Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ
Ստեղծված իրավիճակից ելքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրություն ձևավորելն է։
Դիմադրություն, որը պետք է համահայկական միասնությամբ վիժեցնի Հայաստանի թուրքացման և Արցախի հայաթափման` արդեն իսկ գործի դրված ծրագիրը։
Դիմադրությո՛ւն, որը պետք է ուղղված լինի մեր թշամիներին և նրանց սպասարկող ուժերին, դիմադրությո՛ւն մեր պետությունը կազմաքանդող ուժերին, դիմադրությո՛ւն մեր հայրենիքը հերթական անգամ պարտության և նոր աղետի տանող օրակարգերին, դիմադրությո՛ւն, որն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրելու, զարգանալու և իր ինքնությունը պահելու կամք և վճռականություն ունի:
Օրվա իշխանությունները պետք է տեսնեն և հասկանան, որ կեղծ, անհեռանկար ու պատեհապաշտ լոզունգների տակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունեն:
Իսկ ինչպե՞ս պետք է հասնել դրան
Առանց հուսահատության, առանց ավելորդ զգացմունքների, աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, մենք պետք է երկրում իրավիճակ փոխենք։ Մենք պետք է ապացուցենք, որ հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում է Հայաստանում, որոշվում է հայ ժողովրդի զավակների կողմից։
Հարգելի՛ ներկաներ, ես գիտեմ, ես տեսել եմ, ձեզանից շատերը, մենք միասին, երկար ենք պայքարել կործանարար այս ընթացքը կասեցնելու համար։ Մեր ժողովրդի մեծ զանգվածներ փողոց են դուրս եկել, բազում զրկանքներ կրել, զոհողությունների գնացել, ի վերջո՝ ամեն ինչ արել, որպեսզի այս ամենը տեղի չունենա։ Բայց, սիրելի՛ ժողովուրդ, մեր հիմնական խնդիրը դեռ լուծված չէ։ Հայաստանն ու Արցախը շարունակում են վտանգված մնալ։ Հոգնելու, նահանջելու, հիասթափվելու, համակերպվելու կամ արտագաղթելու ոչ մի իրավունք չունենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը։ Հակառակ պարագայում` կկորցնենք ամեն ինչ։ Ամեն, ամեն ինչ։
Պայքարի դեպքում կա հնարավորություն մեր մեջքը շտկելու, իրավիճակը փոխելու։ Առանց պայքարի մենք դատապարտված ենք։
Դիմադրությունը մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է:
Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելությունից ու քաղաքական նախասիրություններից, մասնագիտությունից և աշխարհագրությունից։
Դիմադրությունը պետք է դառնա մեր հավատամքը, մեր ապրելակերպը, մեր առօրյան, մեր ամենօրյա գործունեության մասը։
Հակահայ ծրագրեր իրականացնողները, մեր ապագան մեզնից խլողները` լինեն հայ կամ օտարազգի, դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ՝ փողոցում, աշխատավայրում, արտերկրում։
Տե՛ս նաեւ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից. Իշխան Սաղաթելյան