Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Թալինի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում 2021թ. օգոստոսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազական հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված նշված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ն չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ՀՀ հողային օրենսգրքի պահանջները:
Մասնավորապես, պարզվել է, որ 3 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, լեռնահատկացման ակտերի և ընդերքօգտագործման պայմանագրերի հիման վրա համայնքից վարձակալած գյուղատնտեսական նպատակային նշանակության 7,8 հա, 21,4 հա, 7,8 հա առանձին հողամասերում տևականորեն՝ 2003-ից մինչև 2021թթ., տարբեր ժամանակահատվածներում, իրականացրել են ընդերքի արդյունահանում:
Սակայն համայնքի ղեկավարը, ունենալով համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու կանխարգելելու լիազորություն, չի կասեցրել երեք ընկերությունների կողմից հողատարածքների ոչ նպատակային օգտագործումը, միջոցներ չի ձեռնարկել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման փոփոխելու ուղղությամբ: Դրա հետևանքով Արագածավան համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր 10.666.161 ՀՀ դրամ գումարի չափով հողի հարկ:
2022թ. փետրվարի 22-ին Ա. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) առաջադրվել է մեղադրանք:
Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վերոնշյալ վնասը:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնում մեղադրյալ Ա. Պ.-ի լիազորությունները կասեցնելու մասին, որը հաստատվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:
Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: