կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 18:17
Հասարակություն

Գնա այն միջանցքի ուղղությամբ, որը խոսք է տրվել ՀՀ քաղաքացիների հաշվին. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին

Ինձ ժամանակը չի բավարարի ամբողջությամբ ներկայացնելու համար այն արհավիրքներն ու դժբախտությունները, որ Հայաստանի վարչապետի աթոռին նստած անձնավորությունը մեզ պատճառել է, ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Հեղաշրջում, բարոյալքված հասարակություն, հաղթանակած պետությունից պարտված ավերակներ, երկու հայկական պետության փոխարեն՝ թուրքին տված Արցախ, հազարավոր զոհեր, թշնամու կողմից խոշտանգվող Հայաստանի քաղաքացիներ, անվտանգության, տարածքային ամբողջականության ու պետական պահպանվող սահմանների մասին երազող Հայաստան, անորոշություն, անտերություն ու էլի շատ ու շատ բաներ։

Մի ժամանակ էդ վարչապետացուն հայտարարում էր, որ կամ ինքը կլինի Հայաստանում վարչապետ, կամ Հայաստանը երբեք այլ վարչապետ չի ունենա։ Էդ անձնավորությունը հիմա մեզ հասցրել է էն վիճակին, որ ՀՀ սահմաններին կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ, բացի՝ ՀՀ պետական դրոշից։

Այս դահլիճում էլի առաջնահերթությունների հստակություն տեղի ունեցավ, խնդիրը, փաստորեն, ոչ թե մեր գերիներին ժամ առաջ բոլոր միջոցներով վերադարձնելն է, այլ ուղղակի հետաքննելը՝ տեսնելու համար, թե ով և ինչ պայմաններում է գերի ընկել։

Եվ երբ մտածում եմ, հարցնեմ, թե ո՞նց ես էս ամեն ինչը անում, ինչու՞ ես անում, հասկանում եմ, որ էլի լսելու եմ հերթական հայեցողական պատասխանը։ Դրա համար երևի պահանջ՝ հանգիստ թողնելու Հայաստանի Հանրապետությունը և պահանջ՝ չկատարելու էն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել ՀՀ-ն», - հայտարարեց Աննա Մկրտչյանը։