կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 16:43
Քաղաքական

Հաշվեքննիչ պալատի անդամի՝ ՔՊ-ի թեկնածուն խոցելի կենսագրություն ունի

Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Իշխող խմբակցության կողմից ներկայացվեց նրա կենսագրության մի մասը, ինչպես նաև Եղիշե Սողոմոնյանն ինքը չխոստովանեց ողջ ճշմարտությունը։
 
Հրապարակեմ նրա կենսագրության վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած մի շարք ուշագրավ փաստեր։
 
Նախ 2017 թվականին Եղիշե Սողոմոնյանը եղել է «Բակտեկ Էկո» ընկերության տնօրեն։ Եվ այդ ժամանակ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ «Բակտեկ Էկո»-ի՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորությունը կազմել է 765 հազար դրամ տույժ։
 
Կոմիտեի որոշման մեջ նշված է, որ հարուցվել է վարչական վարույթ՝ չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ։ Այդ մասին «Բակտեկ Էկո»-ի տնօրենը, նույն ինքը՝ Եղիշե Սողոմոնյանը, ծանուցվել է, սակայն վարույթին ծանոթանալու համար չի ներկայացել և որևէ բացատրություն չի տվել։
 
Այսպիսով՝ Պետեկամուտների կոմիտեն որոշել է «Բակտեկ Էկո»-ից գանձել 765 հազար դրամ պարտավորության գումար։
Երկրորդ փաստը։ Պետեկամուտների կոմիտեի մեկ այլ որոշմամբ 2017թ․ «Բակտեկ Էկո»-ն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային տեսչություն չի ներկայացրել 2017թ․ 1-ին եռամսյակի բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվարկը։ Այսպիսով՝ կոմիտեն որոշել է Եղիշե Սողոմոնյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակել տուգանք 20 հազար դրամի չափով։
 
Հաջորդ փաստը։ 2018թ․ այս անգամ արդեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով է նշանակվել վարչական տուգանք։ Պարզվել է, որ նույն «Բակտեկ Էկո»-ն ընդերքօգտագործման հետ կապված իր գործունեության վերաբերյալ 2017թ․ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը չի կատարել, և արձանագրվել է այն փաստը, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը խախտել է ՀՀ ընդերքի մասին օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ կառավարության 2018թ․ հունիսի 8-ի համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները։ Այդպիսով հաստատվել է, որ այդ վարչական գործով առաջացած իրավախախտման համար պատասխանատու է «Բակտեկ Էկո» ընկերության տնօրեն Եղիշե Սողոմոնյանը։ Վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
 
2012 թվականին էլ Արմենտել ՓԲԸ-ի կողմից դատարան հայց է ներկայացվել՝ պահանջելով գումար բռնագանձել Եղիշե Սողոմոնյանից։ Դատարանը պարզել է, որ 2010թ․ Արմենտելի և Եղիշե Սողոմոնյանի միջև կնքվել է պատվեր-դիմում, որով Եղիշե Սողոմոնյանին է տրամադրվել Samsung GT-S 5233 հեռախոսը։ Պատասխանողն օգտվել է մատուցված հեռախոսակապի ծառայությունից և տրամադրված սարքավորման դիմաց ունեցել է չկատարված պարտականություններ Արմենտելի հանդեպ, որը կազմել է 65 հազար 700 դրամ։ Այս գումարը առաջացել է մատուցված ծառայությունների և տրամադրված սարքավորման դիմաց սահմանված գումարը չվճարելու հետևանքով։ Դատարանը վճռել է Եղիշե Սողոմոնյանից հօգուտ Արմնետելի բռնագանձել 65 հազար 700 դրամ։ 2012 թ․ մարտի 27-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը։
 
2018թ․ ներկայացվել է ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2016-2017 զեկույցը, որով արձանագրվել է Եղիշե Սողոմոնյանի ղեկավարած «Բակտեկ Էկո» ընկերության ոչ թափանցիկ լինելը և խոցելի գործունեությամբ զբաղվելը։
Զեկույցում փաստվել է, որ «Բակտեկ Էկո»-ն չի նշել, թե 2016 և 2017 թվականներին տարեկան որքան ռեկուլտիվացիոն վճար է կատարել։ 2017 թվականին այդ ընկերությունը որպես պետական բյուջե ընդհանուր եկամտային հոսքեր նշել է 274 դրամ, փոխարենը ՊԵԿ-ի տվյալներով հոսքը եղել է 10 հազար 442 դրամ։
 
Այնուհետև, նշվում է, որ 2016թ․ «Բակտեկ Էկո»-ն չի հրապարակել պայմանագրով սահմանված ռեկուլտիվացիոն վճարների բազային չափը, նախնական հատկացման և տարեկան հատկացման չափերը։ Փոխարենը դրանք արձանագրել է բնապահպանության նախարարությունը։ Նույն պատկերն է նաև 2017 թվականի համար։
 
Ավելին, ընկերությունը պայմանագրով սահմանված սոցիալական պարտավորություններ է ստանձնել, մասնավորապես՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար 650 հազար դրամի ներդրում կատարել։ Սակայն 2016թ․ ընկերության կողմից հրապարակային հաշվետվությունում փաստացի ներդրման մասին տեղեկատվություն չկա, իսկ 2017 թվականի համար գրված է՝ զրո դրամ։
«Բակտեկ Էկո»-ն չի հրապարակել նաև, թե 2016-2017թթ․ համար որպես ընդերքօգտագործող ընկերություն ինչ բարեգործական հատկացումներ է կատարել համայնքին։
 
Իսկ 2017թվականին որպես աշխատակիցների թվաքանակ նշել է՝ երկուս, ինչը խիստ կասկածելի է։
 
Կրկնում եմ՝ այս տվյալները վերցված են Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության զեկույցից։
Իսկ գիտե՞ք, թե ով էր 2018թ․ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խմբի նախագահը։ Դեռ այն ժամանակ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, հետագայում փոխվարչապետ, այնուհետև՝ ԱԺ նախագահ, այժմ նորանշանակ արգործնախարար, և այսպես ասած՝ հեղափոխության կարկառուն ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը։
 
Իրոք զավեշտալի պատկեր է ստացվում, առավել ևս եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Եղիշե Սողոմոնյանին որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինքը՝ Եղիշե Սողոմոնյանն էլ 2018-2021թթ․ «Իմ քայլը» կուսակցությունների համապետական ընտրական ցուցակով եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։
 
Իրոք որ առավել անկողմնակալ, անխոցելի և օրինապաշտ թեկնածուի Քաղպայմանագիրը չէր էլ կարող գտնել։
 
Եվ սա ամենը չէ։ 2020 թվականին ԱԺ է ներկայացվել է «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ամբողջությամբ ընդունվել է 2021թ․ մարտի 3-ին։
 
Եթե նախկինում Հաշվեքննիչ պալատի անդամ կարող էր ընտրվել հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, կրկնում եմ՝ հանրայի՛ն ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը, ապա օրենսդրական այս փոփոխությունից հետո Հաշվեքննիչ պալատի անդամ կարող է ընտրվել ֆինանսակա՛ն ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ ունեցողը։
 
Եթե ավելի պարզեցնեմ, ապա նախկին օրենքի այդ դրույթի գործելու դեպքում Եղիշե Սողոմոնյանը պարզապես չէր կարող առաջադրվել որպես Հաշվեքննիչ պալատի անդամ, քանի որ հանրայի՛ն ֆինանսների կառավարման ոլորտում աշխատանքային համապատասխան ստաժ չունի, իսկ ահա օրենսդրական փոփոխությունից հետո կարո՛ղ է և առաջադրվել է, քանի որ ֆինանսակա՛ն ոլորտում պահանջվող ստաժն ունի։
Եվ գիտե՞ք, թե ով է օրենսդրական այս փոփոխության հեղինակներից մեկը։ Հենց ի՛նքը՝ Եղիշե Սողոմոնյանը։
Կարո՞ղ ենք հիմնավոր կասկած ունենալ, որ այն ժամանակվանից արդեն նա «Հաշվեքննիչ պալատի» մասին օրենքը կարում էր իր հագով։ Կարո՛ղ ենք։
 
Հիմքեր ունե՞նք ենթադրելու, որ որպես Հաշվեքննիչ պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը, ինչպես նախկինում, կգործի ոչ թափանցիկ և խոցելի։ Առնվազն այդպիսի հիմքեր ունենք։
 
Եվ ուրեմն, կարող ենք եզրահանգել, որ «Ապագա կա ապագա» ասելով ՔՊ-ականներն ի նկատի ունեն իրե՛նց բարեկեցիկ ապագան։
 
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր