կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 13:22
Քաղաքական

Ո՞վ իմանա՝ ադրբեջանցիներն ո՞ւմ են նախընտրելու ձերբակալել․ Գորիսի փոխքաղաքապետ

Ո՞վ իմանա՝ ադրբեջանցիներն ո՞ւմ  են նախընտրելու ձերբակալել․ Գորիսի փոխքաղաքապետ

Այս պահին ես չեմ ճանաչում մեկին, որը հոգեբանորեն պատրաստ կլինի անցնել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այն հատվածով, որտեղ ադրբեջանցի ոստիկանները զինված ստուգումներ են անում։ Անցնի, թշնամուն տա իր անձնագիրը ու այդքանից հետո էլ վճարումներ անի թշնամուն՝ իր երկրով անցնելու համար:  Եթե անվտանգության երաշխիք տվողներ չկան, ո՞վ իմանա՝ ադրբեջանցիներն ո՞ւմ  կնախընտրեն ձերբակալել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Ըստ նրա՝  Գորիսում շաբաթներ առաջ ծագած խնդիրները լուծում չեն ստացել, Գորիս-Կապան միջպետական ճանապարհը դեռեւս փակ է, այլընտրանքային ճանապարհները՝ դժվարանցանելի։

«Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհների դժվարանցանելիության խնդիրը դեռեւս շարունակում է մնալ մտահոգիչ: Եթե ձյուն տեղա, եղանակային պայմանները վատանան՝ բավականին  լուրջ խնդիրներ են առաջանալու Գորիսի այդ հատվածի գյուղերի համար: Այդ ճանապարհը տեխնիկական առումով  չի կարող փոխարինել թշնամուն հանձնված միջպետական ճանապարհին: Վարորդները բազմիցս ահազանգել են՝թեթեւ ձյան պարագայում սարսափելի վիճակ է լինում»,- ասում է Գորիսի փոխքաղաքապետը:

Այսօր Ադրբեջանի ծրագրած եւ այս իշխանությունների թուլության, ո՞վ գիտի՝ գուցե թշնամու հետ պայմանավորվածության արդյունքում ոչ միայն կորցրել ենք Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, այլեւ կասկածի տակ է դրվել Կապան համայնքի մեջ ներառված Շիկահող, Սրաշեն, Ճակատեն, Շիշկերտ, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի անվտանգությունը։ Այս գյուղերը փաստացի կտրվել են շրջկենտրոն Կապանից եւ այժմ Կապան հասնելու համար կա՛մ պետք է օգտվեն այլընտանքային եւ անանցանելի ճանապարհներից, կա՛մ Մեղրի-Քաջարան-Կապան ճանապարհից, որի երկարությունը շուրջ 150 կիլոմետր է։ Այս պահին Սյունիքում հարաբերականորեն հանգիստ է, բայց՝ վախեցնող։ Մտահոգություններ կան Փաշինյանի կողմից թշնամու հետ նոր փաստաթուղթ ստորագրելու առնչությամբ, որով վտանգի տակ է դրվելու ամբողջ Սյունիքը:

Անդրադառնալով այս հարցերին՝ Յոլյանը շեշտում է, որ Գորիսի բնակչությունն այդ կապակցությամբ լուրջ մտահոգություններ ունի, մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչ է լինելու, ի վերջո, Փաշինյանի բոլոր որոշումների անմիջական կրողը հենց սյունեցիներն են:

Երեւանում մեկնարկած ազատագրական շարժման նման Գորիսում էլ մտավորականությունը ոտքի է ելել։ Ստեղծել են անվտանգության հարցերով հանձնաժողով, փորձում են լուծումներ եւ տարբերակներ գտնել, հարկ եղած դեպքում՝ ժողովրդին մոբիլիզացնել: Հիշենք, թե ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում Գորիսը շատ արագ կարողացավ ինքնակազմակերպվել ե՛ւ թիկունքային աշխատանքների, ե՛ւ առաջնագծի հարցերում:

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համայնքը մի մարդու նման ոտքի է կանգնելու: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում, տեղացի մտավորականները քննարկումներ են կազմակերպում՝ ինչպես անել, որպեսզի արդյունավետ լուծումներ գտնեն: Եթե երկրի անվտանգության եւ բոլորիս փրկության հարցն է, պիտի միասնական լինենք, մեր երկրի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար պիտի պայքար տանք»,- նշում է Գորիսի փոխքաղաքապետը:

                                                                                                                    Լիանա Սարգսյան