կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 17:13
Տարածաշրջան

Առանց Թուրքիայի EastMed-ը չի գործարկվի. Էրդողան

Առանց Թուրքիայի EastMed-ը չի գործարկվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հասկացել է, որ Արևելյան Միջերկրական գազատարի նախագիծը (EastMed) չի աշխատի. նա ասել է, որ այն «ֆինանսապես անկայուն է»:

«Վաշինգտոնը հասկացել է, որ այս նախագիծը ոչինչ չի տա»,- ասել է թուրք առաջնորդը՝ նշելով Իսրայելից Եվրոպա ծովային խողովակաշարի գաղափարի «ֆինանսական անկայունությունը»:

Էրդողանն ընդգծել է, որ առանց Թուրքիայի մասնակցության անհնար է նման նախագծեր իրականացնել Արևելյան Միջերկրական ծովում։

«Եթե գազը հասցվի Եվրոպա, ապա միայն՝ թուրքական տարածքով: Թուրքիան պատրաստ է կրկին քննարկել այդ հարցը Իսրայելի հետ»,- լրագրողներին ասել է թուրք նախագահը Ալբանիա կատարած այցի ժամանակ։

Համաձայն մի շարք հույն քաղաքական գործիչների և լրատվամիջոցների հրապարակած ոչ պաշտոնական թղթի՝ ամերիկյան կողմը, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք աջակցում էր EastMed-ին, այժմ մտքափոխվել է և սառեցրել դրա շինարարությունը։ Հիմնավորումը բնապահպանական պատճառներն են, ֆինանսական սնանկությունը և այն, որ այս խողովակաշարը լարվածություն կստեղծի տարածաշրջանում, քանի որ Թուրքիան համաձայն չէ դրան։ Ծրագրի երեք մասնակիցներին` Հունաստանին, Կիպրոսին և Իսրայելին, ինչպես նաև Թուրքիային, ուղարկվել է ոչ պաշտոնական փաստաթուղթ: 

Արևելյան միջերկրածովյան գազատարը նախագծվում է իսրայելական «Լևիաթան» և կիպրական «Աֆրոդիտե» հանքավայրերից մայրցամաքային Եվրոպա գազ մատակարարելու համար: East Med-ը կարող է Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը կապել Եվրոպայի հարավի հետ։ Դրա ծրագրված երկարությունը 1,9 հազար կիլոմետր է, շինարարության մեջ ներդրումները գնահատվում են 6 միլիարդ եվրո։ Նախագծային հզորությունը կազմում է տարեկան 10 մլրդ խմ գազ, հետագայում հնարավոր է այն հասցնել տարեկան 20 մլրդ խմ-ի։

EastMed գազատարի կառուցման միջպետական համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հունվարի 2-ին Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի կողմից։ Նախագծին պատրաստվում էր միանալ Իտալիան։ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում էր նախագծին, քանի որ այն հանգեցնում էր ռուսական գազից ԵՄ-ի կախվածության նվազմանը և տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության կրճատմանը: