Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանությունների ընկալմամբ՝ Խրամորթ գյուղի բնակիչներն իրենց գոյությամբ սադրում են Ադրբեջանին, որ վերջիններս հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով անցնող օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքին և իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությանը:
«Այստեղ պետք է առանձնացնենք երկու կարևոր հանգամանք. առաջին՝ մեկ-երկու օրվա ընթացքում մի քանի հայտարարություններ լսեցինք. Ադրբեջանցիները կրակում են՝ հետո՞ ինչ, միևնույն է՝ գնալու ենք խաղաղության, երկրորդ՝ կա միջադեպ Արցախում, բայց մենք չենք մեկնաբանում, երրորդ՝ միջադեպերը պետք է ուսումնասիրվեն, և մենք հասկանանք՝ ո՞վ է մեղավոր. երևի Խրամորթի բնակիչներն են իրենց գոյության փաստով սադրում ադրբեջանցիներին, որ իրենք հարձակվեն հայկական կողմի վրա:
Ադրբեջանցիները տրամաբանական մոտեցում ունեն, ըստ որի՝ ինչու՞ վերցնել մասը, եթե կարող են վերցնել ամբողջը: Այստեղ մենք պետք է ընդգծենք նաև արտաքին քաղաքական գործոնը: Պատմությունը սիրում է կրկնվել: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր Թուրքիան զորք կուտակել Խորհրդային Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին և սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, որ որոշակի գործողություններ իրականացնի այս տարածաշրջանում, այնպես էլ հիմա: Այդ ժամանակ էլ թշնամին սադրում էր: Թշնամու ձեռագիրը չի փոխվել. եթե նախկինում Թուրքիան գործում էր իր զորքերի միջոցով, ապա այսօր նույնն անում է իր պրոքսի հանդիսացող Ադրբեջանի միջոցով»,- ասաց քաղաքագետը:
Բենիամին Մաթևոսյանը նկատում է՝ եթե Ռուսաստանը պարտություն կրեց Ուկրաինայում, ապա Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են Հայաստան ներխուժել:
«Վստահ եմ, որ Ռուսաստանի մասով այդ ծրագիրը տապալվելու է, բայց Հայաստանի մասով տեսնում ենք, որ մեր իշխանությունները թշնամու բոլոր քայլերը պատրաստ են արդարացնել, անգամ քննադատական խոսքեր չեն ասում իրենց հասցեին»,- ասաց Բ. Մաթևոսյանը:
Փաստացի՝ Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով հնչեցնում է հայտարարություններ՝ ի ապացույց այն իրողության, որ վերջինս հրաժարվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման:
Քաղաքագետը հիշեցնում է՝ պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներց մեկն ասում էր, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածը ադրբեջանական էր, և հայերն այն օկուպացրել էին:
«Այս իշխանություններն ունեն գաղափար, և, ըստ այդ գաղափարի, մեր փրկությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու մեջ է: Սա նման է միակողմանի սիրուն: Ադրբեջանցիները փորձում են ոչնչացնել հայկական էլեմենտը Այսրկովկասում, բնաջնջել այն ոչ միայն Արցախից, այլև Սյունիքից, Երևանից, իսկ այս իշխանություններն ասում են՝ ո՛չ, մենք միևնույն է գնում ենք խաղաղության: Ցավոք սրտի, 44-օրյա պատերազմը այս մարդկանց ոչինչ չսովորեցրեց, բայց դա էլ է հասկանալի. իրենց քաղաքական հետագիծը երբ տեսնում ես, իրենք Արցախը երբեք Հայաստանի մաս չեն համարել: Արցախն իրենց ընկալումներում գլխացավանք էր, և իրենք այդ գլխացավանքից ազատվել են: Այս իշխանությունների համար Արցախը Սփյուռքի վատ դրսևորումն է»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը:
Լենա Կարապետյան