Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ի պաշտոնյաները Շուշիում նշեցին Ադրբեջանի՝ այդ կառույցին անդամակցելու 30 տարին։ ՀՀ արտգործանխարարությունը կանչեց Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողին ու բողոքի նոտա հղեց՝ պահանջելով վերականգնել ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն ասաց՝ Ադրբեջանի «ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը և դրան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը չի մտնում Հայաստանի իրավասության մեջ։
Շուշին Ադրբեջանի տարածքը չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում փաստեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
«Հակառակ Ադրբեջանի պնդումների, հակառակ ՄԱԿ-ի կամ ՄԽ համանախագահների լռելյայն համաձայնությանը, այդ տարածքը որևէ առնչություն չունի ժամանակակից Ադրբեջանի հետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքները՝ 3 անգամ ավել մեծ, քան այդ Հանրապետությունը, չեն պատկանում Ադրբեջանին միջազգային իրավունքի առումով»,-պնդեց իրավապաշտպանը։
Երբ ՀՀ-ն պահանջում է վերականգնել ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը, հիշեցնում է այն, որ ՄԱԿ-ի դիրքորոշումը միշտ եղել է խնդիրը կարգավորել այնպես, ինչպես կորոշեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
«Մենք սա պիտի չմոռանանք։ Այնինչ այն, ինչ տեղի է ունեցել, ամբողջովին, ոչ թե ինչ-որ մի մասով, ամբողջովին հակասում է ՄԽ համանախագահների դիրքորոշմանը։ Սա այն ընդհանուր հողն է, որի վրա կարող ենք կետ առ կետ դիտարկել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
ՄԱԿ-ի սկզբունքներից ամենաառանցքայիններից է ուժի չկիրառման սկզբունքը․ եթե դա հանես, կարելի է ասել՝ ՄԱԿ-ն ինքն իրեն մերժում է։
«Այն, ինչ տեղի է ունեցել, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ հանցագործություն է, որովհետև այդ տարածքում կային այնպիսի համաձայնություններ, որոնք բնութագրվում էին անժամկետ, և ՄԱԿ-ի սկզբունքով՝ առանց ուժի կիրառման։ Դա հիմնական սյունն է, որի վրա թե՛ կայացել է ՄԱԿ-ը, և թե՛ կանոնադրությունն իր մեջ ներառել է այլ կետեր։ Եթե այդ մի սկզբունքը հանես՝ կարելի է ասել՝ ՄԱԿ-ը ինքն իրեն մերժում է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Մյուս սկզբունքը տարածքային ամբողջականությունն է։
«Բազմիցս ենք հստակեցրել և ՄԱԿ-ի տարբեր հատուկ զեկուցումներում, մասնավորապես, ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի զեկույցում, մանրամասնված է տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման իրավունքի բացարձակ՝ որևէ հարթության մեջ դիտարկելու անհնարինությունը, անգրագիտությունը»,-ասաց իրավապաշտպանը։
ՄԱԿ-ի փորձագետը նաև համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում։ Նա գրել է․ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից իր անկախությունը հռչակել էր դեռևս 1991 թվականի դեկտեմբերին և այդ հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին: Ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքն է հանգեցնում հակամարտության, այլ դրա անարդար մերժումը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առջեւ՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով»:
Երրորդ ասպեկտն այնտեղ է, որտեղ խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։
«Փորձագետների մի մասն անընդհատ նշում էր, որ այդպիսի դիտարկումներն ուղղակի հակասում են այն իրավիճակին, որի մեջ եղել է Արցախը․ Արցախը չի ինքնորոշվել Ադրբեջանի կազմում, խիստ հակառակը՝ երբ Սովետական Միությունը փլուզվել է, ապա այն տարածքի վրա, որը կոչվել է Ադրբեջանի ԽՍՀ, տեղի է ունեցել երկու պետությունների կայացում․ դա ժամանակակից Ադրբեջանն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Ի վերջո, Ադրբեջանական ԽՍՀ-ի քարտեզն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքին, որովհետև նրա տարածքները, հակառակ բնակչության՝ հայ ժողովրդի կամքին, ուղղակի բռնի ուժով կցվել է Ադրբեջանին, հետագայում դա մասնատվել է 3 մասերի, և այն տարածքը, որն ստացել է «Լեռնային Ղարաբաղ վիճելի տարածք» բնութագիրը, բաժան-բաժան է արվել և մի փոքր տարածքի վրա է միայն Սովետական ժամանակ թույլատրվել, որ ինքնորոշվի Լեռնային Ղարաբաղը։
Սա միջազգային իրավունքի դեմ է և տեղի է ունեցել հակառակ Ազգերի Լիգայի՝ ներկայիս ՄԱԿ-ի որոշման։
«Կգա վերջապես Հայաստանում մի իշխանություն, որն այդ վեճը վեր կհանի և վերջ կտա այս բոլոր խաբեություններին, որն Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի ուղղորդմամբ, և դրա հետ համաձայնել է նախ և առաջ Հայաստանը՝ հանձինս առաջին իշխանությունների 1990-ականներին։ Մյուս հարցն այն է, որ այսօր ևս այս իշխանությունը բացարձակապես քիչ է՝ անտեղյակ է, բայց երբ տեղեկանում է, ուղղակի քաղաքական իր դիրքորշումն է, որ Ադրբեջանը կարող է Արցախի այդ տարածքները համարել իր տարածքային ամբողջականության կտոր, այնինչ դա այդպես չէ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Արցախից օկուպացրած Շուշի քաղաքում Ադրբեջանի և ՄԱԿ-ի համագործակցության 30 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմակերպության գործակալությունների ղեկավարները։ Միջոցառման մասնակիցները ժամանել են Վարանդայի օդանավակայան, որտեղից էլ գնացել են հայկական Շուշի։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերյան էջում գրեց․ «Մենք «Խանքենդի» կոչվող ինքնաթիռով թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան, որպեսզի այցելենք Շուշի՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ընտանիքի հետ։ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում՝ ՄԱԿ-ի ինստիտուտների հետ համատեղ»։ Նա հատուկ ընդգծեց՝ ՄԱԿ-ի դրոշը ծածանվելու է Շուշիում։
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը խիստ դատապարտելի համարեց Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Նա ասաց, որ էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:
Աննա Բալյան