացավ, ԱՄՆ-ն շարունակեց հավատարիմ մնալ Մինսկի եռակողմ համանախագահության ձևաչափին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն, «ինչպես և ֆրանսիացիները, նվիրված է Մինսկի խմբի համանախագահությանը և գործընթացին…․ [ԱՄՆ-ն] դիտարկում է այն ինստիտուտներն ու կառույցները, որոնք [ԱՄՆ-ն] կարող է օգտագործել ԵԱՀԿ գործընթացի շրջանակներում» ։ Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն, լինելով Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկը, այս ինստիտուցիոնալ հարթակը շարունակում է դիտարկել որպես հակամարտության կարգավորման հիմնական կարևոր մեխանիզմ։ Պատահական չէ նաև, որ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ առանցքային է հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Միացյալ Նահանգները ողջունում է ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև…․ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս արագ վերսկսելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ…․ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավված լինել այդ աշխատանքներում» ։
ԱՄՆ ներգրավվածությունը Բայդենի վարչակազմի օրոք
Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի հետ շփումներում արցախյան հակամարտության վերջնական կարգավորումը ևս եղել է շփումների կարևորագույն թեմաներից։ Վերջնական կարգավորման հարթակում ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հաճախ շեշտադրել է այս ձևաչափով բանակցությունների շարունակումը՝ գտնելով, որ արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ պետդեպարտամենտը ադրբեջանական կողմի սադրիչ քայլերի և ՀՀ տարածք ներթափանցման առնչությամբ մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով։ Այդուհանդերձ, դժվար է ասել, որ Բայդենի վարչակազմի համար արցախյան հակամարտության կարգավորումը առաջնահերթությունների թվում է։
Բայդենի վարչակազմի կառավարման մեկ տարվա ընթացքում բարձր մակարդակով հանդիպումներ և հեռախոսազրույցներ ՀՀ պաշտոնյաների հետ գրեթե չեն եղել։ ՀՀ վարչապետի առաջին հեռախոսազրույցը Բայդենի վարչակազմի անդամների հետ եղել է 2021 թ․ մարտի 3-ին։ Վարչապետը խոսել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ՝ շնորհավորելով վերջինիս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ։ Զրույցի ընթացքում պետքարտուղարը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման հասնելու ջանքերը ։ Վարչապետի հաջորդ հեռախոսազրույցը եղել է մայիսի 27-ին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ կապված ՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժելու հետ։ Նույն օրը Սալիվանը զրույց էր ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Սպիտակ տան տարածած տեղեկատվության՝ Սալիվանը փոխանցել էր ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման «երկկողմ ներգրավմամբ և որպես Մինսկի խմբի համանախագահ» ։ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին առավել վաղ՝ մայիսի 14-ին, խոսել էր ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Ջալինա Փորթերը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ «Ադրբեջանը անհապաղ ետ կքաշի իր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները» ։
ՀՀ վարչապետի հաջորդ հեռախոսազրույցը պետքարտուղար Բլինկենի հետ տեղի ունեցավ հուլիսի 13-ին, որի ընթացքում պետքարտուղարն ընդգծեց «ԱՄՆ-ի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահությամբ իրականացվող գործընթացին» և կոչ արեց Հայաստանին «կառուցողականորեն ներգրավվելու ԵԱՀԿ շրջանակներում» ։ 2021 թ․ ավարտին ԱՄՆ-ի հետ վարչապետի վերջին շփումը եղավ նոյեմբերի 3-ին ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպումը, որի ընթացքում վերջինս հայտնեց «ԱՄՆ պատրաստակամությունը՝ օժանդակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը» ։
ԱԳՆ-ի բարձր մակարդակով հանդիպումներ նույնպես չեն եղել։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպել է միայն 2021 թ․ դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը» ։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 4-ին, Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ էր հղել Արարատ Միրզոյանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և անդրադարձել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը» ։ Սրանից զատ՝ հանդիպում էր տեղի ունեցել Ջեյք Սալիվանի և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև 2021 թ․ դեկտեմբերի 15-ին, որի ընթացքում կողմերն ընդգծել էին ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանային հաշտեցմանը ։
Մնացյալ շփումները սահմանափակվել են ՀՀ ԱԳ նախարարի՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի և 2021 թ․ հոկտեմբերից այդ պաշտոնում նշանակված Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցներով և հանդիպումներով։ Մեկ անգամ հանդիպում է տեղի ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ ՀՀ ԱԳՆ-ում 2021 թ․ հունիսի 9-ին ։ Ինչ վերաբերում է հեռախոսազրույցներին, ապա ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի, այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆիլիպ Ռիքերի միջև հեռախոսազրույցներ տեղի են ունեցել համապատասխանաբար 2021 թ․ փետրվարի 8-ին , մայիսի 13-ին , հուլիսի 29-ին , իսկ Քերըն Դոնֆրիդի և Արարատ Միրզոյանի միջև տեղի է ունեցել երկու հեռախոսազրույց 2021 թ․ հոկտեմբերի 21-ին և 2022 թ․ հունվարի 11-ին ։ Հեռախոսազրույցների ընթացքում կարևորվել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը»։
Հարկ է նշել, որ Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև Ադրբեջանի՝ ՀՀ տարածք ներխուժելու փաստը քննարկման թեմա են դարձել Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ համապատասխանաբար Բլինկենի հեռախոսազրույցի և հանդիպման ընթացքում։ Մասնավորապես, մայիսի 16-ի հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Լը Դրիանը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբում իրենց համանախագահության մասին, ընդգծել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը» , իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Բլինկենը քննարկել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը երկարատև լուծում գտնելու» անհրաժեշտությունը ։
Բացի այդ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր որոշ հայտարարություններում անդրադարձել է Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորման հարթակի կարևորությանը։ Մայիսի 27-ին հայ զինծառայողների գերի ընկնելու վերաբերյալ հայտարարության մեջ ԱՄՆ-ն առանձնահատուկ կոչ էր արել Ադրբեջանի զորքերին «վերադառնալու մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր» և Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել «հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո» ։ Հուլիսի 28-ին տարածած հայտարարությամբ ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես եկավ նմանատիպ կոչով ։ 2021 թ․ սեպտեմբերի 9-ին ՀՀ անկախության առթիվ ուղարկված շնորհավորական ուղերձում նշվում էր, որ «որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն շարունակում է պահպանել իր հանձնառությունը՝ օգնելու կողմերին բանակցելու՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման» ։ ԱՄՆ պետդեպարտամենտը նաև հայտարարություն էր տարածել զինադադարի հաստատման մեկ տարվա առիթով, որում ևս մեկ անգամ ԱՄՆ-ն հորդորում էր «Հայաստանին և Ադրբեջանին շարունակել և առավել ակտիվացնել իրենց ներգրավվածությունը՝ ներառյալ Մինսկի համանախագահների հովանու ներքո գտնելու համապարփակ լուծումներ» ։ 2021 թ․ վերջին հայտարարության մեջ ԱՄՆ-ն «խոր անհանգստություն արտահայտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտերի վերաբերյալ զեկույցների առումով» և հղում կատարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նոյեմբերի 15-ի հայտարարությանը, որն արձանագրում էր երկարատև քաղաքական լուծման հասնելու անհրաժեշտությունը ։
ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ն ներգրավված է գերազանցապես որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ սկսած 1997 թվականից, երբ հաստատվեց Մինսկի խմբի եռակողմ ձևաչափը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում հանդես է եկել արցախյան հակամարտության կարգավորման տարբեր առաջարկներով։ Հատկանշական են 2001 թ․ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ քաղաքում տեղի ունեցած բանակցությունները, որոնց նպատակը հակամարտությանը վերջնական լուծում տալն էր։ Այնուամենայնիվ, հակամարտության կարգավորման այս և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ առաջարկություններ տապալվեցին՝ հանգեցնելով ևս մեկ պատերազմի 2020 թ․։
ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ, պատերազմի հենց առաջին օրվանից և 44-օրյա պատերազմից հետո պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով՝ որպես Մինսկի խումբ և Մինսկի խմբի երկրի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով։ Ունեցել է նաև մի քանի հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ՝ ինչպես յուրաքանչյուրի հետ առանձին, այնպես էլ միասնական ձևաչափերով։
Պատերազմի հենց առաջին օրը Մինսկի խումբը կոչ արեց դադարեցնելու «ռազմական գործողությունները և վերսկսելու բանակցությունները» , իսկ հոկտեմբերի 1-ին, ի լրումն նախորդ հայտարարության, նաև անդրադարձ եղավ արտաքին դերակատարներին, որոնց ներգրավումը «խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին» ։
Պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ԵԱՀԿ մշտական խորհուրդը հրավիրեց հատուկ հանդիպում արցախյան պատերազմի առնչությամբ՝ ԵԱՀԿ 57 անդամ-պետությունների մասնակցությամբ, որի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչները կրկնեցին բանակցությունները վերսկսելու իրենց նախկին կոչը ։
Հաջորդ հայտարարությունը արդեն եղավ նախագահների մակարդակով։ Այսպես՝ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով Հայաստանին և Ադրբեջանին կոչ արեցին վերսկսելու բանակցությունները «բարեխղճորեն և առանց նախապայմանների» ։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 5-ին համատեղ հայտարարությամբ հանդես եկան արդեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ «Համանախագահող երկրները վճռական են լիովին իրացնելու ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը…․ Որպես այդպիսին, նրանք հաստատակամորեն կշարունակեն առաջ մղել իրենց շփումները կողմերի հետ և կոչ անել նրանց հանձն առնելու վերսկսել կարգավորման գործընթացը՝ հիմնվելով գոյություն ունեցող հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի վրա, որոնք շատ լավ հայտնի են երկու կողմերին» ։ Մինսկի խմբի համանախագահները պատերազմի ընթացքում նաև հանդիպում ունեցան ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Մասնավորապես, հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում հանդիպում տեղի ունեցավ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև, նախ՝ առանձին, այնուհետև՝ երկու նախարարների ներգրավմամբ, որին մասնակցում էր նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը ։ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների՝ առանձին և միասնական ձևաչափերով հաջորդ հանդիպումները տեղի ունեցան արդեն հոկտեմբերի 30-ին Ժնևում ։
Հարկ է նշել, որ այս ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրները նաև առանձնաբար փորձել են օգնել հրադադարի հաստատմանը, և պատերազմի ընթացքում հաստատված երեք հումանիտար հրադադարների ետևում կանգնած էին ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Առաջին փորձը հոկտեմբերի 10-ին էր ՌԴ-ի միջնորդությամբ, երկրորդը՝ հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ, և հոկտեմբերի 26-ին հաստատվեց վերջին հումանիտար հրադադարը, այս անգամ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ (ինչի համար էլ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնել էին Վաշինգտոն)։ Այդուհանդերձ, այս երեք հումանիտար հրադադարները մեկը մյուսի ետևից ձախողվեցին հաստատումից րոպեներ անց։
Դեկտեմբերի 3-ին զինադադարի հաստատման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, հատկանշական է, որ ԱՄՆ-ի կողմից միացել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը, մինչդեռ ՌԴ-ի և Ֆրանսիայի կողմից միացել էին ԱԳ նախարարների մակարդակով։ Սա վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմի համար հակամարտությունը արտաքին քաղաքական առաջնահերթ հարց չէր, որ պետքարտուղարի մակարդակով ներգրավվեր։ Այս հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրները «հորդորում էին Հայաստանին և Ադրբեջանին օգտվել ներկայիս զինադադարից՝ բանակցելու երկարատև և կայուն խաղաղության պայմանագրի շուրջ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո» ։ Այնուհետև համանախագահները պարբերաբար հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով՝ կոչ անելով հնարավորինս արագ վերսկսելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում և առաջարկելով կազմակերպել ուղիղ երկկողմանի քննարկումներ, «որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնության գան համակարգված օրակարգի շուրջ, որը կարտահայտի նրանց առաջնահերթությունները և կլինի առանց նախապայմանների» ։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Մինսկի խմբի համանախագահները ունեցան մի քանի հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Առաջին անգամ դա իրականացվեց վիդեո-կոնֆերանսի ձևաչափով 2021 թ․ փետրվարի 16-ին, որի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին զրուցեցին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ։ 2021 թ․ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում համանախագահները նախ առանձին հանդիպումներ ունեցան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Տեղի ունեցավ նաև հանդիպում երկու նախարարների ներգրավմամբ, որն առաջինն էր պատերազմի ավարտից ի վեր։ Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը, այս անգամ՝ Փարիզում, որի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները «շարունակեցին Նյու Յորքում սկսված բանակցությունները դեէսկալացիոն մի շարք միջոցների և գործընթացում հաջորդ քայլերի շուրջ, ներառյալ այս ձևաչափով հանդիպումները և համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան» ։
Ըստ էության, համանախագահներն այդպես էլ չկարողացան այցելել տարածաշրջան, իսկ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը դարձավ վերջինը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։ Սրան հաջորդեց Ադրբեջանի կողմից Սյունիքում սանձազերծված հարձակումը, որին արձագանքելով՝ Մինսկի համանախագահները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ լարվածության աճն առավել ընդգծում է կայուն և համապարփակ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը։ Կոչ արվեց շարունակելու առաջընթաց արձանագրած այն հանդիպումները, որ տեղի էին ունեցել Նյու Յորքում և Փարիզում։
Արդեն իսկ դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները միայն առանձին հանդիպումներ ունեցան ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ «ափսոսանք հայտնելով, որ հնարավոր չեղավ համատեղ հանդիպում կազմակերպել», միևնույն ժամանակ «արտահայտեցին իրենց պատրաստակամությունը՝ կազմակերպելու նման հանդիպում, երբ հանգամանքները թույլ տան» ։
Երկխոսությունը շարունակելու և ստեղծված փակուղուց դուրս գալու մասին այս պահի դրությամբ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից վերջին հայտարարությունը եղավ 2021 թ․ դեկտեմբերի 7-ին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտնեցին իրենց աջակցությունը «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո» և կոչ արեցին շարունակելու Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։ Եվս մեկ անգամ Մինսկի խումբը վերահաստատեց իր «հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ համապարփակ լուծումների հասնելու համար» ։