կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 11:51
Հասարակություն

Էջ Մը Թեհլիրեանի Յուշերէն. Ի՞նչպէս Սպաննուեցաւ Թալէաթը

Էջ Մը Թեհլիրեանի Յուշերէն. Ի՞նչպէս Սպաննուեցաւ Թալէաթը

Մայթին Վրայ Ինկաւ Հրէշը

Առաւօտեան լոյսը բացուելուն արդէն նստած էի գրասեղեանիս առջեւ. սենեակս կարգաւորել էի, որ առիթ չունենան ներս գալու: Դասագիրքս բացած՝ դիտում էի դիմացի շէնքը, շուրջ 25 մեթր լայնութեամբ փողոցը: Դեռ կանուխ էր. բանուոր, արհեստաւոր, գործակատար աճապարում էին աշխատանքի: Երբեմն աղմուկով անցնում էին ապրանքատար ինքնաշարժեր: Պատուհանիս վարագոյրի միացման նեղ ճեղքից աշխատում էի մի բան տեսնել դիմացի շէնքից ներս, բայց ապարդիւն:

Դուռը ծեծեցին. ներս մտաւ աղախինը թէյով. թիկունքում յայտնուեց տիկին Դիտմանը: Այնպէ՜ս շփոթուեցի, որ կարծես բռնուած էի ծանր յանցանքի վրայ: Տիկին ձգում էր աւելի երիտասարդ եւ հաճելի լինել, քան փաստօրէն կարող էր: Ժպտախառն զրոյցից ոչինչ չեմ հասկանում: Ձեռքի շարժումներից կռահում եմ, որ խնդիրը դառնում է դրան աւրտուած պտուտակի շուրջ, որ արժմ նորոգուած ու շտկուած է. տալիս է ինձ բանալի, որի համրա ոչինչ պէտք չէ վճարեմ:

 

Դանկէշէօն* (Շնորհակալ եմ, (գերմաներէն, «Հայր.») ասացի, կարճ կապելու համար...

Եղաւ ժամը 10, 11. դիմացի շէնքից ոչ ոք չյայտնուեց: Կէսօրին ընկերոջիցս իմացայ մի ուշացած նորութիւն. Փարիզից ստացուել էր մի ծածկագիր գրութիւն. Պոլսից Փարիզ յայտնել էին, որ Թալէաթը ապրում է Բերլինում, Հարտենբերգ թիւ 4 բնակարանում, Ալի Սալիճ բէյ կեղծ անուան տակ: Շատ կարեւոր նորութիւն էր այս...

Սենեակիս մէջ ժամերով անշարժ նստած դիտում էի դիմացի շէնքը: Ճրագ չվառուեց այնտեղ...

Առաւօտեան անկողնից ելայ այնպէս ջարդուած, որ կարծես ամբողջ գիշերը քայլել էի. հարբուխ, կոտրտուք, տաքութիւն. անհաճոյ էր: Անհամբերութեամբ սպասում էի ժամի 10-11ին: Ոչ ոք եւ ոչինչ: Անգամ կասկածելի էր, թէ արդեօք բնակութիւն կա՞յ դիմացի շէնքում:

Կէսօրին, ընկերս, Ազմիի խանութին նայող պատուհանի մօտ նստած, կարդում էր թերթերի լուրերի բաժինը:

–Եթէ դիւրին գործ լինէր, երեք տարուան մէջ արդէն կատարուած վերջացած կը լինէր, ասաց նա՝ լսելով տրտունջներս:

–Ես առաջարկում եմ Վազային ճամբել տանտիրոջ մօտ:

–Ինչո՞ւ:

–Որպէսզի իմանանք, թէ այդ տան մէջ բնակութիւն կա՞յ, թէ չէ:

–Ստուգելու միակ ապահով ճանապարհը հսկողութիւնն է...

Գիշերը դիմացի շէնքի առաջամասում կանթեղի պէս մի լոյս պլպլաց ու մարեց...

Յաջորդ օրը ըստ սովորութեան մինչեւ 11 հսկեցի. այժմ տարակոյս չէր մնում, որ Թալէաթը փախել է: Չէր երեւում նաեւ «մռայլադէմը», Ռըսուհի կոչուածը: Կէսօրին առաջարկեցի վերականգնել Ուլանտի ( հսկողութիւնը:

Գիշերը անցըրի հիւծուած ու պարտասած, մղձաւանջային երազներով. ինչ որ ամբոխ, իրարանցում, գոռում-գոչիւններ, հետապնդում ու մի գաղփռ, որ փակել է ճանապահրս...

Առաւօտեան ժամը 10ից յետոյ ինձ կարծես խեղդում էին սենեակիս պատերը. ի՜նչ ճակատագրական արժէք ունեցաւ մւոտքի դրան այն թշուառ պտուտակը...

Կէսօրին ընկերոջս տրամադրութիւնը բարձր էր: Ուլանտում Յազօրը մի քանի այցելուների մէջ որոշապէս տարբերել էր Բէհաէտտին Շաքիրին:

–Քանի նա այստեղ է, նշանակում է Թալէաթն էլ շուտով կը յայտնուի:

–Իսկ ինչո՞ւ չես ենթադրում, որ Շաքիրն էլ կարող է գնալ:

–Այդ դէպքում պէտք է արդէն մեկնած լինէր, որովհետեւ եթէ Թալէաթը փախել է, Շաքիրն էլ պէտք է իր կեանքի ապահովութեան մասին մտածէր:

Ասածի մէջ տրամաբանութիւն կար. նորից գօտեպնդուելով դարձայ տուն:

Գիշերը երազիս տեսայ մայրս. իբր թէ Երզնկայից մեկնում եմ դէպի Բալկանները: Հարսները իրար են անցել ծուխի եւ մուրի մէջ կորած թոնրատանը, նրանք պատրաստում են ճամբորդական պաշարս: ...

...

–«Մա՛յր», գոչում եմ: Բայց նա այլեւս յետ չի նայում. նա գնում, գնում, վազում է ու յանկարծ չքանում...

Առաւօտ էր, թունդ ելած ջղերս անկարող եղայ հանդարտցնել ու մանկան պէս լաց եղայ...

Յաջորդին, 11ի մօտերը, մի ինքնաշարժ կանգ առաւ դիմացի շէնքի մայթի մօտ: Սիրտս ուժգնօրէն բաբախում էր. ինքնաշարժից դուրս եկան մռայլ դէմքով Ռըսուհին եւ սեւ վերարկուով դեռատի մի կին: Մինչ առաջինը կը վճարէր, միւս կինը թեթեւօրէն վեր սահեց տարածուն հինգ-վեց աստիճաններով ու բանալին դարձնելով՝ ներս մտաւ: Շունչ առի. կասկած չկար, որ Թալէաթի կինն է... Մօտ երկու ժամ քարացած մնացի պատուհանիս մօտ: Բայց այլեւս անցուդարձ չկար: Անհրաժեշտ էր լուր տալ ընկերոջս յուսատու անակնկալի մասին:

Լսեց այս կարեւոր լուրը եւ իր հերթին յայտնեց, որ Ամերիկայից օդային պոստով ստացել է ծածկագիր մի նամակ: Ընկերները, կրկնելով Պոլսոյ տեղեկութիւնը, խնդրում էին բոլոր հնարաւոր միջոցներով վերջ տալ Թալէաթի գործին: Մնացած ոճրագործները պատժելու համար ձեռք են առնուած միջոցներ եւ այդ խնդիրը մեզ պէտք չէ զբաղեցնէ: Ծածկագիրը Փետրուարի սկիզբներին մեր կատարած դիմումի պատասխանն էր:

Մարտ 13ի առաւօտեան մայթի վրայ յայտնուեց Թալէաթի կինը եւ դանդաղօրէն շարժուեց դէպի վեր: Դեռ Պոլսից գիտէի, որ ընդունակութիւններով օժտուած եւ քաղաքկաանութեամբ հետաքրքրւող մէկն էր: Նա մասնակից էր ամուսնու գործերին, երբ նա հեռագրական պարզ պաշտօնեայ էր, ներքին գործոց նախարար, մեծ գեզիր: Ասում էին, որ նոյնիսկ մեծ ազդեցութիւն ունէր ամուսնու վրայ: Յայտնի էր իբրեւ հրապարակագիր: Իթթիհատականների նեղ շրջանում անծանօթներից չէր: Կարող էր երբեմն երեսը բաց, առանց քողի հանդէս գալ Պոլսոյ փողոցներում: Այնուամենայնիւ հաճոյքով չէր, որ դուրս եկայ հասկանալու, թէ ո՞ւր է գնում. կին հետապնդելը անհաճոյ էր:

Հասաւ կենդաբանական այգի ու ներս մտաւ: Գարուն էր. ձիւնից նոր ելած կանաչները կարծես լուացուած, սրբուած էին: Բայց գեղատոմսային ճշդութեամբ բաժանուած մարդերն ու համահաւասար թփիկները աւելի հետաքրքրութիւն, քան հաճոյք էին պատճառում ինձ: Նա գնում էր յամրաքայլ դէպի ցայտաղբիւրները, ուր շիթերով բարձրանում ու անձրեւի պէս իջնում էին ջրերը՝ գոյացնելով ցօղեր մամռապատ շրջապատին վրայ: Յանկարծ սիրտս լեցուեց անսահման կարօտով դէպի մեր հայրենիքը, դէպի պղտոր Եփրատը, որ ամպեր համբուրող սրագագաթ լեռների միջով մտնում է կիրճերը, գոռում հազարաւոր վագրերի միաբերան ոռնոցով, ապա զայրոյթից փրփրած դուրս է նետւում ու հեղաղատի պէս տարածւում...

...

Վերադարձայ տուն...

Յաջորդ կէսօրին Յազօրից իմացայ, որ Ուլանտը այդ օրը նման է եղել ուխտատեղիի. այնքան շատ մարդ է մտել ու դուրս եկել, այնտեղ եղել են Բէհաէտտին Շահիրը, դոկտոր Նազըմը, Իսմայիլ Հագգըն, դոկտոր Ռըսուհին, անգամ Ջեմալ Ազմին. վեց-եօթ ուրիշներ եւս, որոնց չի ճանաչել: Անշուշտ, շուտով պիտի երեւար եւ Թալէաթը...

Կրկին վերադարձայ տուն: Միջանցքում դէմ առ դէմ եկայ տիկին Դիտմանին. աւելի քան սիրալիր էր, բայց ես չկարողացայ նրա հետ հաստատել այն պարզ, դրացիական յարաբերութիւնները, ինչ տիկին Շտէլբաումի հետ: Նա միշտ շփոթութիւն էր պատճառում եւ որքան ուզում էր պարզել, այնքան աւելի դժուարութեամբ էի հասկանում ասածները: Այո՛, առողջութիւնս լաւ է, պարապմունքներս՝ նոյնպէս. չգիտեմ ինչո՛ւ ենթադրւոմ է, որ ինձ հետ դժբախտութիւն է պատահել, կամ ես չհասկացայ, ու նա ժպտում է, ես մտնում եմ սենեակս...

Իրիկուան դէմ փողոցում յայտնւեց Ռըսուհին զամբիւղով. շուտով նա յետ դարձաւ եւ այլեւս դիմացի շէնքի դուժը չբացուեց: Մութը կոխելուն պէս ճրագ վառւեց առաջամասի դահլիճում, բայց յանկարծ մարեց ու բացւեց պատշգամի ձախ մասի սենեակում: Երկար չտեւեց նաեւ այստեղ ու շէնքը դարձեալ պարուրուեց խաւարով:

Առաւօտը սովորականից շուտ ելայ. արեւի շողերը արդէն հասել էին դիմացի շէնքի պատուհանին: Հազիւ էի աւարտել թէյս եւ ուզում էի բազկաթոռը մօտեցնել պատուհանի եզրին երբ յանկարծ դիմացի շէնքի պատշգամում տեսայ Թալէաթին: Քարացայ. նա՞ էր արդեօք: Այո՛...

Նա մէկ երկու քայլ առաջ անցաւ, ուշադիր զննեց. մայթը՝ նախ վեր, ապա վար ու կարծես ինչ մտքերի ծանրութեան տակ գլուխը կախեց: Ըստ երեւոյթին թեթեւ չէր կեանքը, գործած անպատում ոճիրից յետոյ: Յամենայն դէպս, թէեւ անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ. Պոսլսոյ պատերազմական ատեանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Առաջինը նրա համար, հաւանաբար, ունէր բարոյական նշանակութիւն. փոխանակ վեր հանելու իր «ազգանուէր» մեծ գործը,  հարազատ երկրի մէջ հարազատները դատապարտում էին նրան մահուան, իբրեւ սովորական ոճրագիրծը: Բայց ժամանակը կարող էր այդ «թիւրիմացութիւնը» պարզել. ապագայ սերունդները կը հասկնային կատարած գործի արժէքը, եթէ... Եթէ չլինէր Հ. Յ. Դաշնակցութեան դատավճիռը: Այնուամենայնիւ, չկարողացաւ այդ կուսակցութեան բոլոր ղեկավարներին բնաջնջել: Բայց ո՞վ մնաց իր ճանաչածներից: Փաստօրէն մէկ հոգի – Գարեգին Փաստրմաճեանը: Չէ՞ր յիշում արդեօք իր վերջին ցրոյցը նրա հետ...

Լծակի պէս հաստ դաստակը վեր տարաւ, ձեռքով ճակատը շփեց, ներս մտաւ: Նայեց ժամացոյցին. 10 էր, Ուլանտ գնալու իր սովորական ժամը: Զէնքը առի վրաս, պատրաստ դուրս գալու: Յանկարծ նա յայտնուեց դրան մօտ ու փղի պէս ծանրօրէն սկսեց վար իջնել: Երբ դուրս ելայ փողոց, դիմացի մայթով արդէն բռնել էր Ուլանտի ուղին: Սառը դատողութիւնը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատուիլ ձեռիցս, բայց եւ յուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ:

–«Հասի՛ր, վազի՛ր, անցի՛ր միւս մայթը, ու շեղակի կռնակից, մէջքի՛ն, գլխի՛ն, շո՛ւտ, անցի՛ր փողոցը»...

Մայթից իջայ փողոց՝ յետեւը անցնելու համար, բայց յանկարծ մի բան յետ մղեց ինձ. հազար անգամ պարզուած բացորոշ բանը այդ պահին մէկէնիմէկ կասկածելի թուաց. նա՞ է արդեօք...

–«Անցիր դիմացը, դիմա՛ցը, դիմա՛ցը, ուղղակի ճակա՛տին, շո՛ւտ, շո՛ւտ, վազի՜ր»...

Դիմացի մայթով հաւասարուեցի նրան, արագ քայլերով բաւական յառաջացայ. անցայ նոյն մայթը, ուսկից գնում էր նա: Յետ դարձայ: Մօտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած՝ զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալէաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ...

Թալէաթը հարուածից կարծես ցցնուեց ու մի ակնթարթ հզօր մարմինը պրկուեց ձիգ, բայց երերուն. ապա՝ սղոցուած կաղնու բունի պէս երեսի վրայ տապալուեց թնդիւնով... Քիչ դէնը մի կին ճչաց ու գետին փռուեց. մի մարդ վազեց դէպի նա... Բնաւ չէի կարող երեւակայել, որ այդպիսի դիւրութեամբ գետին պիտի փռուի գազանը: Մի վայրկեան մղում ունեցայ բոլոր գնդակները պարպելու մէջքին, բայց փոխանակ կրակելու ատրճանակս նետեցի: Սեւ, թանձր արիւնը վայրկենապէս լճացաւ Թալէաթի գլխի շուրջ. կարծես ջարդուած անօթից մազութ էր դուրս թափում...

....

 

«Հայրենիք», Պոսթոն
62րդ Տարի, Թիւ 14,634
Երեքշաբթի, Յունիս 14, 1960
62րդ Տարի, Թիւ 14,635
Չորեքշաբթի, Յունիս 15, 1960