Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել եւ օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա՝ նույն հենակետերում, եւ դիրքային որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ Ասկերանի շրջան Փառուխ ու Խրամորթ բնակավայրերը սահմանամերձ դարձան, երբ Նիկոլ Փաշինյանը Ակնայի (Աղդամի) շրջանը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրով տվեց Ադրբեջանին։
Ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծություն անելիս Yerkir.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը շեշտեց՝ թուրք-ադրբեջանական այս ագրեսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ուղիղ կապ ունի Ուկրաինայում դեպքերի զարգացման հետ: Ըստ նրա՝ Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանի անհաջողություններից եւ փորձում Արցախը հայաթափել, հայկական հարցն այդ մասով լուծել։ «Մենք պետք է ուժեղ լինենք, բայց, ցավոք, այդ առումով պատրաստ չենք»,- ասաց նա:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը 2022 թվականի մարտի 27-ին հայտարարություն տարածեց այն մասին, թե ադրբեջանական զորքը բանակցություննորի արդյունքում դուրս է եկել Փառուխ բնակավայրից։
Դրան հաջորդեց Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը․ «Ադրբեջանական զորքերը մեր երկրի ինքնիշխան տարածքի մաս կազմող Փառուխ գյուղում եւ նրան հարող լեռնային շրջաններում չեն փոխվել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ տուժած զինծառայողների մասին տեղեկություններ չկան»։
Տեղեկություններ են գալիս դիրքերից, որ ադրբեջանցիները, առաջ շարժվելով, ասում են․ «Գնում ենք մեր պատմական հողը՝ Խոջալուն (Իվանյան)»:
Խոսելով այս հայտարարություններում պարունակվող հեռահար վտանգների մասին՝ ռազմական փորձագետը շեշտեց՝ եթե արցախահայությունը այստեղ չհաջողի, հաջորդիվ որոշվելու է հայկական տարածքների հարցը։
«Սա ադրբեջանական կեղծարարություն է, որովհետեւ Արցախը երբեք չի եղել իրենց պատմական հողը: Միայն ադրբեջանական պատմակեղծարարները կարող են այդ պնդումը անել, ոչ մի լուրջ պատմաբան դա չի հաստատի: Սա ադրբեջանական զավթողական եւ ագրեսիվ քաղաքականության արտահայտություն է արցախահայության նկատմամբ: Ցավալիորեն, եթե արցախահայությունն անհաջողության մատնվեց, հաջորդը դրվելու է Հայաստանի Հանրապետության հարավային տարածքների, հետո՝ Սեւանա լճի արեւելյան ափերի հարցը: Սա թուրքական ծավալապաշտական քաղաքականության արտահայտություն է, որը մենք ապացուցում ենք պատմական փաստերով»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով այս օրերին Հայաստանի իշխանությունների՝ Արցախում իրավիճակի շուրջ արձագանքներին՝ Մհեր Հակոբյանը ուշագրավ համարեց ՀՀ ԱԳՆ-ի՝ այս առնչությամբ տարածած հայտարարություններից մեկը․ մարտի 26-ի հայտարարության մեջ ասվում էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների՝ վերջին օրերին տարածած հայտարարությունները եւս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության եւ ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է։
«Լուռ չեն, բայց կարող են բարձրացնել ավելի մեծ աղմուկ, չեն բարձրացնում, որովհետեւ խաղաղության դարաշրջանի աբսուրդի մասին են խոսում, իսկ այդ դարաշրջանը չի ենթադրում ագրեսիվ հայտարարություններ: Իշխանությունները փորձում են խաղաղության դարաշրջանը կյանքի կոչել եւ թուրքին չքննադատել: Բայց սա երկար տեւել չի կարող, որովհետեւ ակնհայտ է, որ դա աբսուրդ է»,- ասաց Մհեր Հակոբյանը:
Արցախում ադրբեջանական կողմի սադրանքները, ինչպես արդեն վերեւում նշեցինք, պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմով։ Հարցին՝ պատերազմի ավելի երկարելն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի եւ Արցախի վրա, ռազմական փորձագետը պատասխանեց՝ իրականում շատ վտանգավոր է մեզ համար Ուկրաինայի պատերազմը:
«Եթե Ռուսաստանը կարողանա շահեկան դիրքում մնալ, իսկ Ուկրաինան էլ վերածվի Սիրիա-2-ի, Ռուսաստանին որոշակի թուլություն կբերի, բայց մեծ հաշվով չի բերի Ռուսաստանի կործանմանը: Մենք էլ կապրենք մոտավորապես այնպես, ինչպես հիմա ենք ապրում: Եթե Ռուսաստանը հաղթի, որը քիչ հավանական է դառնում, մեր վիճակը կլավանա՝ ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, բայց կվատանա Արեւմուտքի հետ, եւ մենք կկանգնենք ընտրության առջեւ: Եթե Ռուսաստանը հայտնվի ավելի վատ վիճակում, մենք կհայտնվենք աղետալի դրության մեջ: Ռուսական զորքերը կհեռանան, եւ մենք սակավ ուժերով կմնանք թուրք-ադրբեջանական հորդայի դեմ միայնակ: Այդ ժամանակ պետք է շատ արագ փորձենք միջազգային ուժ գտնել, որը մեզ կպաշտպանի, կամ մենք միասնաբար կսկսենք պաշտպանվել»,- մեկնաբանեց նա:
Օրերս տեղի ունեցան Վեդի խոշորացված համայնքի քաղաքապետի ընտրությունները, եւ Նիկոլ Փաշինյանի թիմը հաղթեց: Երասխը Վերդիից շատ հեռու չէ: Այս պատկերը ինչպե՞ս կմեկնաբանեք։
«Հիմա կփորձեմ ոչ թե քաղաքական գնահատական տալ, այլ փաստերը շարադրել, իսկ դրանք հանգում են նրան, որ սա ընդդիմության պարտութունն էր Վեդիում: Իշխանության ակնհայտ անհաջողությունների, պարտված պատերազմի, կառավարական քաոսի պայմաններում ընդդիմությունը չկարողացավ շարքային վեդեցուն համոզել, որ ընտրեն իրենց, ոչ թե իշխող ուժին:
Այս ընտրությունը որոշակիորեն մեր հասարակության տրամադրությունների հայելին է, որովհետեւ, որքան էլ ցավալի է, այս տարիներին արժեզրկվեցին Արցախի գաղափարը, անկախ պետականության գաղափարը, արժանապատիվ հայի գոյության գաղափարը: Քարոզվեցին շահամոլական, «եղունգ ունես գլուխդ քորի» սկզբունքները: Եվ հիմա, երբ մարդկանց ասում ես՝ Արցախ, սահման, մինչեւ վտանգը չգա, իրենց տուն չմտնի, չեն հասկանում, թե ինչ ես ասում։ Իսկ այդպես եղավ, որովհետեւ մեր հասարակությունը հիվանդ է, որովհետեւ 1991թ. առողջ հասարակությունը, որը պատրաստ էր կյանք տալ Արցախի համար, 30 տարի մեր երկրի առաջնորդների մեղքով վերածվեց անարժանապատիվ, շահամոլ, պատեհապաշտ հասարակության: Այդ առումով լուրջ աշխատանք կա անելու:
Վեդին եւ Երասխը իրար շատ մոտ են, բայց նույնիսկ պատերազմի վտանգը վեդեցուն չի ստիպում հասկանալ, եւ նա իր ձայնը տալիս է ՔՊ-ին՝ «սա մեր ընկերոջ ախպերն է», «մեր դասարանցին է» սկզբունքով, կամ գուցե՝ ընտրակաշառքով: Մեր հասարակությունն առողջանալու խնդիր ունի: Մենք ունեինք առողջ սերունդ, որը «Վարդանանք» էր կարդացել, դրա համար Արցախյան առաջին պատերազմում հաղթեցինք»,- նշեց Մհեր Հակոբյանը:
Լիանա Սարգսյան