կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 15:19
Մշակույթ

Արամականությունը դարձնելով հայ ժողովրդի սեփականությունը․ բացվեց Արամ Մանուկյանի բրոնզաձույլ կիսանդրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ մեծանուն քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշակոթող-կիսանդրու բացումը։ Նախաձեռնության եւ քանդակի հեղինակը կանադահայ քանդակագործ Հակոբ Ջամբազյանն է։ Քաղաքական գործչի բրոնզաձույլ արձանը տեղադրվեց կենտրոնի նախասրահում՝ խորհրդանշական հատվածում, ուր ամեն օր ելումուտ են անում հարյուրավոր երիտասարդներ։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, արժեւորելով Արամ Մանուկյանի կերպարն ու գործունեությունը, ասաց․ «Դժվար է թերագնահատել այն դերը, որ ունեցել է Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման գործում։ Եթե չլիներ Արամ Մանուկյանը, չլինեին նրա ժամանակակից նվիրյալ գործիչները՝ չէինք ունենա Առաջին հանրապետությունը, Խորհրդային Հայաստանը, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը։ Արամ Մանուկյանն իր ողջ կյանքի ընթացքում, անկախ նրանից, թե որտեղ է գործել եւ ինչ հանգամանքներում, մշտապես հանդես է եկել որպես լավ կազմակերպիչ՝ լինի Բաքվում, Կարսում, Վանում, թե՝ Երեւանում։ Նա իր որակական հատկանիշներով կարողացել է փայլուն արդյունքներ արձանագրել իր ողջ գործունեության ընթացքում»։

Համբարձումյանի խոսքով՝ Արամ Մանուկյանն ամենաքիչ գնահատված գործիչներից է՝ մինչեւ վերջին տարիները։ «Միայն վերջին տարիներին է, որ, տարբեր առիթներ օգտագործելով, կարողացել ենք Արամ Մանուկյան գործչի մասին բարձրաձայնել։ Վստահաբար, թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը Արամ Մանուկյանի պես գործիչների անհրաժեշտություն ենք ունենալու՝ որպես կազմակերպողի, իբրեւ առաքինի մարդու, իբրեւ միասնություն ապահովող, անմնացորդ նվիրվողի։ Հենց այս որակների շնորհիվ էր, որ Արամ Մանուկյանը բոլորի համար դարձել էր ընդունելի, հարազատ, հեղինակություն»,- ասաց նա, ապա, վերհիշելով Նիկոլ Աղբալյանի խոսքերը, շեշտեց՝ արդյո՞ք մենք մտածում, գործում եւ ապրում ենք ինչպես Արամ Մանուկյանը։

«Այս հարցը, կարծում եմ, յուրաքանչյուր հայ իրեն միշտ պիտի տա, եւ եթե յուրաքանչյուրը փորձի մի փոքր նմանվել Արամ Մանուկյանին՝ աշխարհը «շուռ տալու» հնարավորություն կունենանք, այնպես, ինչպես ժամանակին դա արեց Արամը, երբ որեւէ մեկը չէր հավատում, հուսալքություն էր, հույսը չէր երեւում, բայց Արամը եւ նրա նման գործիչները բերեցին այդ հույսը՝ մեր անկախությունը»,- ընդգծեց Համբարձումյանը։

Անդրադառնալով Արամ Մանուկյանի քանդակի ստեղծմանը՝ նա ասաց, որ երբ տեղեկացել են նախաձեռնության մասին՝  սիրով ընդառաջել են։

«Ուրախությամբ պիտի փաստեմ, որ մեր ընկերը բավականին հաճախակի է հանդես գալիս նմանօրինակ նախաձեռնություններով։ Ընդամենը մի քանի օր առաջ, իմանալով, որ նման նախաձեռնություն կա, սիրով ընդառաջեցինք։ Նկատի ունենալով, որ բացօթյա տարածքում տեղադրելու ընթացակարգերի հետ կապված դժվարություններ կան, որոշեցինք, որ ճիշտ կլինի կիսանդրին տեղակայել «Արամ Մանուկյան» կենտրոնում, միգուցե հետագայում այն կարողանանք ավելի պատշաճ տեղում տեղադրել»,- հավելեց նա։

Խոսքը փոխանցելով քանդակագործին՝ Համբարձումյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Հակոբ Ջամբազյանը կրկին հանդես կգա նոր անակնկալներով։  

«Ինձ համար պատիվ եւ բերկրանք էր քանդակել Արամ Մանուկյանի նման հերոս զավակներից մեկի հուշակոթող-կիսանդրին»,- ուրախությամբ ասաց  քանդակի հեղինակը՝ Հակոբ Ջամբազյանը։ Նա նշեց, որ Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ Սարդարապատ հուշահամալիրում եւս  տեղադրվել է իր հեղինակած՝ Արամ Մանուկյանի հուշակոթողը։  

«Այս կենտրոնում տեղադրված կիսանդրին բրոնզաձույլ արձան է, բայց այստեղ մտնող երիտասարդները, նրա թողած անմեռ հիշատակի, կտակի դիմաց, վառ պիտի պահեն նրա անմար ջահը, որ տարիներ շարունակ ՀՅԴ ներքո աշխատող բոլոր ղեկավարները, ընկերները ամենուրեք՝ Հայաստանից մինչեւ արտերկիր վառ պահեցին եւ պիտի պահեն, որպեսզի գալիք օրերը պայծառանան Արամ Մանուկյանի լուսահոգի, լուսադեմ եւ լուսապայծառ ծրագրերով եւ ավանդով»,- ասաց քանդակագործը՝ Արսեն Համբարձումյանին շնորհակալություն հայտնելով նման առիթ ընձեռելու համար։

Արվեստաբան Մովսես Հերգելյանը (Ծիրանի), մեկնաբանելով քանդակն ու Արամ Մանուկյանի կերպարը, ասաց․ «Արամ Մանուկյանը հերոսների հերոսն էր, որովհետեւ կարողացավ համախմբել ազգը եւ դարձնել մեծ բռունցք։ Լավ նայեք Արամի աչքերին․ Հակոբը կերտել է այն պահը, երբ Արամ Մանուկյանը մեզ պատգամում է միասնականություն եւ միաժամանակ պարտավորեցնում, որպեսզի լինենք հանձնառու իր պատգամներին։ Մենք հաշվետու ենք հենց նրան, որովհետեւ նա է մեր պետականության հիմնադիրը, առանց Արամ Մանուկյանի՝ մենք այսօր պետականություն չէինք ունենա»։

ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը, խոսելով քանդակագործի մասին, ասաց՝ Հակոբը իսկական արամական է, եւ եթե մենք հայ ենք, ապա պիտի ամեն մեկս լինենք մի քիչ արամական։

«Երբ ասում ենք Արամ՝ հասկանում ենք պետականություն, Հայաստանի վերածնունդ։ Մեր այսօրվա սերունդն այն սերունդն է, որն ապրեց մի իրականության մեջ, երբ հաղթած, ամուր պետականություն ունեցող երկիրը վատ կառավարմամբ քանդեցին։ Համեմատության մեջ՝ 100 տարի առաջ Ցեղասպանության ենթարկված, բզկտված, քայքայված, անհույս, անապագա թվացող երկիրը մեկ այլ ղեկավար կարողացավ վերականգնել ու դարձնել երկիր ու պետություն։ Այսինքն՝ լավ եւ վատ ղեկավարները կարող են երկիրը քանդել կամ հակառակը՝ կառուցել»,- ասաց նա՝ շեշտելով՝ այստեղ  է Արամ Մանուկյանի մեծությունը, այստեղ է, որ պետք է նրան գնահատենք։ «Արամականությունը դարձնելով հայ ժողովրդի սեփականությունը՝ մենք հայ ժողովրդին ազգային ենք դարձնում, որի մեջ է մեր փրկությունը»,- հավելեց Շահբազյանը։

«Անկախությունից հետո Արամի տունը դեռ պատշաճ վիճակում չէ, եւ երեւի թե հենց այդ անեծքն է մեր գլխին կախված մինչեւ այսօր»,- միջոցառումն այս խոսքով եզրափակեց գրող, հրապարակախոս, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Արամ Մանուկյանի տունը՝ Հայաստանը, կկառուցվի, կամրապնդվի, կշենանա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան