Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարգելի հայրենակիցներ,
Տիզբոնյան վարքագծով այս խորհրդարանում, ուր հատվել են բոլոր կարմիր գծերը, դժվար է խոսել հատկապես հոգևոր, մշակութային ոլորտից։ Բայց համոզված եմ, որ այս անպատիվ օրերն ու անձինք անցողիկ են, իսկ մշակույթը՝ հավերժական, և ուրեմնկբարձրաձայնեմ մտահոգություններս։
Բյուջեի ուղերձի երկրորդ իսկ նախադասությունը, թե «2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց քաղաքական ճգնաժամը և ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար», մեղմ ասած տրագիկ ժպիտ է առաջացնում և շատ բնական հարց՝ եթե քաղաքական մեծամասնությունն այսպիսի ինքնախաբեությամբ է զբաղված, կամ էլ՝ անկեղծ մոլորության մեջ է, ապա ունակ է արդյոք իրապես գնահատել մեր պետականության ուղղված մարտահրավերներն ու ադեկվատ լուծումներ առաջարկել։
Ի դեպ, «ապագային նայելու հայ ժողովրդի ձգտման» ամենախոսուն ու ցավալի ցուցիչը վերջին երեք ամիսների ընթացքում ՀՀ-ից հեռացած ավելի քան 100 000 քաղաքացիներն են։
Նույն ուղերձում մի քանի նախադասություն այնկողմ հանդիպում եմ այսպիսի, առաջին հայացքից հուսադրող մի հաստատման․ «2021-2026թթ. գործունեության ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ»:
Մի կարճ ընթացք նունիսկ մտածում ես, թե իշխանություններն ի վերջո գիտակցում են այն արժեքային դեգրադացիան, ինչի մեջ խարխափում է հասարակությունը, ի վերջո հասկացել են, թե ազգային ինքնության և պետականության համատեքստում ինչ անփոխարինելի դեր է վերապահված մշակույթին և մշակութային քաղաքականությանը։ Բայց լավատեսությունը սպառվում է՝ երբ հասնում ես բյուջեի առաջնահերթություններին, ֆինանսական պատկերին։
Բյուջեի երեք առաջնահերթությունների մեջ նաև Կրթության արդիականացումն է, ինչն ինքնին գնահատելի է, սակայն այն չի կարող արդյունավետ լինել առանց մշակութային բաղադրիչի, առանց երկու ոլորտների փոխշաղկապակցված և փոխլրացնող ծրագրերի և ռազմավարության։
Նախագծում տեղ գտած այն հաստատումը, թե Մշակույթի ոլորտի ծախսերը 2021թ․ համեմատ աճել են, իրականում մանիպուլյատիվ է, համեմատության մեջ՝ ոչ շահեկան։ Այսպես, ոլորտի համար 2022 թ. նախատեսվում է հատկացնել 16,546.9 մլն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված 15,403.9 մլն դրամի դիմաց: Ծախսերն աճել են 7.4 տոկոսով: Սակայն 2020թ. փաստացի կատարված մշակութային ծախսերի համեմատությամբ / եղել են՝ 20,128.935.9 դրամ, իսկ 2019-ին՝ 16.934.422դրամ: Փաստորեն այս համեմատության մեջ/ ոչ թե աճ ունենք, այլ 2020թ համեմատ մոտ 15%-ի նահանջ։
Առհասարակ ոլորտի 7 ծրագրերի /Կինեմատոգրաֆիա, Մշակութային ժառանգության, Գրահրատարակչություն և գրադարաներ, Ազգային արխիվ, Արվեստների ծրագիր, Մարզերի մշակութային զարգացում, Մշակութային և գեղագիտական դաստիարակություն/ համար նախատեսված հատկացումները ֆինանսական իմաստով մնացորդային են կամ պարզապես պահպանման, իսկ բովանդակային առումով դժվար է վերջնարդյունքային գնահատականներ տալ, մի կողքմից՝ ռազմավարական նպատակների սահմանման բացակայության, մյուս կողմից՝ արդյունքային ցուցանիշների ոչ բավարար մշակված լինելու կամ առհասարակ չլինելու պատճառով:
Կարևոր մի դիտարկում ես տպավորություն կա, թե ուղերձը բոլորովին այլ խումբ է գրել, անցյալից՝ copy և paste անելով, իսկ ֆինանսական հատկացումները կատարել է դրանց հետ անհաղորդ մեկ այլ խումբ։
Այսպես,
1.Կինեմատոգրաֆիայի ծրագրի գործողություններն ուղղված կլինեն «խաղարկային, մուլտիպլիկացիոն և վավերագրական ֆիլմերի արտադրության աջակցմանը», խոստանում է ուղերձը, այն դեպքում, երբ Կինեմատոգրաֆիային- նախատեսվում է հատկացնել 483.3 մլն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված 714.0 մլն դրամի դիմաց: Ծախսերը նվազել են՝ /230.7 մլն դրամով, կամ/ 32.3 %-ով, իսկ 2020թ համեմատ մոտ 52.3%-ով: Իսկ անիմացիայի արտադրություն առհասարակ նախատեսված չէ:
2. Ծախսային գերակայություններ և առաջնահերթություններ հիմնավորումով Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի ֆինանսավորումը 2020թ համեմատ նվազել է 11.4%-ով, իսկ 2021-ի համեմատ աճել է 1.2 %-ով։ «Նպաստել գրականության հրատարակմանը, տարածմանը և հանրահռչակմանը» դարձյալ ամպագոռգոռ մի հաստատում ուղերձից, այն դեպքում, երբ առհասարակ գրահրատարակչության ոլորտից դուրս են մնացել պետական պատվերի կամ պետական աջակցության ծրագրերը։ Իսկ նախատեսվող ընդամենը 10-ը անուն գրքերի վերահրատարակումը բնականաբար հեռու է ժամանակակից և առհասարակ հայ գրականության զարգացման, գրողների հրապարակայնացման, երիտասարդ հեղինակների ստեղծագործական հնարավորությունների զարգացման համար բավարար լինելուց։
3. Մշակութային վերափոխումների, երեխաների հոգևոր և գեղագիտական ընդունակությունների բացահայտման և զարգացման խոստում տվող իշխանությունը Մշակութային և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծախսերն անցյալ տարվա համեմատ նվազեցրել է 297.3 մլն դրամով, կամ 48.9 %-ով, իսկ 2020-ի համեմատ 52.3%-ով: Ավելորդ է ասել, թե սա գեղարվեստական և մշակութային դաստիարակության նկատմամբ ինչ քամահրական վերաբերմունք է։ Իսկ ի՞նչ պիտի լինի այս ծրագրի շրջանակում անցյալում արդեն շահառու դարձած երեխաների հետագա կրթությունը, մեծ հարց է։ Չէ որ կրթությունը միանգամյա գործողություն չէ։
4. Մշակութային ժառանգության ծրագրի համար 2022 թվականին նախատեսված գումարը 2020թ հատկացումից/3,657.198.900/ նվազ է մոտ 16.1%: Միջոցներ հատկացված չեն արտասահմանում /Սփյուռքում/ գտնվող հայկական մշակութային հուշարձանների վավերագրման նպատակով, ինչպես նաև նվազել են վերականգնվող հուշարձանների թիվը և գումարները՝ 300մլն-ից հասնելով 70մլն:
5.Արվեստների ծրագրի համար 2022 թ․ նախատեսված գումարը 2020թ համեմատ, նվազել է 14%-ով, միաժամանակ 15.7միլիոնի նվազում կա՝ պայմանավորված ծախսային գերակայություններով և առաջնահերթություններով։
Հետպատերազմյան իրականությունը, հաշմված երիտասարդների մեծ թիվը պիտի թելադրեր, որպեսզի պատերազմում հաշմված երիտասարդների մշակութային զբաղվածության, նոր հմտությունների ձեռքբերման նպատակով ծրագրեր նախատեսվեին, սակայն՝ այդպիսիք չկան։
Ոլորտի լրջագույն խնդիրներից մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության մշակութային կազմակերպությունների աշխատողների միջին աշխատավարձի խնդիրն է, որը հանրապետության պետական հատվածի միջին աշխատավարձից մոտ 50 000 դրամով ցածր է: Առավել ցածր է թանգարանային և գրադարանային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը, որը 68000-ից 120 000-ի միջակայքում է:
Ի դեպ, բյուջեում հաճախ հանդիպող ծախսերը նվազել են ծախսային գերակայություններով, առաջնահերթություններով պայմանավորված՝ հաճախ հանդիպող անհեթեթ նախադասության մասին։
Ո՞վ և ինչպե՞ս է որոշվում այս կամ այն ծրագրի նպատակահարմարությունը։ Չէ որ բուջեն սոսկ թվաբանություն չէ, այն երկրի ուր գնալու նպատակային ծրագիրն է, ազգային իղձերի ու մրցունակության հենքը։
Եվ քանի որ չկա մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ծրագիր և քաղաքականություն, ոլորտային առանձին քաղաքականություններ և հայեցակարգեր, ինչը օրենքի պահանջ է, քանի դեռ ԿԳՄՍ նախարարի համոզմամբ ռազմավարությունը ընդամենը փիլիսոփայական բառ է, դժվար է ակնկալել, որ առաջիկայում և պետական պաշտոնյաների ընկալումներում կկարողանանք սերմանել մշակույթի՝ որպես ռազմավարական պոտենցիալի գիտակցումը։
Ի դեպ, երբ առաջարկեցի գիտական հետազոտությունների ծրագրում հատուկ տողով՝ որպես ազային առաջնահերթություն առանձնացնել հայագիտական ուսումնասիրությունները և հայագիտությանը տրամադրել գիտական հետազոտությունների համար հատկացվող գումարի նվազագույնը 25%-ը, պարզվեց, որ դեռ պիտի ուսումնասիրեն, թե ինչ է նշանակում հայագիտություն։ Ինչպես ասում են՝ բառերն ավելորդ են․․․
Այսպիսի ըմբռնումների պարագայում ես իրավունք ունեմ պնդելու, որ մշակութային ծրագրերը հաստատվում են կամայականությամբ, այս կամ այն պաշտոնյայի քիմքով կամ ռեժիմին ծառայելու անվերապահ հավատարմությամբ։
Հայաստանի համար, այն էլ մեր խայտառակ պարտությունների և մշուշոտ ապագայի համատեքստում մշակույթն առանցքային նշանակություն պետք է ունենար, այն պիտի լիներ հասարակությանը բովանդակային բարեփոխումներ ապահվող մեր ինքնությունն ամրապնդող երկարաժամկետ առաջնահերթություն, նպաստեր երկրի բարոյական կլիմայի առողջացմանը, կարևորի մտավորականին, ստեղծարար աշխատանքը, ինտելեկտուալ էլիտա և ստեղծարար օրակարգեր ևհանրային համախոհություն ձևավորեր։
Նաև բյուջեի նախագիծը, ուր ԿԳՄՍ բյուջում մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը 7.3%, գալիս է հիմնավորելու, թե որքան լուսանցքայնացված է մշակույթը, և որքան անհեռատես ու քայքայիչ էր, գուցեև նպատակային մեկ տանիքի տակ մի շարք ոլորտների համատեղումն ու ազգային պետության թուլացումը։
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր