կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-15 21:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն մի նշաձող ցածր է, երբ Արցախի ու Հայաստանի վերամիավորումից հետ ենք քաշվում ինքնորոշման․ Հրայր Կարապետյան

1989 թ-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Արցախի Գերագույն Խորհուրդները վերամիավորման որոշում ընդունեցին, այդ որոշումը չեղյալ չի համարվել, և հիմա եթե խոսում ենք Արցախի ինքնորոշումից՝ արդեն նշաձողն իջեցված է․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կոչին, որ պետք է Արցախի կարգավիճակի հարցում  նշաձողն իջեցնենք։

«Մենք արդեն գնացել ենք զիջումների, որովհետև յուրաքանչյուր հայ հասկանում է, որ Արցախը Հայաստանի մաս է՝ պատմական հայկական գավառ է, և եթե այսօր ասում ենք՝ Արցախի ինքնորոշում, դա վերամիավորումից մի նշաձող՝ շատ կարևոր նշաձող, արդեն ցածր է։ Իսկ դրանից ցածր չի կարող լինել, դրանից ցածրը Արցախի չգոյությունն է»,-ասաց Հրայր Կարապետյանը։

Արցախը պիտի փրկենք համահայկական ուժերի գերլարումով, նշեց նա, այդ գործում ազդեցություն կարող են ունենալ նրանք, ովքեր ազդեցություն ունեն համահայկական ուժային կենտրոնների վրա, դիվանագիտական կենտրոնների վրա՝ Հայ Դատի գրասենյակները և այլն։

«Այս ամենը պիտի մի մեխի խփի։ Իհարկե, նույն մեխին պիտի խփի նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, որը, ցավոք սրտի, այսօր ոչ միայն նույն մեխին չի խփում, այլև ընդհանրապես ոչ մի մեխի չի խփում»,-մտահոգություն հայտնեց Հրայր Կարապետյանը։

Ռուսաստանը ևս, նրա դիտարկմամբ, ուշի ուշով հետևում է Արցախի շուրջ զարգացումներին, և  շատ լավ են հասկանում՝ ինչ է տեղի ունենում, նաև Թուրքիայի պահվածքն են շատ լավ հասկանում։

ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունները լուծման հնարավոր տարբերակ է համարում։ Հրայր Կարապետյանն ասաց՝ չգիտի, թե Արայիկ Հարությունյանը կոնկրետ ինչ նկատի ունի, երբ ասում է՝ Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերություններ, դրա համար Ռուսաստանը պետք է առնվազն կամենա որպես սուբյեկտ ճանաչել Արցախը։

«Հիմա նա հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր մեր փոխարեն, որովհետև մենք չենք ուզում դա անել և չունենք էլ, հավանաբար, այդ հնարավորությունը։ Բայց դժվար է ասել, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան»,-նշեց նա։

Հրայր Կարապետյանը կարծում է՝ Արցախի ղեկավարությունն, ի վերջո, հասկացավ, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում զբաղվել Արցախով, նրանք համոզվեցին դրանում։ Հետևաբար, պիտի ուրիշ ելքեր փնտրեն՝ միայնակ, ցավոք սրտի։

«Իհարկե, այս հարցում Հայաստանի ընդդիմությունն է նրանց սատարում և սատարելու է։ Եվ ոչ միայն ընդդիմությունը, ես կարծում եմ, հիմա եկել է մի կրիտիկական պահ, երբ Հայաստանի գիտակից ժողովուրդը պիտի ընդդիմության հետ միասին սատարի Արցախին, նրանք, ովքեր հասկանում են, որ Արցախի կորուստը բերելու է Հայաստանի կորստին՝ գոյության դադարեցմանը»,-ասաց դիվանագետը։

Նա ողջունեց Արցախի խորհրդարանի վերջին հայտարարությունը, որով ասում էր՝ ինքնորոշումից բացի այլ կարգավիճակ Արցախի համար ընդունելի չէ

«Ղարաբաղի իշխանությանն, իհարկե, պետք է օգնել։ Ես հետևել եմ Արցախի խորհրդարանում ելույթներին, բավականին խորը վերլուծություններ կան այդ ելույթներում, ցավոք սրտի, Հայաստանի խորհրադարանում չեմ տեսնում նման խորը վերլուծություններ։ Նրանք, ովքեր մտածում են՝ դե Արցախն է, մենք ապրում ենք Նորքի մասիվում, մեզնից հեռու է, վաղը հենց հասնելու է իրենց դռանը։ Այնպես որ, բոլորը պիտի ընդունեն Արցախը որպես իրենց սեփական խնդիրը»,-ասաց Հրայր Կարապետյանը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիան նախկինում ասում էր՝ մինչև 7 շրջանը չտաք Ադրբեջանին, Հայաստանի հետ սահմանը  չենք բացի։ 7 շրջանը, փաստորեն, իրենցն է՝ Շուշին ու Հադրութն էլ հետը, նաև Մարտակերտի հյուսիսը, Շահումյանը, Գետաշենը, Մարտունիից հատվածներ, հիմա էլ ասում են՝ մնացածն էլ է ուզում Ադրբեջանը։

Խոսելով 5 կետերի մասին, որոնք իբրև խաղաղության համաձայնագրի հիմք են առաջադրել, Հրայր Կարապետյանն առանձնացրեց հատկապես մեկը, որով Ադրբեջանը պայման է դնում, որ հայերի ապագա սերունդները նույնիսկ իրավունք չպիտի ունենան Արցախի մասին ձայն բարձրացնելու։

«Ոչ ոքի իրավունք չի տրվել, նույնիսկ քվե ստացած իշխանություններին, ապագա սերունդների իրավունքների հաշվին որևէ պայմանագիր կնքել։ Հունիսի 20-ի ընտրություններին քվե չեն տվել, որ գնան՝ Արցախը ծախեն, էլ չեմ ասում՝ ապագա սերունդների իրավունքը ծախեն։ Այդպիսի լիազորություն ոչ մի իշխանություն չունի Հայաստանում»,-ասաց Հրայր Կարապետյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․