կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 14:11
Հասարակություն

«Սալոնիկցիները» պատմում են իրենց մասին

«Սալոնիկցիները» պատմում են իրենց մասին

Ֆերդա Բալանջար

Սուզան Նանա Թարաբլուսի «Հայրիկ, ինչու՞ են մեզ դյոնմե անվանում: Կյանքեր, վկայություններ, հուշեր» գիրքը հրատարակվել է Varlık հրատարակչության կողմից: «Դյոնմեի», «սաբաթայականի», «սալոնիկցու» պես հակասությունները համատեղող, մոտավորապես 500-ամյա պատմություն ունեցող հանրության վերաբերյալ մինչև այսօր արված ամենահամապարփակ բանավոր պատմության ուսումնասիրություն գրքում տեղ են գտել ընդհանուր 27 անձի հետ իրականացված հանդիպումների գրառումներ:

Որքան տեղյակ եմ, Թուրքիայում սաբաթայականների մասին նման ծավալի բանավոր պատմության վրա հիմնված ուսումնասիրություն առաջին անգամ է կատարվել: Կպատմե՞ք այս աշխատանքի ոդիսականը: Շատ հեշտ չէր, չէ՞, մարդկանց խոսել համոզելը:

-Այո, դա սաբաթայականի ծագում ունեցողների հետ նման ծավալի բանավոր պատմության առաջին ուսումնասիրությունն էր: Երբ որոշեցի կենտրոնանալ այդ թեմայի վրա, տատանվում էի, սակայն ճանապարհս սկսելուց հետո յուրաքանչյուր հարցազրույցի մասնակից, ում վստահությունը շահել էի, ինձ՝ խոսելու պատրաստ այլ ծանոթի էր առաջարկում: Իհարկե, խոսել չցանկացողներ, անգամ իրենց ասածները ժխտողներ էլ եղան։ Սակայն հավատացեք, որ երբ ուսումնասիրության համար արդեն բավականին կուտակված նյութեր եղան, ստիպված եղա մեծ թվով մարդկանց մերժել հարցազրույցի մասնակցել․․․

-Մի հարց կա, որ ուղղում եք հարցազրույցի բոլոր մասնակիցներին: Այն շատ հաճախ այսօրվա Թուրքիայի հասարակական կարծիքում էլ է հիշատակվում: «Ի՞նչ դեր են խաղացել սաբաթայականները Թուրքիայի Հանրապետության հիմնադրման, քաղաքականության, տնտեսության և պետական կառավարման մեջ»: Այս հարցին մասնակիցներից ստացված պատասխաններն ի՞նչ տպավորություն թողեցին ձեզ վրա:

-Միություն և առաջադիմության՝ երիտթուրքերի շարքերում ծագումով շատ սաբաթայական դյոնմե մտավորականներ կային. նրանց նպատակը ժողովրդավարական (?!-Ակունքի խմբ), ժամանակակից երկիրն էր: Նրանց շարքերում կային ֆինանսների նախարար Ջավիդ բեյի, Սաբիհա Սերթելի, Ահմեդ Էմին Յալմանի պես առաջադիմականներ: Սալոնիկցիները հիմնականում որպես մտավորական դաստիարակված, հասարակական կյանքի տարբեր աստիճաններում կարևոր դիրքի հասած մարդիկ էին։

Նրանք հավատում էին Թուրքիայի նոր ստեղծվող Հանրապետությանը և իրենց բնորոշում էին որպես «հանրապետական թուրքեր»։ Միություն և առաջադիմություն կուսակցության շրջանից սկսած՝ նրանք մշտապես ներգրավված են եղել առաջադեմ շարժումների մեջ. կարծում եմ, որ իրենց մեջ բազմաթիվ արվեստագետների, գիտնականների, տնտեսագետների և արդյունաբերողների, համաշխարհային առևտրի ռահվիրաներ պատրաստած սալոնիկցիների ներդրումը հանրապետության զարգացմանը չի կարել ժխտել: Մյուս կողմից ցանկանում եմ փոխանցել ինձ հարցազրույց տված մեկի մոտեցումն այս հարցում։ Նա ասում է. «Կարծում եմ դա ահավոր չափազանցություն է: Նրանք կարողացան դա անել, քանի որ այդ տարիներին մուսուլմանների մեջ այդքան լավ կրթված և մի քանի օտար լեզուների տիրապետող մարդկանց թիվը քիչ էր: Որոշ պարտականություններ կատարել կարողացող մարդկանց պակաս կար՝ նրանցից բացի: Բայց ավելի ուշ, երբ հասարակության լայն շրջանակներում կրթության մակարդակը բարձրացավ, օտար լեզվի վիճակը ավելի լավ վիճակում հայտնվեց՝ արդյունաբերության, ինդուստրիայի, առևտրի, բյուրոկրատիայի, կրթության, մշակույթի աշխարհում, ընդհանուր բնակչության համեմատ «անհամաչափ» թվերը սկսեցին կամաց-կամաց նվազել:

-Ինչպես հասկացանք գրքի ձեր գրած ներածությունից, սաբաթայականներն իրենց ներսում երեք խմբի են բաժանված՝ քափանջըներ, քարաքաշներ և յաքուբիներ: Գրքում տեղ գտած 28 հարցազրույցների մեծամասնությունը քափանջըների և քարաքաշների հետ հարցազրույցներ են։ Յակուբիները, մյուս երկու խմբերի համեմատ, ավելի ներփակ խումբ ե՞ն: Եթե այդպես է, որո՞նք են դրա պատճառները:

-Գիտեմ, որ յակուբիները 20-րդ դարասկզբին սաբաթայականությունից անջատված առաջին խումբն է: Մենք տեսնում ենք, որ քափանջը խմբի մեծերը մինչ օրս շարունակում են իրենց հավատքը։ Տեղյակ ենք, որ քարաքաշների մեջ դեռևս իրենց ծեսերին կապված փոքրամասնություն գոյություն ունի: Շատ օգտակար կլիներ այս թեմաներին հետևել իմ զրուցակիցների պատմածներով։

-Թուրքիայի հրեական համայնքի վերաբերմունքը սաբաթայականների խմբերի հանդեպ տարբերվու՞մ է հնուց մինչ օրս:

-17-րդ դարում ի հայտ եկած այս շարժման (կամ հավատքի) հանդեպ արձագանքը, անշուշտ, մեծ էր: Հրեաների նման օսմանյան արքունիքն էլ էր Սաբեթայ Ցվիին դիտում որպես սպառնալիք գահի նկատմամբ: Այդ օրվանից ցայսօր ժամանակի ոգուն համապատասխան հեռանկարներն ու պատկերացումները շատ են փոխվել։ Ես հրեա եմ և Թորայի՝ «Սիրիր դիմացինիդ քո անձի պես» սկզբունքի համաձայն եմ ապրում:

-Սաբաթայականների ապագայի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք: Կիսու՞մ եք այն կանխատեսումը, որ ձուլման արդյունքում նրանք կջնջվեն պատմության թատերաբեմից։

-Իմ կարծիքով, Սաբեթայ համայնքը իր գոյության օրից կարող է դիտվել որպես բազմաինքնություն: Այս համայնքի վերջին երկու-երեք սերունդների ներկայացուցիչների հետ, ովքեր նախընտրում են իրենց «սալոնիկցի» անվանել,  անցկացրածս հարցազրույցներում պատմել եմ նրանց ինքնաբացահայտման պատմությունները: Ինչո՞ւ նրանք պիտի ջնջվեն պատմության թատերաբեմից։ Համոզված եմ, որ էթնիկական ծագման առումով իսպանական և հրեական պատկանելությունը միշտ կպահպանվի և ժամանակի ոգուն հարմարվելով՝ կփոխանցվի սերնդեսերունդ:

http://www.agos.com.tr/tr/yazi/26798/selanikliler-kendilerini-anlatiyor

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net