Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին՝ վերջին 3 ամիսների ընթացքում Աղթամար կղզի են այցելել շուրջ 15 հազար տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներ։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վանա լճի գեղեցկությամբ հիացող այցելուները լուսանկարվում են աննման տեսարանների առաջ։ Վերջին օրերին, պայմանավորված նովրուզյան տոնակատարություններով, աճել է նաև իրանցի զբոսաշրջիկների թիվը։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության ղեկավար Էրոլ Ուսլուն «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վերջերս Վանի զբոսաշրջության ոլորտում ակտիվություն է նկատվում։ Իրենց արձակուրդը Վանում անցկացնել ցանկացող իրանցի տուրիստները հետաքրքրություն են ցուցաբերում Վան քաղաքի պատմության և մշակութային ու բնական տեսարժան վայրերի նկատմամբ։
Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ իրենք աշխատանքներ են իրականացնում Աղթամար կղզի ավելի մեծ թվով այցելուներ գրավելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ երեկ միայն 1000 հոգի է կղզի այցելել, փաստ, որը հավաստում է Վանում զբոսաշրջության արագ զարգացման միտումի մասին։
Գործակալության թղթակիցը զրուցել է նաև իրանցի զբոսաշրջիկների զբոսավար Իրֆան Հաշիմիի հետ, ով իր հիացմունքն է արտահայտել Վանի հանդեպ։
Թեհրանից ժամանած զբոսաշրջիկներից Սեմինե Հորանֆիրազը ասել է․ «Առաջին անգամ եմ Վան եկել։ Պատմական վայրերը շատ գեղեցիկ են, իսկ մարդիկ՝ հյուրասեր։ Թե՛ զբոսնել ենք, թե՛ զվարճացել։ Հատկապես շատ գեղեցիկ են Վանա լիճն ու Աղթամար կղզին։ Առաջին իսկ հնարավոր առիթի դեպքում ամեն տարի կաշխատեմ Վան գալ»։
Իրանցի այցելուներից Ռաշինե Հայիրհարն էլ նշել է․ «5 օր է, ինչ Վանում ենք։ Ընտանյոք հանդերձ արձակուրդի ենք եկել։ Այստեղ հազարամյա պատմություն ունեցող վայրեր կան։ Հիացած ենք մնացել այստեղի պատմության և գեղեցկության առաջ»։
https://www.aa.com.tr/tr/gundem/akdamar-adasini-ilk-3-ayda-15-bin-turist-ziyaret-etti/2543340
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net